Մաղաքիա Օրմանյան
Մաղաքիա Օրմանյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 23, 1841 կամ 1841[1][2] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[3] |
Մահացել է | նոյեմբերի 19, 1918 կամ 1918[1][2] |
Մահվան վայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Կրոն | Հայ Առաքելական Եկեղեցի |
Մասնագիտություն | քահանա, պատմաբան, բանասեր և հրապարակախոս |
Զբաղեցրած պաշտոններ | Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք և եպիսկոպոս |
Malachia Ormanian Վիքիպահեստում |
Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանեան, (փետրվարի 23, 1841 կամ 1841[1][2], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[3] - նոյեմբերի 19, 1918 կամ 1918[1][2], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն), աստվածաբան, հայագետ, պատմաբան, բանասեր, հրապարակախոս, ազգային պահպանողական ուղղության հասարակական գործիչ։
Կ. Պոլսի հայոց պատրիարք։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1841 թ. փետրվարի 11(23) ին, Կ. Պոլսում։
Նախնական կրթությունն ստացել է Կ. Պոլսում, 1851 թվականից ուսումը շարունակել Հռոմի Անտոնյանց Ս. Լուսավորիչ վանքում, 1858 թվականից՝ Վատիկանի հոգևոր դպրոցում։
Նույն թվին ստանալով աստվածաբանության մագիստրոսի աստիճան՝ նշանակվել է Հռոմի Քարոզչության դպրոցում հայերենի ուսուցիչ։
1866 թվականին վերադարձել է Կ. Պոլիս, նշանակվել Անտոնյանց միաբանության քարտուղար, իսկ 1867 թ.՝ ստանձնել Հռոմի Անտոնյանց վարժարանի տեսչի պաշտոնը։ 1868 թ. Հռոմում ստացել է իմաստասիրության, աստվածաբանության և եկեղեցական իրավագիտության մագիստրոսի գիտական աստիճան, ընտրվել Հռոմի աստվածաբանական ակադեմիայի անդամ։ Տիրապետել է իտալերենին, ֆրանսերենին, հունարենին, լատիներենին, արաբերենին, թուրքերենին։
1870 թվականին խուսափելով կաթոլիկ հոգևորականության հալածանքներից, վերադարձել է Կ. Պոլիս, որտեղ զբաղվել է հրապարակախոսությամբ՝ ֆրանսիական և հայկական թերթերում տպագրած հոդվածներով բացահայտ պայքարել հայ կաթոլիկ համայնքը պառակտելու, հայ կաթոլիկների մեջ հայկական ավանդությունները վերացնելու Վատիկանի քաղաքականության դեմ։
Այդ շրջանում է գրել Հռոմի կաթոլիկ եկեղեցու և հայոց վեճը լուսաբանող աշխատություններ, ինչպիսիք են՝ «Արևելեան հայ-կաթողիկէ հայերը» (1870, իտալերեն), «Արևելեան կաթոլիկաց կրօնական ազատութիւնը և քաղաքացիական իրաւունքները» (1872, ֆրանսերեն), «Ռևերսուրուս կամ Հայք և պապութիւն» (1872, իտալերեն), «Վատիկան և Հայք»[4] (1873, ֆրանսերեն) գրքերը, որոնք 1874-ին ներառվել են Վատիկանի արգելած գրքերի ցանկի մեջ։
1875 թվականին Իտալիայում հանդիպել է երկրի ազգ-ազատագրական պայքարի ղեկավար Ջ. Գարիբալդիին, նրա հետ քննարկել հայ և իտալացի ժողովուրդների ազատագրական պայքարին վերաբերող հարցեր։
1876 թվականին վերջնականապես որոշել է խզել իր կապերը Վատիկանի հետ և հրաժարվել է կաթոլիկությունից։ 1877 թվականին դիմել է Կ. Պոլսի հայոց պատրիարք Ներսես արք. Վարժապետյանին՝ Հայ եկեղեցու գիրկը դառնալու խնդրանքով։
1879 թվականին Կ. Պոլսի Գում Գափուի եկեղեցում Վարժապետյան պատրիարքի ձեռքից ստացել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու ծայրագույն վարդապետական աստիճան։
Հայ եկեղեցու ծոցում իր գործունեությունն սկսել է որպես քարոզիչ Կ. Պոլսի Ղալաթիա թաղամասի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։
1880 թվականին նշանակվել է Կարինի թեմի առաջնորդ, վճռական դեր խաղացել Կարինի Սանասարյան վարժարանի բացման (1881) գործում, ստանձնել վարժարանի տեսչական մարմնի նախագահությունը, կապեր հաստատել իր աթոռանիստ Կարինում 1881-ին ստեղծված «Պաշտպան Հայրենյաց» ազատագրական գաղտնի կազմակերպության ղեկավարների հետ, աջակցել նրանց կազմակերպչական աշխատանքներում։
1886 թվականին Ս. Էջմիածնում Մակար Ա Թեղուտցի կաթողիկոսը նրան ձեռնադրել է եպիսկոպոս։
1887 թվականին թողել է Կարինի առաջնորդությունը և Մակար Ա Թեղուտցու կոնդակով հրավիրվել Ս. Էջմիածին՝ Գևորգյան ճեմարանում աստվածաբանություն դասավանդելու։
Նրա շնորհիվ ճեմարանում դասավանդվող աստվածաբանական առարկաների հանդեպ մեծ հետաքրքրություն է առաջանում։ Օրմանյանի միջնորդությամբ եվրոպական համալսարաններում իրենց կրթությունն են շարունակում ճեմարանական իր սաները՝ Կոմիտաս վարդապետը, Գարեգին Ա Հովսեփյանցը, Կարապետ Տեր-Մկրտչյանը, Գևորգ Զ Չորեքչյանը, Երվանդ Տեր-Մինասյանը և այլն։
Օրմանյանի ազատագրական տոգորումները և ազատախոհ ճառերը գրավել են ցարական իշխանությունների ուշադրությունը, և նա, ռուսահպատակ չլինելու պատրվակով, արտաքսվել է ռուսական կայսրության սահմաններից։
1889 թվականին վերադարձել է Կ. Պոլիս և նշանակվել Արմաշի դպրեվանքի վանահայր և իր կազմակերպած դպրեվանքի տեսուչ։
Օրմանյանը Կ.Պոլսի հայոց պատրիարք է ընտրվել սուլթան Աբդուլ Համիդ II-ի արյունոտ բռնապետության պայմաններում, երբ Կ. Պոլսում ու Արևմտյան Հայաստանի նահանգներում սկսվել էին հայկական ջարդերն ու տեղահանությունները։
Ստեղծված իրավիճակում Օրմանյան պատրիարքը հնարավոր միջոցներով փորձել է մեղմացնել Աբդուլ Համիդ II-ի՝ հայերի դեմ ունեցած ատելությունը, կանխել ավելի մեծ աղետները և քիչ թե շատ տանելի վիճակ ստեղծել։
Նա իր զգույշ և պահպանողական քաղաքականությամբ առաջ է բերել Կ. Պոլսի ազգային որոշ շրջանակների, ինչպես նաև՝ Երուսաղեմի հայոց պատրիարքարանի հոգևորականության մի մասի դժգոհությունը և հանիրավի ամբաստանվել է[5]։
1906 թվականին, Հայոց Ազգային սահմանադրության վերաքննման և, փաստորեն, արգելման վերաբերյալ Աբդուլ Համիդ II-ի հրամանի առիթով Օրմանյանը սուլթանին ներկայացրել է հրաժարական, որը չի ընդունվել։
1908 թվականի հուլիսի 16-ին Կ. Պոլսում կազմակերպված բազմամարդ ցույցի մասնակիցները խուժել են պատրիարքարան և Օրմանյանինին հայտարարել պաշտոնանկ։
«Յիշատակագիրք երկոտասանամեայ պատրիարքութեան» գրքում (1910) նա հերքել է իր դեմ եղած ամբաստանությունները։ 1913 թվականի հունվարի 3-ին Ազգային երեսփոխանական ժողովը, որտեղ ի պաշտպանություն Օրմանյանի ճառով հանդես է եկել գրող Գրիգոր Զոհրապը, արդարացրել է նախկին պատրիարքին։
Նույն թվին Օրմանյանն ընտրվել է եկեղեցական համագումարի պատգամավոր, կրոնական ժողովի անդամ և ապա՝ Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ, բայց հրաժարվել է ստանձնել այդ պաշտոնը։
1914–1917 թվականներին Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքում վարել է մի շարք պաշտոններ, դասավանդել ժառանգավորաց վարժարանում։
1918 թվականին վերադարձել է Կ. Պոլիս, որտեղ և վախճանվել է։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Օրմանյանը եղել է ժամանակի ամենանշանավոր և բեղմնավոր հայ գիտնական հոգևորականը։ Նա թողել է գրական, գիտական, մատենագրական հարուստ ժառանգություն, եկեղեցապատմական մի շարք կոթողային աշխատություններ, ինչպիսիք են՝
- «Համապատում» (1911)
- «Հայոց եկեղեցին» (1911, թարգմանվել է նաև ռուսերեն[6], անգլերեն[7][8], ֆրանսերեն[9] և այլ լեզուներով)
