Jump to content

Ռուանդայի ցեղասպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպանվածների գանգերը

Ռուանդացիների ցեղասպանություն (ռուանդերեն՝ Itsembabwoko ry'u Rwanda ry'1994), իրականացվել է 1994 թ. իշխանության գլուխ եկած ժամանակավոր կառավարության կողմից։ Արդյունքում մոտ 100 օրվա ընթացքում Ռուանդայում տարբեր տվյալներով մահացել է 500.000-ից 1.000.000 մարդ։

Ժամանակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1994 թ-ի հունվարի 10-ին, ՄԱԿ-ում Ռուանդայի հարցերով կազմակերպության գեներալ Ռոմեր Դալլերը և Կիգալիի թևի հրամանատար գնդապետ Լյուկ Մարշալը տեղեկատվություն ստացան Ռուանդայի կառավարական ու ռազմական շրջանակների հետ կապ ունեցող տեղեկատուից, որ պատրաստվում է նախագահ Խաբիարիմանի և ՄԱԿՌՕԱ-ից մի քանի բելգիական խաղաղապահների սպանությունը, որի նպատակն է ստիպել Բելգիային՝ դադարեցնել իր մասնակցությունը այդ խաղաղապահ գործողությանը, ինչպես նաև տեղեկություն հայտնեց զինամթերքի գաղտնի պահեստների տեղադրության մասին, որոնք նախատեսված են խուտուների գրոհայինների զինման համար։ Այդ գաղտնարանների վրա հարձակման մասին ՄԱԿ-ի գրասենյակին ուղղված հարցմանը ի պատասխան, Դալլերը հրաման ստացավ չխառնվել Ռուանդայի ներքին գործերին և տեղեկատուին հանձնել կառավարությանը։
  • 1994 թ-ի ապրիլի 6-ի երեկոյան, Կիգալիի մոտ շարժական զենիթա-հրթիռային համակարգի կողմից ոչնչացվեց ինքնաթիռը, որում գտնվում էին Ռուանդայի նախագահ Ժյունեվալ Խաբիարիմանան և Բուրունդիի նախագահ Սիպրիեն Նտարյամիրան։ Ինքնաթիռը վերադառնում էր Տանզանիայից, որտեղ նախագահները մասնակցում էին միջազգային համաժողովին։ Երկու նախագահներն էլ զոհվեցին։
  • Ապրիլի 7-ի գիշերը Կիգալիի փողոցներում հայտնվում են անցակետեր՝ Ռուանդայի բանակի (The Rwandan Armed Forces, FAR) և ինտերխավմեի հսկիչներով։ Խաբիարիմանիի սպանությունից անմիջապես հետո, նախագահական գվարդիայի անդամները սկսում են սպանել մարդկանց՝ օդանավակայանի շրջանում։ Օդանավակայանում բելգիական խաղաղապահները զինաթափվեցին նախագահական գվարդիայի կողմից, իսկ հետո ազատ արձակվեցին։ Ռուանդական զինվորականները և գրոհայինները ամբողջ քաղաքով մեկ, նախապես կազմված ցանկով սպանում են տուտսիների քաղաքական գործիչներին և հանդուրժողական խուտուներին, ինչպես նաև տուտսիների խաղաղ քաղաքացիներին։
  • Վարչապետ Ագաթա Ուվիլինգիյմանան սպանվեց հաջորդ օրը՝ ապրիլի 7-ին։ Այդ օրվա առավոտյան վարչապետի տունը հսկող ՄԱԿ-ի 10 բելգիական և 5 գանայական խաղաղապահները շրջապատվեցին Ռուանդայի նախագահական գվարդիայի զինվորների կողմից։ Կարճատև դիմադրությունից հետո բելգիական զինվորականները ռադիոկապով հրաման ստացան իրենց հրամանատարից՝ ենթարկվել հարձակվողների պահանջին և վայր դնել զենքը։ Տեսնելով, որ իրեն պահպանող խաղաղապահները զինաթափվեցին, վարչապետ Ուվիլինգիյմանան՝ ամուսնու, երեխաների և մի քանի ուղեկցողների հետ, փորձեցին թաքնվել ամերիկյան դեսպանատան տարածքում։ Սակայն զինվորները և իշխող կուսակցության երիտասարդական ջոկատի գրոհայինները, որոնք հայտնի են որպես «ինտերխավմե», գտան և գազանաբար սպանեցին վարչապետին, նրա ամուսնուն և էլի մի քանի հոգու։ Հրաշքով փրկվեցին միայն նրա երեխաները, որոնց թաքցրեց ՄԱԿ-ի աշխատակիցներից մեկը։
  • ՄԱԿ-ի հանձնված բելգիական զինվորների ճակատագիրը նույնպես որոշեցին գրոհայինները, որոնց ղեկավարությունը անհրաժեշտ էր համարում չեզոքացնել խաղաղապահ կառույցը, և ընտրեց խաղաղապահ կառույցի անդամների հատուցման Սոմալիում հաջողության հասած միջոցը։ «Ինտերխավմեի» գրոհայինները ի սկզբանե կասկածում էին ՄԱԿ-ի ուժերի բեգիական կազմին՝ տուտսիներին «համակրելու» մեջ։ Դրա հետ մեկտեղ, նախկինում Ռուանդան եղել է Բելգիայի գաղութը, և շատերը դեմ չէին հաշվեհարդար տեսնել նախկին «գաղութարարների» հետ։ Ականատեսների վկայությամբ, կատաղած գրոհայինները սկզբում ամորձահատեցին բոլոր բելգիացիներին, ապա նրանց կտրված սեռական օրգանները մտցնելով նրանց բերանները և դաժան բռնություններից ու ծաղրանքներից հետո՝ սպանեցին[1]։ Հավանական է, բելգիական խաղաղապահների հրամանատարությունը, հրաման տալով զինաթափվել՝ ղեկավարվում էր այն նկատառումներով, որ ըստ ՄԱԿՌՕԱ-յի մանդատի, խաղաղապահներն ունեին զենք կիրառելու սահմանափակ հնարավորություն՝ միայն անձնական ինքնապաշտպանության նպատակներով. այդ պահին արդեն նախադեպ հանդիսացող ռուանդացիների կողմից խաղաղապահների զինաթափումը (օրինակ, ապրիլի 6-ի ուշ երեկոյան Կիգալիի օդանավակայանում), որն ավարտվել էր անարյուն, ՄԱԿՌՕԱ-յի հրամանատարությանը սխալմամբ համոզել էր, թե զինվորականների կյանքին ոչինչ չի սպառնում։
  • Պետական ռադիոն և նրան կցված մասնավոր կայանը, որը հայտնի էր որպես «Հազար բլուրներ» (Radio Television Libre des Mille Collines), սրում էին իրավիճակը տուտսիների սպանության կոչերով և կարդում էին «պոտենցիալ վտանգավոր» անձանց ցանկը, տեղում կազմակերպվում էր նրանց հավաքագրման ու սպանության աշխատանքը։ Կազմակերպչական միջոցների օգնությամբ մասսայական սպանությունների կազմակերպման խմբում ներգրավվեցին նաև շարքային քաղաքացիներ, և շատ տուտսիներ սպանվեցին իրենց հարևանների կողմից։ Որպես սպանության գործիք հիմնականում ծառայում էր սառը զենքը, առավել հաճախ՝ մաչետեն։ Առավել դաժան տեսարանները տեղի էին ունենում փախստականների ժամանակավոր ապաստարաններում՝ դպրոցներում և եկեղեցիներում։
  • Ապրիլի 7-ի գիշերը ռազմական գործողություններ է սկսում ՌՊՃ-ի 600 մարդուց բաղկացած ջոկատը, որը տեղակայված էր Կիգալիի ծայրամասում՝ 1993 թ-ի օգոստոսյան Առուշյան պայմանագրերի համաձայն։ Նույն օրը երկրի հյուսիսում ռազմական գործողություններ են սկսում ՌՊՃ-ի հիմնական ուժերը։
  • 8—9 ապրիլի — Բելգիան ու Ֆրանսիան սկսում են իրենց քաղաքացիների դուրս բերման գործողությունները։
  • 9 ապրիլի — Կոտորած Կիգալիի հոգեբուժարանում։ Ապրիլի 8-ին շուրջ հազար բելգիական ու ֆրանսիական զինվորներ իրենց վերահսկողության տակ առան Կիգալիի օդանավակայանը։ Այդ զինվորները ՄԱԿ-ի ստորաբաժանումներից չէին, նրանց խնդիրն էր Ռուանդայից հեռացող արտասահմանցիների դուրս բերման ապահովումը։ Նրանց հետ եկան շուրջ 10 լրագրողներ։ Ապրիլի 9-ին նրանք զինվորների հետ հասան Կիգալիի հոգեբուժարան, որտեղ այդ ժամանակ արգելափակված էր եվրոպացիներից բաղկացած անձնակազմը։ Այդ հիվանդանոցում արդեն երեք օր հաշվեհարդարից թաքնվում էին մի քանի հարյուր տուտսի։

