Ծնվել է Քյարիմարխ (հետո՝ Հոկտեմբերյանի շրջանի Սովետական) գյուղում։ 1941 թվականին ավարտել է Էջմիածնի մանկավարժական ուսումնարանը։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, ծանր վիրավորվել և հաշմանդամ վերադարձել գյուղ։ Սկզբում որպես գյուղխորհրդի քարտուղար և հաշվապահ աշխատել է Էջմիածնի շրջանի Վերին Զեյվա (հետո՝ Տարոնիկ) գյուղում և Այղրլիճ (հետո՝ Ակնալիճ) սովխոզում։ Հետո զբաղվել է մանկավարժությամբ։ Մեկ տարի դասավանդել է Հոկտեմբերյանի շրջանի Արևիկ գյուղի դպրոցում, ապա ավելի քան 30 տարի ֆիզիկա և մաթեմատիկա է դասավանդել հայրենի գյուղում։ 1957 թվականին ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի աշխարհագրական ֆակուլտետը։ Նրա առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1953 թվականին, «Կոմունիզմի համար» շրջանային թերթում[1]։