- «Ծիսական Բառարան», Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանեան։ Կաթողիկոսութիւն Հայոց Մեծի Տանն Կիլիկիոյ, Անթիլիաս, 1979։
- «Խոհք և խօսք» (յետմահու հրատարակութիւն), Երուսաղեմ, 1929։
և այլն։
Օրմանյանը հրապարակախոսական, դավանական, գիտական և գրական բազմաթիվ հոդվածներ է տպագրել «Մասիս», «Արևելք», «Արարատ», «Լումա» պարբերականներում, հանդես եկել եվրոպական մամուլում։
Ունի մի շարք անտիպ և անավարտ գործեր։
Հայ եկեղեցու պատմությանը և դերին է նվիրված Օրմանյանի «Ազգապատում» կոթողային աշխատությունը՝ Հայ եկեղեցու պատմությունը հասցնելով մինչև Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցու ընտրությունը (1908)։
Օրմանյանը, շեշտելով հայ ժողովրդի պատմության մեջ Հայ եկեղեցու կատարած դերը, չի վախեցել ի ցույց դնել նաև այն սայթաքումներն ու ցավալի վրիպումները, որ ունեցել են հայոց կաթողիկոսները։
«Ազգապատում» աշխատության մեջ հեղինակը ցանկացել է դեպքերը ներկայացնել ժամանակագրական կարգով, սակայն, կենտրոնանալով կաթողիկոսների հաջորդականության խնդիրների վրա, հայ ժողովրդի և Հայ եկեղեցու պատմությունը շարադրել է ըստ կաթողիկոսների գահակալության տարիների և պատմության անցքերը կապել ժամանակի կաթողիկոսի հետ։
Իր թերի կողմերով և պատմագիտական վիճելի հայացքներով հանդերձ «Ազգապատում»-ը, իբրև հայ կյանքի յուրօրինակ հանրագիտարան, շատ առումներով այսօր էլ մնում է չգերազանցված։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մաղաքիա Օրմանյանի աշխատությունների լիակատար մատենացույցը տե՛ս Օրմանեան Մաղաքիա արքեպս., Միութիւն հայութեան. Երկրորդ հրատարակությունը, Փարիզ, տպարան «Արաքս», 1958, էջ 68-70։
- Ormanian M., Le Vatican et les Arméniens, Rome, 1873.
- Օրմանեան Մաղաքիա արքեպս., Միութիւն հայութեան. Բանախօսութիւն Մաղաքիա ծ. վարդապետի Օրմանեան արտասանեալ ի լսարանի կրթասիրաց ընկերութեան յԻւսկիւտար ի 17 նոյեմբերի 1879, Կոստանդնուպոլիս, 1879։ Երկրորդ հրատարակությունը՝ Փարիզ, տպարան «Արաքս», 1958։
- Օրմանեան Մաղաքիա, Հայոց եկեղեցին և իր պատմութիւնը, վարդապետութիւնը, վարչութիւնը, բարեկարգութիւնը, արաողութիւնը, գրականութիւն, ու ներկայ կացութիւնը, Կ.Պոլիս, 1911։
- Օրմանեան Մաղաքիա արքեպս., Համապատում, Կ.Պոլիս, 1911։
- Օրմանեան Մաղաքիա արքեպս., Ազգապատում, հատոր Ա։
- Օրմանեան Մաղաքիա արքեպս., Ազգապատում, հատոր Բ։
- Օրմանեան Մաղաքիա արքեպս., Ազգապատում, հատոր Գ։
- Օրմանեան Արքեպս. Մաղաքիա, Հայկական Երուսաղէմ։ Նկարագիր Աթոռոյ Սրբոց Յակոբեանց, Երուսաղէմ, Տպարան Սրբոց Յակոբեանց, 1931, 207 էջ:
- Մաղաքիա Պատրիարք Օրմանեան, Անառակ որդին, Կ. Պոլիս, 2013։ Արխիվացված 2013-11-20 Wayback Machine
- Օրմանեան Մաղաքիա, Յիշատակագիրք երկու տասնամեայ պատրիարքութեան, պր. 1, Կ. Պոլիս, 1910։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յովսէփեան Գարեգին, Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանեան և կաթողիկոսական ընտրութիւն, II հրատ., Թիֆլիս, 1911 թ.։
- Եգիպտոսի առաջնորդութիւնը եւ Օրմանեան սրբազան, Աղեքսանտրիա, 1912։
- Սիրունի Հ., Օրմանյան և իր ժամանակը,- «Էջմիածին», 1961, N 5։
- Վահան աբեղա Գալամգարյան, Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանը Գևորգյան ճեմարանի աստվածաբանութեան դասախոս,- «Էջմիածին», 1956, N 6, էջ 46-52։
- Վահրամ Բարունեան, Մաղաքիա արք. Օրմանեան, Մոնթրեալ, 2001։
- Սարուխանյան Նորայր, Հայկական հարցը, արևմտահայ ազատագրական միտքը և Մաղաքիա Օրմանյանը.- «Պատմա-բանասիրական հանդես», 2006, № 1, էջ 50-71։
- Կոստանդյան Է. Ա., Մեսրոպ Մաշտոցն ու գրերի գյուտը Մաղաքիա Օրմանյանի գնահատությամբ (Գրերի գյուտի 1600-ամյակին).- «Լրաբեր Հասարակական Գիտությունների», 2005, № 2, էջ 109-117։
- Կոստանդյան Է. Ա., Մաղաքիա Օրմանյանի պատմագիտական հայացքները,- Հայագիտության արդի վիճակը և զարգացման հեռանկարները, գիտական հոդվածների ժողովածու, Երևան, 2004, էջ 573-579։
- Կոստանդյան Է. Ա., Հովհաննես Օձնեցի կաթողիկոսը Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի գնահատությամբ,- «Էջմիածին», 2005, N Է-Ը, էջ 49-54։
- Կոստանդյան Է. Ա., Հայ եկեղեցու անվանի գործիչն ու գիտնականը (Մաղաքիա Օրմանյանի ծննդյան 170-րդ տարելիցի առթիվ).- «Լրաբեր Հասարակական Գիտությունների», 2011, № 3, էջ 19-32։
- Կոստանդյան Է. Ա., Մաղաքիա Օրմանյանի գործունեությունը Էջմիածնի Գևորգյան ճեմարանում և Արմաշի դպրեվանքում (1887-1896 թթ.).- «Լրաբեր Հասարակական Գիտությունների», 2012, № 2-3, էջ 14-31։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նշանավոր ճեմարանականներ, Պրակ Ա, Էջմիածին, 2005, էջ 455-463։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Swartz A. Open Library — 2007.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Catalogue of the National Library of Greece
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #173188877 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Ormanian M., Le Vatican et les Arméniens, Rome, 1873.
- ↑ «Հովհաննես Հովհաննիսյան, Մաղաքիա Արք.Օրմանյանը և 20-րդ դարասկզբի հայ եկեղեցու բարենորոգչական շարժման հիմնահարցը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ Архиепископ Магакия Орманян, Армянская Церковь (русский перевод), Ереван, 2012, 240 стр. ISBN 978-99941-949-4-0
- ↑ Malachia Ormanian, The Church of Armenia. Oxford, 1912.
- ↑ Malachia Ormanian, The Church of Armenia. Oxford, 1954.
- ↑ Malachia Ormanian, L'Eglise arménienne, son histoire, sa doctrine, son régime, sa discipline, sa liturgie, sa littérature, son présent, Paris, 1910.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լույս տեսավ Մաղաքիա Արքեպիսկոպոս Օրմանյան “Խոհք և խօսք”
- Ազգապատում
- Maghakia Ormanian, former Patriarch of Constantinople, is welcomed to Alexandria by Boghos Nubar in July 1914.(չաշխատող հղում)
- Վահրամ Փափազյան, Մաղաքիա Օրմանյան,- «ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #136, 2005-07-23։(չաշխատող հղում)
- ԾՆՆԴԱՎԱՅՐ. Մաղաքիա Օրմանյան
- Ծիսական Բառարան, Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանեան։ Կաթողիկոսութիւն Հայոց Մեծի Տանն Կիլիկիոյ, Անթիլիաս, 1979։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաղաքիա Օրմանյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաղաքիա Օրմանյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: |
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Փետրվարի 23 ծնունդներ
- 1841 ծնունդներ
- Ստամբուլ քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 19 մահեր
- 1918 մահեր
- Ստամբուլ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Թուրքահայ պատմաբաններ
- Թուրքահայ կրոնական գործիչներ
- Թուրքահայ հայագետներ
- Թուրքահայ լեզվաբաններ
- Հայերն Օսմանյան կայսրությունում
- Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքներ
- Հայ հրապարակախոսներ
- Հայ բանասերներ
- Հայ աստվածաբաններ