Հիվանդանոցի ճանապարհին զինվորներն ու լրագրողները անցան ինտերխավմեի գրոհայինների կողքով, որոնք սպասում էին հիվանդանոցից դուրս։ Զինվորների ժամանումից հետո տուտսիները դուրս եկան հիվանդանոցից։ Նրանք հաղորդեցին, որ շրջապատված են ինտերխավմեի գրոհայինների կողմից, որոնք արդեն սպանել են իրենցից մի քանիսին։ Երբ տուտսիները հասկացան, որ զինվորները չեն պատրաստվում իրենց փրկել, նրանք դիմեցին լրագրողներին՝ աղաչելով օգնել իրենց։ Բայց լրագրողները ոչինչ չէին կարող անել։ Եվրոպացիները զինվորների ուղեկցությամբ լքեցին հիվանդանոցը, և միանգամից այնտեղ ներխուժեցին ինտերխավմեի գրոհայինները։ Նրանք սպանեցին այնտեղ գտնվող մի քանի հարյուր տուտսիներին։

  • 11 ապրիլի — Կարմիր Խաչի Միջազգային Կազմակերպությունը հաղորդում է, որ արդեն զոհվել են տասնյակ հազարավոր ռուանդացիներ։
  • 11 ապրիլի — 2000 տուտսիների սպանությունը Դոն Բոսկի (Կիգալի) տեխնիկական ծառայողների Դպրոցում՝ բելգիական խաղաղապահների դուրս բերումից հետո։
  • 14 ապրիլի — Բելգիան ավարտում է իր զորքերի դուրս բերումը Ռուանդայից։
  • 15 ապրիլի — Կիբունգոյում, Սուրբ Հովսեփի կենտրոնում, 2800 տուտսիներ հարձակման ենթարկվեցին Ռուանդայի բանակի զինվորների և ինտերախավմեի գրոհայինների կողմից և ռմբակոծվեցին նռնակներով։
  • 18 ապրիլի — Կիբուեի նահանգապետի հրամանով 15 հազար տուտսիներ հավաքվեցին Կիբու քաղաքի «Գատվարո» մարզադաշտում և սպանվեցին ինտերախավմեի անդամների կողմից։ 2000 մարդ սպանվեց ինտերախավմեի անդամների ձեռքերով Չյանգուգուի նահանգի Մաբիրիզեյի հռոմի-կաթոլիկ եկեղեցում։ Ապրիլի 18-20-ին 4300 մարդ սպանվեց Սուրբ Հովհաննեսի ընդունարանում։
  • 19 ապրիլի — «Ռուանդյի ժամանակավոր կառավարության» ղեկավար Թեոդոր Սինդիկուբվաբոն ռադիոյով անձամբ «դաշնակիցների» սպանության կոչ է անում Բուտարեում, վերջին նահանգում, ուր դեռ բռնության ալիքը չէր հասել։ Հենց նույն գիշերը Բուտարե է ժամանում նախագահական գվարդիան և սկսում տուտսիների մահապատիժը, մարդկանց հրելով նախապես փորված վառվող անվադողերով լեցուն խրամատները։ Զոհվում են հազարավոր մարդիկ։
  • 21 ապրիլի — Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությունը հաղորդում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հնարավոր հարյուր հազարավոր մահապատիժների մասին։ Նույն օրը ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը միաձայն որոշում է ՄԱԿՌՀԿ-ի կազմը կրճատել մինչև 270 մարդ՝ Գանայի մեկ մոտոհրաձգային վաշտ։
  • 22 ապրիլի — 5000-ից մինչև 7000 տուտսիների կոտորածը Սովույի տաճարում։ Այդ բենեդիկտյան տաճարի միանձնուհիները խուտուի գրոհայիններին հանձնեցին հազարավոր մարդկանց, որոնք ապաստան էին գտել կոտորածից։ Այդ մի քանի հազար մարդկանցից շուրջ 600-ը ողջակիզվեցին բարաքում, ընդ որում, որոշ տվյալների համաձայն՝ միանձնուհիները իրենք էին բենզին մատակարարում գրոհայիններին[2]։
