Jump to content

Դաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դաս (այլ կիրառումներ)
«Դժվար դաս», Ուիլյամ Բուգրո

Դաս, դպրոցում ուսումնական աշխատանքի կազմակերպման ձև, երբ պարապմունքները տարվում են սովորողների կայուն կազմի՝ դասարանի հետ, կայուն դասացուցակով՝ օգտագործելով սովորողների կոլեկտիվ ու անհատական աշխատանքը՝ կիրառելով ուսուցման տարբեր մեթոդներ։ Դասին մասնակցում են մեկ կամ ավելի ուսանողներ (որոշ հանգամանքներում աշակերտ կամ սովորող), որոնք ուսուցանվում են ուսուցչի կամ մարզչի կողմից։ Դասը նաև դասագրքի մի հատված է (որը բացի տպագիր էջից կարող է նաև ներառել մուլտիմեդիա) կամ ավելի հաճախ կարճ ժամանակահատված, որի ընթացքում սովորողներին ուսուցանում են առանձին առարկա կամ վերջիններս սովորում են ինչպես կատարել որոշակի գործողություններ։ Դասերը սովորաբար անց են կացվում լսարաններում, բայց այն կարող է փոխարինվել հասարակական միջավայրում տեղակայված ուսուցմամբ։ Կառուցվածքային տարրերի կարգով որոշվում է դասի հիմնական նպատակը և բովանդակությունը, ուսումնական պրոցեսի տրամաբանությունը։ Յուրաքանչյուր առարկայի դասն անցկացվում է ուսումնական ծրագրի համաձայն։ Ուսուցիչը դասը նախապատրաստում և վարում է դիդակտիկայի սկզբունքներով։ Ավելի լայն իմաստով՝ դասը սովորողի կողմից նախկինում անծանոթ առարկայի մասին պատկերացում կազմելուն ուղղված գործընթացն է։

Տարբեր մանկավարժներ տարբեր կերպ են տեսակավորել դասերը՝ ելնելով դասի ընթացքում կիրառվող մեթոդներից, դասի կազմակերպման ձևերից, կախված դասի բովանդակությունից և անցկացման եղանակից, ուսուցման նպատակից, ուսուցման գործընթացի հիմնական փուլերից և այլն։

Արդի մանկավարժությունը ընդհանրացնելով այդ տեսակավորումը՝ ներկայացնում է դասերի հետևյալ տիպերը՝

Նոր նյութի հաղորդման դասեր

Դասի գլխավոր նպատակը սովորողների կողմից նոր նյութի յուրացումն է, որին տրամադրվում է դասաժամի մեծ մասը։ Դասի ընթացքում կարող են գործածվել այնպիսի եղանակներ, ինչպիսիք են դասախոսությունները, բացատրությունները, առանձին հարցերի շուրջ զրույցները, քննարկումները, ինքնուրույն աշխատանքները և այլն։ Ուսուցիչը նախքան նյութի հաղորդումը պետք է ակտիվացնի սովորողների ուշադրությունը, մտավոր գործունեությունը, կազմակերպի ու համակարգի ստացվող գիտելիքները։

Դասի կառուցվածքը՝

  • կազմակերպչական հատված՝ նախապատրաստական աշխատանքներ նոր նյութի յուրացման նպատակով, մասնավորապես՝ արդեն ունեցած այն գիտելիքների վերհիշումը, որոնք կապված են հաղորդվող նյութի հետ
  • դասի նպատակի և խնդիրների սահմանում
  • նոր նյութը ուսումնասիրելու համար դրդապատճառների ստեղծում
  • նոր նյութի հաղորդում
  • նոր նյութի յուրացում և ամրապնդում
  • աշխատանքների ամփոփում
  • տնային աշխատանքների հանձնարարում

Կարողությունների ու հմտությունների ձևավորման և ամրապնդման դասեր

Տվյալ դասերի հիմնական ձևերն են՝ գործնական, ինքնուրույն, լաբորատոր աշխատանքները և դաս-սեմինարները։

Դասի հիմնական նպատակն է՝

  • անցած նյութի կրկնությունը և ամրապնդումը
  • ստացված գիտելիքների համակարգումը և ընդհանրացումը
  • ստացված գիտելիքները պրակտիկայում կիրառելը
  • գիտելիքների ու կարողությունների վերահսկումը

Դասի կառուցվածքը՝

  • կազմակերպչական հատված
  • դասի նպատակի և խնդիրների սահմանում
  • բարդության տարբեր աստիճան ունեցող, տարատեսակ առաջադրանքների հանձնարարում՝ նյութը ուսուցանելու նպատակով
  • աշխատանքների ամփոփում
  • թույլ տրված սխալների շտկում
  • տնային աշխատանքների հանձնարարում

Գիտելիքների համակարգման և ընդհանրացման դասեր

Դասի դիդակտիկական նպատակներն են՝

  • գլխավոր ուսումնական նյութի վերաբերյալ ունեցած տեսական գիտելիքների յուրացում և համակարգում
  • ծրագրային նյութի վերաբերյալ գիտելիքների, կարողությունների ու հմտությունների ստուգում և հաշվառում՝ քառորդի, կիսամյակի և ուսումնական տարվա կտրվածքով

Դասի կառուցվածքը՝

  • կազմակերպչական հատված
  • դասի նպատակների ու խնդիրների սահմանում
  • ուսումնական նյութի ուղղակի կրկնություն, որի համար գործածվում է հարցման բանավոր, ֆրոնտալ, հարցազրույցի, քննարկման և գրավոր ձևերը
  • տարված աշխատանքների արդյունքների ամփոփում

Այս դասի անցկացման մասին երեխաները գիտեն նախապես։ Կրկնության համար նրանց տրվում են հարցեր և այլ հանձնարարություններ։ Դասի հիմնական ձևը դաս-սեմինարներն են։

Գիտելիքների ու կարողությունների ստուգման և շտկման դասեր

Ուսուցման գլխավոր նպատակին հասնելը սերտորեն կապված է ստացած գիտելիքների, ունեցած կարողությունների ու հմտությունների օբյեկտիվ ստուգման և շտկման հետ։ Տրված դասերն ուղղված են յուրացրած տեսական գիտելիքների առանձնացմանը և գնահատմանը։ Ուստի դասի հիմնական նպատակն աշակերտների պատրաստվածության գնահատելն ու շտկումներ կատարելն է։ Դասերը սովորաբար կազմակերպվում են ստուգողական գրավոր աշխատանքների, շարադրությունների և փոխադրությունների տեսքով։

Դասի կառուցվածքը՝

  • կազմակերպչական հատված․ սովորողներին հոգեբանորեն տրամադրել տվյալ աշխատանքին՝ նպաստելով նրանց ուշադրության կենտրոնացմանը, հոգեբանական հանգստությանը, վստահությանը և պատրաստվածությանը
  • դասի նպատակի և խնդիրների սահմանում․ բացահայտում է դասի նպատակը, ստուգման կարևորությունը և բացատրում՝ ստուգման ընթացքում ինչի վրա է հատկապես ուշադրություն դարձվելու
  • հիմնական հատված․ իրականացվում է ստուգման աշխատանքները
  • եզրափակիչ հատված․ կատարված աշխատանքների արդյունքների ամփոփում
  • վերջին փուլում առանձնացվում, տեսակավորվում են աշխատանքները և դրանցում թույլ տրված սխալները, որոշվում են վերջիններիս պատճառները և կազմակերպվում աշխատանքներ դրանց շտկման ուղղությամբ

Համակցված դասեր

Համակցված դասերը թույլ են տալիս մեկ դասաժամի ընթացքում լուծել միաժամանակ մի քանի դիդակտիկական խնդիրներ, մասնավորապես՝ գիտելիքների ստուգում, նոր նյութի հաղորդում, ուսուցվող նյութի շուրջ որոշակի աշխատանքների կազմակերպում և այլն։

Դասի կառուցվածքը

  • կազմակերպչական հատված
  • ուսուցողական-կրկնողական աշխատանքներ անցած նյութի վերաբերյալ
  • նոր նյութի հաղորդում
  • նոր նյութի իմաստավորման և յուրացման շուրջ տարվող աշխատանքներ
  • ուսուցվող նյութի բովանդակության ամրապնդման շուրջ կազմակերպվող աշխատանքներ
  • ունեցած գիտելիքները կիրառելու և դրանք կարողությունների վերածելու նպատակով տարվող աշխատանքներ
  • տնային աշխատանքների հանձնարարումը

Դասի այս տեսակը իր ճկուն կառուցվածքի շնորհիվ ամենահաճախն է կիրառվում դպրոցներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 292