Ժայռային մեծ սիտեղ
Ժայռային մեծ սիտեղ | |
Ժայռային մեծ սիտեղ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Ճնճղուկազգիներ (Passeriformes) |
Ընտանիք | Սիտեղներ (Sittidae) |
Ցեղ | Սիտեղ (Sitta) |
Տեսակ | Ժայռային մեծ սիտեղ (S. tephronota) |
Միջազգային անվանում | |
Sitta tephronota | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ |
Ժայռային մեծ սիտեղ (լատին․՝ Sitta tephronota), սիտեղների ընտանիքին պատկանող նստակյաց և տարածված թռչուն, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Արտաքին կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարմնի զանգվածը 43-50 գրամ է, փետրածածկը վերևից բաց կապտամոխրագույն է, իսկ ներքևից՝ ավելի բաց գույնի։ Կտուցի հիմքից դեպի ծոծրակը տարածվում է սև ակնաշերտ, որն աչքի հետին մասում լայնանում է։ Կտուցը սև է, հաստ ու երկար։ Կզակի և կրծքի սպիտակն աստիճանաբար փոխվում է մարմնի կողքերի և ներքնապոչի բաց նարնջագույնի։
Սննդառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սնվում է միջատներով, սարդերով, խխունջներով, իսկ աշնանը և ձմռանը՝ չոր պտուղներով։
Կենսակերպ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակվում է չոր, քարքարոտ լեռնալանջերին, գետաձորերում և կիսաանապատներում։ Աղմկոտ է։ Ժայռերի և ցածր թփուտների արանքով շարժվում է ցատկոտելով։ Ամրակազմ և մկանոտ է։ Թռչում է թևերի կարճ և արագ թափահարումներով։ Ճարպկորեն վերուվար է անում ժայռերի ուղղաբերձ պատերով։ Ձայն է տալիս կամ երգում՝ ժայռի կատարին կամ թփի ծայրին նստած։ Երգը բարձր տոնայնության ելևէջներով սրնգային հնչյուններով սուլոցների և կլկլոցների է նման։
Բազմացում և զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարսանեկան խաղերը սկսվում են հունվար-փետրվարին։ Բնադրում է ժայռաքիվերի տակ, ժայռապատերի ճեղքերում։ Բույնը նման է կիսագնդի (կավե պուլիկի վզիկի նմանվող թռիչքային անցքով)։ Այն կառուցում են արուն և էգը՝ 15-17 օրվա ընթացքում, ծեփում են կավից, օգտագործում որոշ միջատների մնացորդներ, կպչողականությունը բարձրացնելու համար արտաքին մասը մշակում են ծառի խեժով։
Մարտ-ապրիլին դնում է 24 մմ տրամագծով, սպիտակ՝ կարմրադարչնագույն վրձնախազերով 5-7 ձու։ Թխսակալում է 13-17 օր։ Վտանգի դեպքում (բնի տարածքում այլ թռչունների, մարդու հայտնվելը) անձնուրաց պաշտպանում է բույնը։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեսակը տարածված է Հայաստանից մինչև Նախիջևան, դեպի արևելք` մինչև Էլբուրսի լեռնաշղթան, և դեպի հարավ` մինչև Բելուջիստան։ Հայաստանում հանդիպում է առավելապես հանրապետության հարավային և հարավարևելյան շրջանների կիսաանապատային գոտում[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սակավաթիվ, նեղ արեալային օլիգոտոպային տեսակ է, որը քիչ մտահոգող կարգավիճակով գրանցված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։
Տարեկան ձվադրում է մեկ անգամ` դնելով 5-8 ձու։
Ներկայիս թվաքանակի գնահատման համար տվյալները բավարար չեն։ Մեղրու շրջանում խտությունը կազմում է միջին հաշվով 0,6 թռչուն 1 հա վրա։
Սպառնացող վտանգներից է գյուղատնտեսության վնասատուների դեմ պայքարում թունաքիմիկատների օգտագործումը։
Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժայռային մեծ սիտեղ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժայռային մեծ սիտեղ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |