Արևագալի երգեր
Արևագալի երգեր, արևածագին նվիրված երգեր։ Արևագալի երգերի հիմնական բովանդակային առանցքն է լույսի, խորհրդաբանորեն՝ աստվածային էության փառաբանումը։ Նախաքրիստոնեական շրջանում կապված են եղել արևի պաշտամունքի հետ և, ամենայն հավանականությամբ, առնչվել մեհենական երգային ավանդույթին։ Հայ եկեղեցու ինը ժամերգություններից մեկը նվիրված է արևագալին։ Ըստ Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի, VII դ., Հայոց կաթողիկոս Եզր Ա Փառաժնակերտցու կարգադրությամբ, Առավոտյան ժամերգության վերջին հատվածը զատելով, կազմվել է հատուկ Արևագալի ժամերգություն։ Արևագալի ժամերգությունը մեկնաբանել են Ստեփանոս Սյունեցին (VIII դ.) և Խոսրով Անձևացին (X դ.)։
Մինչև XII դ. Արևագալի ժամերգությունը ներառել է ժամին պատշաճ սաղմոսները։ XII դ. Ներսես Շնորհալին, անդրադառնալով այս ժամերգությանը, արևագալի համար ստեղծել է չորս նոր երգ՝ «Յարեւելից մինչ ի մուտըս», «Ճըգնաւորք Աստուծոյ», «Լոյս, արարիչ լուսոյ» և «Ճանապարհ եւ ճշմարտութիւն», սրանց կից՝ չորս հորդորակ։ Կա տեսակետ, որի համաձայն, այս ստեղծագործությունները միջնադարյան հոգևոր երգարվեստի մեջ երգ ժանրի ձևավորման առաջին դրսևորումներից են և կազմավորվել են հոգևոր երգաժանրերի, ինչպես նաև հեթանոսական պաշտամունքային արվեստի հիման վրա։ Մասնավորաբար ակնարկվում է միջնադարում տարածված հայկական արևորդիներ աղանդի պաշտամունքային, ծիսական երգարվեստի հետ ունեցած կապը։ Գիշերային և Արևագալի ժամերգությունները փոխարինել են միմյանց, մեկի համար սահմանված օրերին մյուսը զանց է առնվել։ Այժմ արևագալը ժամերգվում է միայն Մեծ պահքի շրջանում։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 24)։ |