Մոդ Բրիտանացի
Մոդ Բրիտանացի անգլ.՝ Maud of the United Kingdom | |
---|---|
Նորվեգիայի կոնսորտ թագուհի | |
Իշխանություն | 1905 նոյեմբերի 25 - 1938 նոյեմբերի 20 |
Թագադրում | 1906 հունիսի 22 |
Մկրտություն | 1869 դեկտեմբերի 24 |
Ծնվել է՝ | 1869 նոյեմբերի 26 |
Ծննդավայր | Մալբորո հաուս, Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1][2] |
Մահացել է՝ | 1938 նոյեմբերի 20 բնական մահով |
Վախճանի վայր | Սանդրինգհեմյան պալատ, Սանդրինգհեմ, Կինգս Լին ընդ Վեսթ Նորֆոլկ, Նորֆոլկ, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Թաղվել է՝ | Օսլո |
Աքերսհուս | |
Երկիր | Միացյալ Թագավորություն և Նորվեգիա |
Նախորդ | Սոֆիա Նասսաուցի |
Հաջորդող | Սոնյա Հարալդսեն |
Ամուսին | Հակոն VII |
Թագավորական Տուն | Վինձորներ |
Տոհմ | House of Saxe-Coburg and Gotha?, Գլյուքսբուրգներ և Վինձորների դինաստիա |
թագավորական կոնսորտ | |
Հայր | Էդուարդ VII[3] |
Մայր | Ալեքսանդրա Դանիացի[3] |
Երեխաներ | Ուլաֆ V |
Հավատք | Անգլիկան եկեղեցի |
Պարգևներ | |
Ստորագրություն |
Մոդ Շառլոտա Մարիա Վիկտորիա (անգլ.՝ Maud Charlotte Mary Victoria, նոյեմբերի 26, 1869[6][7][8], Մալբորո հաուս, Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1][2] - նոյեմբերի 20, 1938[6][7][8], Սանդրինգհեմյան պալատ, Սանդրինգհեմ, Կինգս Լին ընդ Վեսթ Նորֆոլկ, Նորֆոլկ, Անգլիա, Միացյալ Թագավորություն, Էփլթոն հաուս), Մեծ Բրիտանիայի Վինձորի արքայատոհմի շառավիղ, թագավոր Էդուարդ VII-ի և արքայադուստր Ալեքսանդրա Դանիացու կրտսեր դուստրը, Նորվեգիայի թագավոր Հակոն VII-ի կինը, Ուլաֆ V-ի մայրը, Նիկոլայ II-ի զարմուհին, Նորվեգիայի թագուհի (1905-1938)։ Ուելսի արքայադուստր Մոդն ինքնիշխան Նորվեգիայի առաջին թագուհին էր, ով չէր հանդիսանում նաև Շվեդիայի և Դանիայի թագուհի (Նորվեգիան ինքնիշխան պետություն չի եղել 1380 թվականից մինչ այդ)։
Կենսագրություն
Մոդ Շառլոտա Մարիա Վիկտորիան ծնվել է 1869 թվականի նոյեմբերի 26-ին Անգլիայի թագավորական ընտանիքում, Մալբորո հաուս առանձնատանը (Լոնդոն, Փոլ-մոլ)։ Նրա ծնողներն էին Ուելսի արքայազն ու արքայադուստրը՝ Մեծ Բրիտանիայի ապագա թագավոր Էդուարդ VII-ը և թագուհի Ալեքսանդրան։ Նա ընտանիքի հինգերորդ երեխան էր և երրորդ դուստրը Ալբերտից, Ջորջից, Ֆայֆի դքսուհի Լուիզայից և Վիկտորիայից հետո։ Մոդից հետո ծնված նրա կրտսեր եղբայր Ալեքսանդր Ջոնը մահացել է ծնվելու հաջորդ օրը՝ 1871 թվականի ապրիլի 7-ին։ Մոդը հոր կողմից Վիկտորիա թագուհու և կոնսորտ արքայազն Ալբերտի թոռնուհին է, մոր կողմից՝ Դանիայի թագավոր Քրիստիան IX-ի և արքայադուստր Լուիզա Հեսսեն Կասելացու թոռնուհին։ Նրա մայրը ազգակից էր Եվրոպայի բազմաթիվ թագավորական ընտանիքներին. Ալեքսանդրայի քույրը՝ Մարիան, դարձել է Ռուսաստանի կայսրուհի, եղբայր Գեորգը՝ Հունաստանի արքա, մյուս եղբայրը՝ Ֆրեդերիկը, ժառանգել է դանիական գահը։ Ծննդյան օրից, որպես բրիտանական միապետի թոռնուհի, կրել է Նորին Թագավորական Մեծություն Ուելսի արքայադուստր Մոդ տիտղոսը[10][11][12]։
Կնունք
Մոդը կնքվել է Մալբորո հաուսում 1869 թվականի դեկտեմբերի 24-ին Լոնդոնի եպիսկոպոս Ջոն Ջեքսոնի կողմից։ Արքայադուստեր կնքահայրերն ու կնքամայրերն էին.
- Շվեդիայի և Նորվեգիայի թագավոր Կարլ XV (վստահված անձ՝ շվեդ դիվանագետ բարոն Հոխշիլդ)
- հորեղբայրը՝ արքայազն Լեոպոլդը (վստահված անձ՝ Քեմբրիջի դուքսը)
- լանդգրաֆ Հեսսեն Կասելացին (վստահված անձ՝ Տեքսասի դուքսը)
- արքայազն Գրեյչենի կոմսը, Նասսաուի դքսուհի Մարիա Ադելհեյդը (վստահված անձ՝ Մարիա Քեմբրիջցին)
- արքայադուստր Մարիա Լեյնինգենցին (վստահված անձ՝ արքայադուստր Կլոդինա Թեքսացին)
- մորաքույրը՝ ցեսարևնա Մարիա Ֆեոդորովնան (վստահված անձ՝ մադամ Բյուլովը՝ Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպան Ֆիլիպ Բրունովի կինը)
- Դանիայի կրոնպրինցեսա Լովիսա Շվեդացին (վստահված անձ՝ մադամ դե Բյուլովը՝ դանիական նախարարի կինը)
- մեծ մորաքույրը՝ Ինվերնեսի 1-ին դքսուհի Սեսիլիա Անդերվուդը[14]։
Կրթություն և նախասիրություններ
Արքայադուստր Մոդը կրթություն է ստացել տանը, քույրերի հետ։ Աղջիկն ուներ երաժշտական լսողություն, նա հեշտությամբ յուրացնում էր օտար լեզուները։ Արքայադստեր նախասիրություններից էին շախմատը և ընթերցանությունը։ Արքայադուստրը մեծացել է Մալբորո հաուս առանձնատանը և Նորֆոլքի Սանդրինգհեմյան պալատում դաստիարակների հսկողության տակ։ Ամառն անցկացնում էր Դանիայում, մոր հայրենիքում, որտեղ տարվա այդ եղանակին Եվրոպայի բոլոր հարազատներն էին հավաքվում։ Մոդը համարվում էր Ուելսի արքայազնի սիրելի երեխան և երջանիկ մանկություն է ունեցել ի տարբերություն քույրերի և եղբայրների, որոնք իրենց դաստիարակությունը համարել են «ծանր» և «ճնշող»[15]։ Մանկուց աղջկա նախասիրություններից էին առագաստային սպորտը, ձիավարությունը, հեծանիվ քշելը և ձկնորսությունը։
Թագավորական ընտանիքում արքայադստերը կոչում էին Հարի։ Այս մականունը նա ստացել էր ի պատիվ Ղրիմյան պատերազմի մասնակից և հոր մտերիմ ընկեր, Բրիտանիայի թագավորական նավատորմի ծովակալ Հենրի Կեպպելի, որը հայտնի էր որպես խիզախ մարդ։
Դանիա ամենամյա ամառային ուղևորությունների ժամանակ Մոդը մոր՝ Ուելսի արքայադստեր գրեթե մշտական ուղեկիցներից է եղել։ Նա մոր ու քույրերի հետ մասնակցել է նաև Միջերկրածովյան և Նորվեգիա ճամփորդությանը[16][17][10]։ Արքայական ընտանիքը ամբողջ Եվրոպայից, այդ թվուն՝ Ռուսաստանիից, հավաքվում էր տարվա այդ եղանակին։ Այդտեղ էր ապրում նաև նրա զարմիկ և ապագա ամուսին Հակոն VII-ը։
Արքայադստեր 18-ամյակին՝ 1887 թվականին թագուհի Վիկտորիան թոռնուհուն նվիրել է ադամանդե վզնոց՝ Տիարա, որը ժառանգաբար փոխանցվել է և այժմ պտկանում է Նորվեգիայի Սոնյա թագուհուն[18][19]։
