Անմեղության կանխավարկած
Անմեղության կանխավարկած կամ Անմեղության պրեզումպցիա (լատին․՝ praesumptio innocentiae - ենթադրություն), սկզբունք, ըստ որի մեղադրյալը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքը չի ապացուցվել օրենքով սահմանված կարգով։
Անմեղության պրեզումպցիան առաջադրել է բուրժուազիան՝ ֆեոդալական դատարանների չարաշահումների դեմ տարվող պայքարում։ Անմեղության պրեզումպցիան առավել հումանիստական հիմքերի վրա դրվեց սոցիալիստակաև քրեական դատավարական իրավունքում։
Անմեղության կանխավարկածի սկզբունքը դարձել է նաև քրեական դատավարության կարևորագույն ժողովրդավարական սկզբունքներից մեկը և ապահովում է անձի իրավունքների պաշտպանությունը, բացառում չհիմնավորված մեղադրանքները և անհիմն դատապարտումը։ Անձի մեղավորությանը կարող է հիմնավորվել միայն օրենքով սահմանված ապացուցման միջոցներով և բավարար ապացույցների առկայության դեպքում, ընդ որում ապացուցման ողջ ծանրությունը (ապացուցման պարտականությունը) պետք է կրեն մեղադրող մարմինները։ Անմեղության կանխավարկածի հետ անմիջականորեն առնչվում է նաև «արգելվում է օրենքի խստությամբ ձեոք բերված ապացույցների օգտագործումը» դրույթը։ Անմեղության կանխավարկած սկզբունքը ամրագրված է նաև միջազգային իրավական փաստաթղթերում։
Լրիվ չապացուցված, կասկած հարուցող փաստը չպետք է դրվի որոշում-դատավճռի հիմքում կամ պետք է մեկնաբանվի հօգուտ մեղադրյալի։ Ելնելով անմեղության պրեզումպցիայից` դատաքննչական մարմիններն իրավունք չունեն ապացուցման պարտականությունը դնել մեղադրյալի վրա՝ պահանջելով, որ նա ապացուցի իր անմեղաթյունը։ Մեղադրյալի մեղքը չապացուցվելու դեպքում գործը կարճվում կամ կայացվում է արդարացնող դատավճիռ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
- Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ, Երևան
- А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 429)։ |