  • 3 մայիսի — ընդունվում է ԱՄՆ-ի նախագահի № 25 (PDD 25) բանաձևը, որը սահմանափակում է ամերիկյան զինված ուժերի մասնակցությունը ՄԱԿ-ի խաղաղության վերահաստատման գործողություններին. կա կարծիք, որ ԱՄՆ-ը չխառնվեցին հակամարտությանը, վախենալով Սոմալիի 1993 թ-ի հոկտեմբերի 3-5-ի դեպքերի կրկնությունից։
  • 13 մայիսի — ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բուտրոս Բուտրոս-Ղալին խոսում է երկու միլիոն տեղահանվածների և շրջանում հումանիտար աղետի մասին, ինչպես նաև ՄԱԿ-ի Ռուանդայի օգնություն առաքելության վերաձևավորման (ՄԱԿՌՕԱ) մասին։ Նույն օրը ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պատրաստվում է քվեարկել ՄԱԿՌՕԱ-յի թվաքանակի վերականգնամն համար, սակայն, ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Մադլեն Օլբրայտը, հետաձգում է քվեարկությունը 4 օրով։
  • 17 մայիսի — ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը 918-րդ բանաձևով էմբարգո է սահմանում Ռուանդա զենքի ներկրման վրա և քվեարկում է ՄԱԿՌՕԱ-ի ուժերի թվաքանակի վերականգնման օգտին՝ մինչև 5500 մարդ, բայց, ֆինանսավորման հարցերում անհամաձայնության պատճառով, ՄԱԿՌՕԱ II կոչված առաքելությունը, հուլիսի սկզբին դեռևս չէր գործում։
  • 19 մայիսի - ՄԱԿ-ը խնդրում է ԱՄՆ-ից 50 զրահամեքենա՝ Ռուանդայում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի համար, բայց սկսվում են անհամաձայնություններ գնի հետ կապված։
  • 31 մայիսի - ՌՊՃ-ն վերահսկում է երկրի տարածքի մեծ մասը և ամրանում է Կիգալիի ծայրամասերում, այդ թվում գրավում է օդանավակայանը։
  • 22 հունիսի - ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, ընդունելով, որ երկրորդ խաղաղապահ առաքելության կազմակերպումը ձախողվել է, կոչ է անում իր անդամներին՝ կազմակերպել միջազգային գործողություն՝ Ռուանդայում խաղաղության վերականգնման նպատակով՝ ազգային հրամանատարության ներքո. այսպես սկիզբ է դրվում ֆրանսիական ռազմական ուժերի «Փիրուզ» գործողությանը։ Գործողությունը տևեց մինչև 1994 թ-ի օգոստոսի 21-ը, նրա նպատակն էր Հոմա - Ժիկոնգորո - Չյանգուգու եռանկունու տարածքում ստեղծել ապառազմականացված անվտանգության գոտի և իրականացնել հումանիտար օգնություն։
  • 4 հուլիսի — Ռուանդայի Հայրենասիրական Ճակատի ջոկատները մտան մայրաքաղաք։ Հուլիսի 5-ին նրանք գրավեցին Բուտարեն, հուլիսի 14-ին՝ Ռուխենգերին, հուլիսի 17-ին՝ Գիսենին և հուլիսի 18-ին ՌՀՃ-ն արդեն վերահսկում էր երկրի մեծ մասը։ 2 միլիոն խուտուներ, վախենալով ցեղասպանության հատուցումից (զինված ջոկատներում կար 30 հազար մարդ), իսկ մեծ մասը՝ տուտսիների կողմից պատասխան ցեղասպանությունից՝ լքեցին երկիրը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Peacekeeper». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 6-ին.
  2. «Բելգիայի դատարանը կաթոլիկ միանձնուհիներին մեղավոր ճանաչեց Ռուանդայի ցեղասպանության մեջ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 6-ին.