Մոդը իր քույրերի հետ միասին հարսնաքույր է եղել 1885 թվականին իր հորաքրոջ՝ արքայադուստր Բեատրիսի և Հենրիխ Բատենբերգցու հարսանիքին[20], ինչպես նաև 1893 թվականին իր եղբոր՝ Գեորգի, Յորքի դքսի և Վիկտորիա Մարիա Թեքսացու, Մեծ Բրիտանիայի ապագա թագավորի և թագուհու հարսանիքին[21]։
Ամուսնություն
Ուելսի արքայադուստր Ալեքսանդրան իր դուստրերի ամուսնանալու ցանկությանը ընդդիմացել է։ Նա ցանկանում էր, որ նրանք միշտ իր կողքին լինեն։ Այդ պատճառով Մոդի ավագ քույրը՝ Վիկտորիան, չի ամուսնացել։ Այնուամենայնիվ, 1888 թվականին Մոդը նշանվել է Պրուսիայի արքայազն Ֆրիդրիխ Լեոպոլդի հետ։ Այդ միությանը դեմ էր Ուելսի արքայադուստրը, որը հայտնի էր իր հակագերմանական հայացքներով։ Մոդը սիրահարված էր իր մանկության ընկերոջը՝ իր հարսի՝ Մարիա Թեքսացու կրտսեր եղբորը՝ արքայազն Ֆրանցիսկ Թեքսացուն։ Սակայն արքայազնը չի պատասխանել Մոդի գրած նամակներին[17][10]։
1895 թվականին արքայադուստր Մոդն ընդունել է իր զարմիկի՝ արքայազն Քրիստիան Ֆրեդերիկ Կարլ Գեորգ Վալդեմար Աքսել Դանիացու ամուսնության առաջարկը[16]։ Նա Դանիայի թագաժառանգ Ֆրեդերիկի (1906 թվականից Դանիայի թագավորը) և Լովիսա Շվեդացու երկրորդ որդին էր։ Նրանց հարսանիքը կայացել է 1896 թվականի հուլիսի 22-ին Բուքինգհեմյան պալատի մասնավոր մատուռում, թագուհի Վիկտորիայի ներկայությամբ։ Արքայադուստր Մոդը հորից որպես նստավայր նվեր է ստացել Սանդրինգհեմյան պալատի մոտ գտնվող Էփլթոն հաուսը։ Ամուսնությունից հետո Մոդը ստացել է Նորին Թագավորական Մեծություն արքայադուստր Մոդ Դանիացի տիտղոսը[10]։
Ամուսնությունից հետո արքայադուստր Մոդ Դանիացին հրաժարվել է լքել իր սիրելի Մեծ Բրիտանիան։ Նա հեղինակություն չի վայելել Դանիայում, քանի որ այնտեղ երբևէ երկար չի ապրել։ Դանիայի արքայազնն ու արքայադուստրը բնակություն են հաստատել Էփլթոն հաուսում։ Ամուսնության առաջին տարիներին Մոդը դժգոհում էր մշտական մրսածությունից, ռևմատիկ ցավերից, քթի և ականջների հիվանդությունից, նևրալգիայից։ Ամուսինների միակ երեխան արքայազն Ալեքսանդեր Էդուարդ Քրիստիան Ֆրեդերիկն է եղել, որը ծնվել է 1903 թվականին Էփլթոն հաուսում[10]։ Այն ժամանակ խիստ մոդայիկ էին սեղմիրանները, իսկ Մոդը դրանց սիրահարներից էր․ նա աչքի էր ընկնում իր նեղ իրանով, որի հետևանքով էլ հղիությունը շատ բարդ է ընթացել, իսկ ծնդաբերությունը՝ ծանր․ տևել է 44 ժամ։
Նորվեգիայի թագուհի
1905 թվականի նոյեմբերի 18-ին՝ այն բանից հետո, երբ Նորվեգիան Շվեդիայի հետ ունիան խզեց, պառլամենտն արքայազն Կարլին ընտրում է Նորվեգիայի թագավոր։ Այդ ընտրության հարցում կարևոր դեր է ունեցել Մոդի՝ Բրիտանական թագավորական ընտանիքին պատկանելությունը։ Կարլն ընդունել է Նորվեգիայի գահը՝ ստանալով Հակոն VII թագադրման անունը, իսկ նրա որդին՝ Նորվեգիայի կրոն արքայազն Ուլաֆ անունը։
Արքայազն Կարլը Դանիական նավատորմի սպա էր և մինչը 1905 թվականը ընտանիքի հետ միասին բնակվում էր Դանիայում։ Թագավոր ընտրվելուց հետո ընտանիքը տեղափոխվել է Նորվեգիա։ 1906 թվականի հունիսի 22-ին Թրոնհեյմում, Նիդարոսի Մայր Տաճարում տեղի է ունեցել թագադրումը։ Դա դարձել է սկանդինավյան միապետի վերջին թագադրումը։ Հետագա բոլոր թագավորներն անցել են Ինվեստիտուրայի ընթացակարգով։
Իր պարզության և հումորի զգացումի շնորհիվ Մոդը շատ արագ ժողովրդականություն է ձեռք բերել Նորվեգիայում, նրա հիվանդություններն անցել են։ Հասարակության մեջ նա կարևոր դերակատարում է ունեցել, սակայն հաճախ էր այցելում հայրենի Բրիտանիա։ Մոդը ցուցամոլ չլինելով հանդերձ՝ խնամքով է վերաբերվել թագուհու իր դերին՝ օգտագործելով թագուհուն վայել զարդեր և հագուստ։ Թագուհին մի անգամ ասել է. «Այնպիսի երջանկություն է, որ ես այս երկրի թագուհին եմ, որտեղ ամեն ոք պարզություն է սիրում»[10][22]։
Նորվեգիայում եղած սկզբնական շրջանի բազմաթիվ լուսանկարներ են պահպանվել, որտեղ ամուսինները նորվեգական ժողովրդական տարազներով են։ Նրանք սիրում էին ձմեռային մարզաձևեր, օրինակ, դահուկներով սահել։ Թագուհին ակտիվորեն մասնակցում էր բարեգործական միջոցառումներին, հատկապես երեխաների ու կենդանիների հետ կապված, քաջալերում էր դերասաններին ու արվեստագետներին[23]։
Պատերազմական տարիներ
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Մոդը կազմակերպում է Թագուհու կոմիտե, որի շրջանակներում սնունդ, հագուստ և դեղորայք է հավաքում նրանց համար, ովքեր առավել տուժել էին պատերազմի տարիներին։ Պատերազմի ընթացքում Մոդը դադարեցրել էր Բրիտանիա այցելությունները և միայնակության զգացողություն ուներ։ Այդ ընթացքում նա կրճատել էր իր ծախսերը՝ հասցնելով նվազագույնի։ Հայրենիք այցելությունները նա վերսկսել է ռազմական գործողությունների ավարտից հետո միայն։
Թագուհին աջակցություն է ցուցաբերել նորվեգական ֆեմինիստ Կատտի Անկեր Մյոլլերին։ Զբաղվել է երեխաների համար նախատեսված կահույքի կատարելագործմամբ։ Ստեղծել է Օսլոյի անգլիական այգին։ 1921 թվականին նա վաճառել է իր մի քանի լուսանկարները՝ ստացված գումարը տրամադրելով բարեգործությանը[10]։
Որդու ամուսնություն
1929 թվականի մարտի 21-ին թագաժառանգ արքայազն Ուլաֆն ամուսնանում է շվեդական արքայադուստր Մարթա Սոֆիա Լովիս Դագմար Թյուրի (1901-1954) հետ, որը Կառլ Վեսթերգյոտլանդացու և արքայադուստր Ինգեբորգա Դանիացու դուստրն էր և Բելգիայի Ասթրիդ թագուհու քույրը։ Այդ ամուսնությունից ծնվել են երեք երեխա.արքայադուստր Ռագնհիլդը (1930-2012), արքայադուստր Ասթրիդը (ծնված 1932) ապագա թագավոր Հարալդ V-ը (ծնված 1937)։ Մարտան թագուհի չի դարձել․ 1954 թվականին, դեռևս թագավոր Հակոն VII-ի իշխանության ժամանակ մահացել է քաղցկեղից[24]։ Մոդից հետո Նորվեգիայի կոնսորտ թագուհի տիտղոսը կրել է ներկայիս թագուհի Սոնյան (թագուհի 1991 թվականից)[25]։
Կյանքի վերջին տարիներ
Կյանքի վերջին տարիները ծանր են եղել Մոդի համար։ 1931 թվականին մահացել է Մոդի ավագ քույրը՝ թագավորական արքայադուստր Լուիզան։ 1935 թվականին կյանքից հեռացել է երկրորդ քույրը՝ Վիկտորիան, իսկ մեկ ամիս անց Մոդը կորցրել է իր եղբորը՝ թագավոր Գեորգ V-ին։ Այդպիսով, Էդուարդ VII թագավորի ու Ալեքսանդրա թագուհու երեխաներից միայն նա էր ողջ մնացել։ Թագուհին խորը դեպրեսիայի մեջ էր։ Նա ամեն օր նամակներ էր գրում իր հարսին՝ Մարիա Թեքսացուն, որի հետ մտերիմ է եղել ողջ կյանքի ընթացքում։ Նորվեգիայում նրան աջակցում էին ամուսինը, որդին և թոռները, սակայն թագուհու առողջությունն աստիճանաբար վատանում էր։ Կյանքի մայրամուտին նա գրեթե խլացել էր, ինչպես իր մայրը՝ թագուհի Ալեքսանդրան։ Մոդը տառապում էր նևրալգիայով և բրոնխիտով։ Մոդը հանրությանը վերջին անգամ ներկայացել է Ուեստմինստերյան աբբայությունում 1937 թվականի մայիսի 24-ին, իր զարմիկի՝ Ջորջ VI թագավորի և Եղիսաբեթ թագուհու թագադրման ժամանակ[26]։
Մահ
1938 թվականի հոկտեմբերին նա վերադառնում է Անգլիա։ Սկզբում նա կանգ է առնում Սանդրինգհեմյան պալատում, բայց հետո տեղափոխվում է Լոնդոն։ Թագուհին հիվանդանում է, նրա որովայնի խոռոչը վիրահատում են։ Նոյեմբերի 16-ին Նորվեգիայից ժամանում է Հակոն թագավորը։ 1938 թվականի նոյեմբերի 20-ին՝ իր 69-րդ տարեդարձից վեց օր առաջ և մոր մահվան 13-րդ տարելիցի օրը, Էփլթոն հաուսում սրտի անբավարարությունից մահանում է Մոդ թագուհին[27][28]։ Թագուհին չհասցրեց լինել Նորվեգիայի անկախության երկրորդ անկման ականատեսը, որը տեղի ունեցավ Երկրորդ համաշխարհային պատերազմում Երրորդ Ռայխի օկուպացիայի արդյունքում։ Նորվեգայի թերթերին արգելված էր կիրակի օրերին լուրեր հրապարակել, սակայն այդ օրը թույլատրվել է, որ թերթերը Նորվեգիայի ժողովրդին հայտնեն իրենց թագուհու մահվան բոթը։ Թագուհու մարմինը փոխադրվել է Նորվեգիա բրիտանական գծանավով (HMS Royal Oak) և հրաժեշտի համար տեղադրվել է Օսլոյի մի փոքրիկ եկեղեցում[29]։ Մոդին հուղարկավորել են Աքերսհուս ամրոցում, դեկտեմբերի 8-ին։ Օկուպացումի ավարտից հետո Հակոն VII թագավորը վերադարձել է Նորվեգիայի գահին և կյանքից հեռացել է Մոդի մահից 19 տարի հետո, 1957 թվականին։ Նա թաղված է կնոջ կողքին[10]։ Նրանց որդին՝ Ուլաֆ V-ը թագավորել է 1957 թվականից մինչև 1991 թվականը։
Հիշատակ
Ի պատիվ Մոդ թագուհու անվանվել է.
- Անտարկտիդայի մի ընդարձակ հատված, որը կոչվում է Մոդ թագուհու երկիր[30],
- Անտարկտիդայում լեռնաշղթա Քուին Մոդ[31],
- Հոնկոնգում թագուհու անունով է կոչվում միջնակարգ դպրոցներից մեկը
- Քուին Մոդ ծոցը Նունավուտում (Կանադա)[32]
- Մոդ նավը, որը նախագծվել է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում աշխատելու համար Ամունդսենի կատարած ցուցումներին համապատասխան և առաջին անգամ ծով է դուրս եկել 1916 թվականին՝ Հյուսիսային ծովային երթուղին հատելու և ուսումնասիրելու համար[33],
- Նորվեգական քաղցր պուդինգի մի տեսակ կա, որը կոչվում է Մոդ թագուհի (անգլ.՝ Queen Maud fromage)[34],
- Մոդի թոռան աղջիկը՝ Նորվեգիայի արքայադուստր Մարթա Լուիզան, 2003 թվականին ծնված իր ավագ դստերը կոչել է ի պատիվ Մոդի[35]։
- «HNoMS Maud» Մոդի անունով է կոչվում Նորվեգիայի ռազմածովային ուժերի համալրման նավը։
Նորաձևության առաջատար
Մոդը նորաձև հագնվողի համբավ է ձեռք բերել։ 2005 թվականին Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում (V&A) տեղի է ունեցել նրա նրբաճաշակ զգեստապահարանի ցուցահանդեսը[36]։ Մոդի զգեստների բազմաթիվ տարրեր պագրվել են Ոճ և պերճանք (անգլ.՝ Style and Splendour) կատալոգում Նորվեգիայի թագուհի Մոդի զգեստապահարան 1896-1938 խորագրով։
Պարգևներ
Նորվեգիայի պարգևներ
- Սուրբ Օլավի Մեծ խաչ թագավորական շքանշան
- Նորվեգիայի թագադրման 1906 թվականի մեդալ
- Հակոն VII թագավորական շքանշան
Միացյալ Թագավորությունյի պարգևներ
1887 թվականի օգոստոսի 6-ին Վիկտորիա թագուհին շքանշաններ է հանձնել Մոդին, Վիկտորիային և Լուիզային.
- Հնդկաստանի Կայսերական շքանշան[4]
- Երուսաղեմի Սուբ Հովհաննես Հիվանդախնամների միաբանության Մեծ Խաչի տիկին (անգլ.՝ Dame Grand Cross) շքանշան
- Վիկտորիայի և Ալբերտի թագավորական շքանշան (առաջին կարգ)[5]
- Վիկտորիայի թագավորական շքանշան
- Էդուարդ VII-ի թագավորական շքանշան
- Գեորգ V-ի թագավորական շքանշան։
Պատկերասրահ
-
Մոդ թագուհի և Հակոն VII. թագադրում
-
Նորվեգիայի թագավորական ընտանիքը, 1910, Օսլոյի թանգարան
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 http://www.oxforddnb.com/templates/article.jsp?articleid=34943&back=&version=2004-09
- ↑ 2,0 2,1 2,2 http://nla.gov.au/nla.news-article3630918
- ↑ 3,0 3,1 Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ 4,0 4,1 THE I MPERIAL ORDER OF THE CROWN OF INDIA (անգլ.)
- ↑ 5,0 5,1 [Royalhttps://commons.wikimedia.org/wiki/Royal_Order_of_Victoria_and_Albert Order of Victoria and Albert]
- ↑ 6,0 6,1 6,2 Lundy D. R. The Peerage
- ↑ 7,0 7,1 7,2 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ 8,0 8,1 8,2 A Historical Dictionary of British Women — 2 — Routledge, 2003. — P. 313. — ISBN 978-1-85743-228-2
- ↑ The three daughters of King Edward VII and Queen Alexandra
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 Zeepvat, Charlotte. Профиль Мод Великобританской на Oxford Dictionary National Biography. 2004
- ↑ Eilers, A. Marlene Queen Victoria's Descendants. — Baltimore, Maryland: Genealogical Publishing Co, 1987, էջ 176, էջեր 191 ISBN 9163059649
- ↑ Weir, Alison. [Britain's Royal Families, The Complete Genealogy.] London : Random House, 2008, էջ 320, էջեր 400, ISBN 9780099539735.
- ↑ Thomas Hosmer Shepherd. (British, 1793–1864)
- ↑ «Christenings of the Royal Family». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 5-ին. Թագավորական ընտանիքի կնունքներ (անգլ.)
- ↑ Stephen Clarke. Dirty Bertie: An English King Made in France (2014) A biography of Edward VII.Самый французский английский король. Жизнь и приключения Эдуарда VII. Արխիվացված 2021-10-25 Wayback Machine Москва : РИПОЛ классик, 2015. — P. 80—81, 85—86, 88, 94, 97. — 352 p. — ISBN 978-5-386-08482-0. Իրինա Լիտվինովայի թարգմանություն անգլերենից (ռուս.)
- ↑ 16,0 16,1 Hibbert, 2007, էջ 182
- ↑ 17,0 17,1 King, 2007, էջ 144
- ↑ «Tiara Thursday: The Vifte Tiara». orderofsplendor.blogspot.com.
