Jump to content

Գարգանտյուա և Պանտագրյուել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գարգանտյուա և Պանտագրյուել
ֆր.՝ La vie très horrifique du grand Gargantua, père de Pantagruel
ՀեղինակՖրանսուա Ռաբլե
Անվանվել էԳարգանտյուա
Տեսակվեպերի շարք և գրքի հնգաբանություն
Ժանրֆենթեզի և երգիծանք
Կազմված էՊանտագրյուել, Գարգանտյուա, 3-րդ գիրք, 4-րդ գիրք և 5-րդ գիրք
Բնօրինակ լեզումիջին ֆրանսերեն և ֆրանսերեն
Կերպար(ներ)Գարգանտյուա և Պանտագրյուել
Երկիր Ֆրանսիա
Հրատարակման տարեթիվ1534
Թվային տարբերակprojekt-gutenberg.org/rabelais/pantagru/pantagru.html
 Gargantua Վիքիպահեստում

Գարգանտյուա և Պանտագրյուել (ֆր.՝ La vie très horrifique du grand Gargantua, père de Pantagruel), երգիծական վեպ, որի հեղինակը 16-րդ դարի ֆրանսիացի գրող Ֆրանսուա Ռաբլեն է։ Վեպը` բաղկացած 5 գրքից, պատմում է երկու բարի շատակեր հսկաների մասին, որոնք հայր ու որդի են։ Վեպում ծաղրի են ենթարկվել մարդկային շատ թերություններ. գրողը չի խնայել նույնիսկ ժամանակի պետությանն ու եկեղեցուն։

Վեպի դրույթները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաբլեի քննադատության հիմնական առարկան եկեղեցին է։ Հեղինակը ինքն էլ երիտասարդ հասակում եղել է հոգևորական, սակայն եկեղեցական կյանքը նրան դուր չի եկել, և Ռաբլեն իր հովանավորի` Ժոֆրուա դ'Էտիսակայի օգնությամբ լքել է եկեղեցին` առանց որևէ հետևանքի։

Վեպում Ռաբլեն քննադատում է մի կողմից եկեղեցու բազմաթիվ հավակնությունները, մյուս կողմից հոգրորականների տգիտությունն ու ծուլությունը։ Հեղինակը պատկերավոր է նկարագրում կաթոլիկ հոգևորականության բոլոր արատները, որոնք բողոքի տեղիք տվեցին ռեֆորմացիայի շրջանում։ Խիստ քննադատվում է միջնադարյան սխոլաստիկ մտածողությունը, որ կտրված էր իրական կյանքից։

Վեպում ծաղրի են ենթարկվել աստվածաշնչյան որոշ դրույթներ։ Էպիստեմոն Պանուրգի հարության տեսարանը հիշեցնում է աղքատ Ղազարոսի հարությունը, իսկ հսկա Հուրտալի պատմությունը` Նոյյան տապանը։ Գարգանտյուայի ծնունդը մոր ձախ ականջից Ռաբլեն բացատրոմ է Աստծո ամենակարող լինելու հանգամանքով, իսկ նրանք, ովքեր հրաժարվում են դրան հավատալուց, հռչակում է հերետիկոսներ` հետևելով Տերտուղիանոսին («Հավատում եմ, քանզի աբսուրդ է»)։ Զարմանալի չէ, որ վեպի բոլոր գրքերը Սորբոնի համալսարանի աստվածաբանական ֆակուլտետի կողմից հերետիկոսական են հռչակվել։

«Գարգանտյուա և Պանտագրյուել» վեպում Ռաբլեն ոչ միայն կռիվ է տալիս հին աշխարհի դեմ, այլև նոր աշխարհը հռչակում է այնպես, ինչպես տեսնում է։ Միջնադարյան անօրինությանը Ռաբլեն հակադրում է ազատության ու մարդու ինքնաբավության գաղափարները։ Այդ գաղափարները լավագույնս դրսևորվել են Տելեմի աբբայության դրվագում, որը եղբայր Ժանը կազմակերպում է Գարգանտյուայի թույլտվությամբ։ Աբբայությունում բացակայում են բռնությունն ու նախապաշարմունքը, և ստեղծված են բոլոր պայմանները անհատի ներդաշնակ զարգացման համար։ Աբբայության մեջ գործում է մեկ կանոն. «Արա՛, ինչ ուզում ես» (ֆր.՝ Fais ce que voudras):

Նման կարգուկանոնը եղբայր Ժանը հետևյալ կերպ է բացատրում.