- ↑ «THE DAILY DIADEM: QUEEN VICTORIA'S EMERALD AND DIAMOND TIARA». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «Prince and Princess Henry of Battenberg with their bridesmaids and others on their wedding day». National Portrain Gallery.
- ↑ «The Duke and Duchess of York and Bridesmaids». National Portrain Gallery.
- ↑ Aronson, 1973, էջ 305
- ↑ «Maud Charlotte Mary Victoria» (նորվեգերեն). NORSK BIOGRAFISK LEKSIKON — Биография королевы Мод на NORSK BIOGRAFISK LEKSIKON.
- ↑ «Crown Princess Märtha (1901-1954)». The Royal House of Norway. Վերցված է 04.09.2015-ին.
- ↑ «Her Majesty The Queen». The Royal House of Norway. Վերցված է 04.09.2015-ին.
- ↑ «The Queen Mother in pictures». The Telegraph. Արքայական ընտանիքի նկարը Գեորգ VI և Եղիսաբեթի թագադրման օրը, 1937 թվականի մայիսի 24
- ↑ «Queen Maud Undergoes Operation». The Courier-Mail. Brisbane: National Library of Australia. 1938 թ․ նոյեմբերի 17. էջ 7. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ «Death of Queen». The Courier-Mail. Brisbane: National Library of Australia. 1938 թ․ նոյեմբերի 21. էջ 1. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ Sandelson, Michael (2011 թ․ հոկտեմբերի 28). «Norway's Queen Maud in euthanasia speculations». The Foreigner. Վերցված է 2013 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «Queen Maud Land». Энциклопедия Британника. Վերցված է 04.09.2015-ին.
- ↑ «Dronning Mauds Fjell». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 04.09.2015-ին.
- ↑ «Queen Maud Gulf (Ahiak) Migratory Bird Sanctuary». Environment Canada. Վերցված է 04.09.2015-ին.
- ↑ «The Ship Maud». The Fram Museum. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 04.09.2015-ին.
- ↑ «Dronning Maud fromasj (Haugesunddessert)». Վերցված է 04.09.2015-ին.
- ↑ «Maud Angelica Behn». rootsweb. Վերցված է 04.09.2015-ին.
- ↑ V&A Պաշտոնական կայք
Գրականություն
- Aronson, Theo. Aronson, Theo Grandmama of Europe: The Crowned Descendants of Queen Victoria. — London: Thistle Publishing, 1973. — P. 305. — 680 p.
- Eilers, A.Marlene. Eilers, A.Marlene Queen Victoria's Descendants. — Baltimore, Maryland: Genealogical Publishing Co, 1987. — P. 176. — 191 p. — ISBN 9163059649
- Hibbert, Christopher. Hibbert, Christopher Edward VII: The Last Victorian King. — London: UL: Palgrave Macmillan, 2007. — P. 182. — 368 p. — ISBN 1403983771
- King, Greg. King, Greg Twilight of Splendor: The Court of Queen Victora During her Diamond Jubilee. — NJ, USA: ohn Wiley & Sons, Inc, 2007. — P. 144. — 352 p. — ISBN 047004439X
- Weir, Alison. Weir, Alison Britain's Royal Families, The Complete Genealogy. — London: Random House, 2008. — P. 320. — 400 p. — ISBN 9780099539735
- «Maud Charlotte Mary Victoria Saxe-Coburg and Gotha, Princess of the United Kingdo».
Արտաքին հղումներ
- Website of the Royal House of Norway: Queen Maud
- «Style & Splendor – Who was Queen Maud of Norway?». Victoria and Albert Museum. Վերցված է 2007 թ․ հունիսի 4-ին.
- Princess Maud of Wales / Queen Maud of Norway
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոդ Բրիտանացի» հոդվածին։ |
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
- Լոնդոն քաղաքում ծնվածներ
- Անգլիայում մահացածներ
- Վինձորներ
- Անձինք այբբենական կարգով
- Նոյեմբերի 26 ծնունդներ
- 1869 ծնունդներ
- Նոյեմբերի 20 մահեր
- 1938 մահեր
- 20-րդ դարը Միացյալ Թագավորությունում
- Թագավորների դուստրեր
- Հնդկական թագի շքանշանի ասպետ կանայք
- Նորվեգիայի թագուհիներ
- Նորվեգիայի պատմություն
- Վիկտորիայի և Ալբերտի թագավորական շքանշանի ասպետ կանայք