Ազատ մարդկանց, ովքեր սերում են բարի, լուսավորված, հասարակական ճիշտ միջավայրում ձևավորված ծնողներից, բնությունն ինքն է օժտում բարի գործեր կատարելու բնազդով ու խթանող ուժով։ Սակայն երբ այդ նույն մարդկանց ճնշում են ստոր բռնությամբ, նրանք իրենք են իրենց հոգում եղած բարի ձգտումները վերափոխում ստրկության, քանի որ մեր հոգում կա արգելվածի ձգտելու գաղտնի մղում։
- Գիրք 1, գլուխ LVII

Տելեմի աբբայության գլուխները, ինչպես նաև Գարգանտյուայի` Պանոկրատից ստացած դաստիարակությունը, հումանիզմի սկզբունքների ամբողջական ու ավարտուն ձևակերպումն են։ Այս տեսանկյունից «Գարգանտյուա և Պանտագրյուել» վեպը Վերածննդի շրջանի գրական կարևորագույն հուշարձան է։

Պատանի Գարգանտյուան ուսումնասիրում է գլոբուսը, Գյուստավ Դորեի նկարազարդումներից

Ռաբլեի սիրած միջոցները գրոտեսկն ու չափազանցությունն են (ըստ Ալեքսեյ Ջիվելեգովի` «գերչափազանցություն»)։ Դա կապված է գլխավոր կերպարների` հսկաներ Գարգանտյուայի և Պանտագրյուելի հետ։ Նրանք հիմնականում հանգիստ ապրում են սովորական մարդկանց հետ. նրանց հետ նստում են նույն սեղանի շուրջ, նավարկում նույն նավով։ Սակայն ոչ միշտ է այդպես։ Օրինակ` Գարգանտյուան հանգստանալու համար նստում է Փարիզի Աստվածամոր տաճարին` թնդանոթի արկերն ընդունելով ճանճերի տեղ, իակ Պանտագրյուելին օրորոցում կապում են ծովախորշին խարսխելու շղթաներով։ Պատկերավորման այս միջոցի գագաթնակետը այն դրվագն է, երբ Պանտագրյուելը, դուրս հանելով լեզուն, իր բանակը պահպանում է անձրևից թրջվելուց, իսկ պատահաբար մոտ հայտնված մարդկանցից մեկը, ընկնելով իր տիրոջ բերանը, այնտեղ հայտնաբերում քաղաքներ ու գյուղեր։

Վեպում մեծ տեղ է տրված մարդու մարմնի հետ կապված գռեհիկ հումորին[1]։ Շատ է խոսվում զգեստների, գինու, ուտելիքի, վեներական հիվանդությունների մասին (առաջին գրքի նախաբանը սկսվում է հետևյալ կերպ. «Հարգարժա՛ն հարբեցողներ և վեներական հիվանդներ, քանզի ձեզ է նվիրվում իմ գիրքը»)։ Սա ամենևին բնորոշ չէ միջնադարյան ռոմանտիկային, որ նման թեմաները համարում էր ցածր, ստորակարգ, հիշատակման ոչ արժանի։

Վեպի բնութագրական կողմերից է ուտեստների, ինչպես նաև գրքերի, գիտությունների, օրենքների, դրամական միավորների, զինվորների ծիծաղելի անունների, կենդանիների խիստ մանրամասն, միևնույն ժամանակ երգիծական թվարկումը։ Նման թեմաների հիման վրա երբեմն ամբողջ գլուխներ են կառուցված։

«Գարգանտյուա և Պանտագրյուել» վեպն անխզելիորեն կապված է ուշ միջնադարի և վերածննդի շրջանի Ֆրանսիայի ժողովրդական մշակույթին։ Նրանից է Ռաբլեն վերցրել իր գլխավոր հերոսներին, գրական որոշ ձևեր, օրինակ` անիմաստ բառախաղերը (coq-à-l'âne), ինչպես նաև ամենակարևորը` վեպի լեզուն, որ ներկայացված է բազմաթիվ բառախաղերով, սրբազան տեքստերի ծաղրանմանությամբ, ինչը վեպին հաղորդում է ժողովրդական ուրախ տոնի տրամադրություն, որտեղ բացակայում է ամեն տեսակ լրջություն։ Վեպի լեզուն կտրուկ տարբերվում է այն գրականության լեզվից, որ կար մինչ Ռաբլեն և որով գրվել էին միջնադարյան սխոլաստիկ տրակտատներ, աստվածաբանական երկեր։

Ռաբլեից հետո նրա կիրառած միջոցներն օգտագործել են 16-րդ դարի գրողներ Բոնավանտյուր Դեպերիեն, Նոել դյու Ֆայլը և այլք։

Հրատարակման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկրորդ գրքի տիտղոսաթերթը, 1571, Լիոն

1533 թվականին լիոնցի 39-ամյա մի բժիշկ` բժշկության բակալավր, հրատարակել է բարեհոգի հսկա Պանտագրյուելի մասին գիրքը, որ պարունակում էր նրա «սարսափելի ու զարհուրելի գործունեությունն ու սխրանքները»։ Հաջորդ տարի Ռաբլեն թողարկում է Պանտագրյուելի հոր` Գարգանտյուայի պատմությունը[2]։ Այդպիսով, ժամանակագրական առումով վեպի առաջին մասը «Պանտագրյուելն» է։ Սակայն արդեն 1542 թվականին, երբ Ռաբլեն հրատարակում է երկու գրքերը միասին, դրանք դասավորում է այլ հերթականությամբ` նախ «Գարգանտյուան», ապա` «Պանտագրյուելը»։ Այդ ժամանակից ի վեր ընդունված է գրքերի նման հաջորդականությունը։

Երրորդ գիրքը հրատարակվել է 1546 թվականին։ Հաջորդ տարի Գրենոբլում, իսկ մեկ տարի անց Լիոնում հրատարակվել են չորրորդ գրքի 11 գլուխներ և նախաբանը։ 1564 թվականին գիրքը հրատարակվել է ամբողջությամբ։ Մեծ գրողի կենսագրությունն ուսումնասիրող բազմաթիվ մասնագետներ կարծում են, որ Ռաբլեի գրչին է պատկանում հինգերորդ գրքի միայն մի մասը։

Վեպի առաջին երկու գրքերը առաջին անգամ հրատարակվել են Լիոնում Ալկոֆրիբաս Նազիե կեղծանունով (ֆր.՝ Alcofribas Nasier) (Ֆրանսուա Ռաբլե անվանման անագրաման է), մնացածները` Փարիզում հեղինակի իսկական անվամբ։

Գրքի բովանդակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գարգանտյուան ու իր ընկերները պատրաստվում են Պիկրոխոլի դեմ կռվին, Գյուստավ Դորեի նկարազարդումներից

«Մեծն հսկա Գարգանտյուայի որդի փառավոր Պանտագրյուելի՝ դիփսոդների թագավորի սարսռազդու և ահավոր սխրագործությունները» (1534)

Գարգանտյուան` հսկա թագավոր Գրանգուզիեի և նրա կնոջ` Գարգամելայի որդին, աստվածաբանների մոտ կրթություն ստանալու է գնում, ինչի արդյունքում դառնում է շատ ավելի հիմար, քան մինչ այդ։ Դրանից սրտնեղած` Գրանգուզիեն որդուն տալիս է նոր ուսուցչի մոտ` նրան ուղարկելով Փարիզ։ Այնտեղ Գարգանտյուան ջրհեղեղ է կազմակերպում (միզահեղեղ)` իրեն վերցնելով Փարիզի Աստվածամոր տաճարի զանգերը, որպեսզի դրանք կախի իր ձիու վզին։ Պոնոկրատի կիրառած դաստիարակությունը բոլորովին այլ ազդեցություն է ունենում Գարգանտյուայի վրա. նա դառնում է բազմակողմանի զարգացած մարդ` չմոռանալով նաև ֆիզիկական դաստիարակության մասին։

Այդ ժամանակ Գրանգուզիեի թագավորության վրա է հարձակվում հարևան երկրի թագավորը` Պիկրոխոպը։ Գարգանտյուան վերադառնում է տուն և իր ընկերների, ինչպես նաև եղբայր Ժանի օգնությամբ ջարդում է Պիկրոխոլի զորքերը։

Թշնամու դեմ տարած հաղթանակում իր ներդրման համար Գարգանտյուան թողնում է, որ Եղբայր Ժանը եկեղեցի հիմնի` Տելեմի աբբայությունը` իր ուզած պահանջներին համապատասխան։ Աբբայությունն էականորեն տարբերվում էր մնացած միաբանություններից։ (1533)

Գիրք երկրորդ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պանուրգ, Գյուստավ Դորեի նկարազարդումներից

«Դիփսոդների թագավոր Պանտագրյուելը իր իրական տեսքով` իր բոլոր սխրանքներով ու գործերով» Գարգանտյուան ունենում է որդի` Պանտագրյուել անունով։ Մեծանալով նա ուղևորվում է սովորելու Ֆրանսիայի տարբեր համալսարաններում և ի վերջո հայտնվում է Փարիզում։ Հորից նամակ ստանալով, որում գրված էր մարդու կյանքում կրթության ունեցած մեծ դերի մասին, Պանտագրյուելը ավելի մեծ ոգևորությամբ է սկսում սովորել։ Նա նույնիսկ մեծ ճանաչում է ձեռք բերում, երբ լուծում է պարոն Պեյվինոյի և պարոն Լիժիզադի դատական վեճը։

Փարիզում Պանտագրյուելը հանդիպում է Պանուրգին, ով դառնում է նրա ամենամոտ ընկերը։ Շուտով Պանտագրյուելը լուր է ստանում, որ իր հայրենի երկրի վրա հարձակվել է հսկաների բանակը` Անարխ արքայի գլխավորությամբ։ Պանտագրյուելը շտապում է հորն օգնելու, և միասին հաղթում են թշնամուն։

«Բարի Պանտագրյուելի գործերի և ասույթների երրորդ գիրք» (1546) Գարգանտյուայի թագավորությունում խաղաղություն է հաստատվում։ Պանուրգը Պանտագրյուելից ստանալով Ռագուի իշխանությունը և մի քանի տարվա բոլոր միջոցները նախօրոք երկու շաբաթում ծախսելով` որոշում է ամուսնանալ։ Դրանով հանդերձ նա դեռևս տարակուսում է` արդյոք երջանիկ կլինի ամուսնությունից հետո, թե կլինի եղջյուրավոր, խաբված ու թալանված։ Ցանկանալով ստանալ այս հարցի պատասխանը` Պանուրգը դիմում է վհուկին, բանաստեղծին, փաստաբանին, բժշկին, աստվածաբանին, խեղկատակ Տրիբուլին, գուշակին։ Բոլոր խորհուրդներն ու գուշակությունները Պանտագրյուելը մեկնաբանում է վատ, իսկ Պանուրգը` լավ տեսանկյունից։ Որոշակի կարծիքի չհանգելով` Պանտագրյուելը, Պանուրգը, եղբայր Ժանը, Էպիստեմոնն ու նրանց ընկերները որոշում են ճամփորդել Աստվածային շշի պատգամախոսի երկիր։

Գիրք չորրորդ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բարի Պանտագրյուելի գործերի և ասույթների մասին չորրորդ գիրք» (1564)Ճանապարհորդությունը շարունակվում է։ Ծովագնացները հասնում են Հնչեղ կղզուն (ծաղրական ևս մեկ արտահայտություն` ուղղված եկեղեցուն), Տանջարան կղզուն (Ռաբլեի քննադատությունն ուղղված է դատարանին և այնտեղ տիրող ամենաթողությանը), հայտնվում փոթորկի մեջ, որտեղ էլ բացահայտվում են կերպարների բնավորությունները[3]։

Գիրք հինգերորդ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բարի Պանտագրյուելի գործերի և ասույթների մասին հինգերորդ և վերջին գիրք»

Ճանապարհորդությունը շարունակվում է։ Եթե Հնչեղ կղզում հանդիպում են վանդակներում պահվող թռչուններ, որոնք խժռում են հոգևորականների, ապա Տանջարանում դատավորները սնվում են փոքրիկ երեխաներով։ Ի վերջո ճանապարհորդները հասնում են Լապտերների կղզի, որտեղ լսում են Աստվածային շշի սուրբ բառը` «տրինկ», այսինքն` «խմիր»։ Եվ եթե Պանինգի նման կերպարները այն ընդունում են հարբեցողության կոչ, ապա այլաբանորեն այն նշանակում է, որ պետք է խմել իմաստնության աղբյուրից։

Գլխավոր հերոսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարգանտյուա (ֆր.՝ Gargantua) - Ուտոպիա թագավորության թագավորը` հսկաների սերնդից։ Հանդես է գալիս առաջին, էպիզոդիկ դրվագներում նաև երկրորդ և երրորդ գրքերում։ Գարգանտյուայի կերպարը վերածննդի, միջնադարի ավանդական կենսակերպից հրաժարվելու, նաև նոր աշխարաճանաչողության խորհրդանիշն է` զերծ քարացած կաղապարումից։

Պանտագրյուել (ֆր.՝ Pantagruel) - Գարգանտյուայի որդին, Ուտոպիա թագավորության արքայազնը։ Վեպում հայտնվում է` սկսած երկրորդ գրքից։ Վերածննդի դարաշրջանի առաջադեմ մարդկության ներկայացուցիչն է, որ հետաքրքրված է միանգամից մի քանի գիտություններով ու արվեստի ճյուղերով։

Եղբայր Ժան (ֆր.՝ Frère Jean des Entommeures) - սուրբ Բենեդիկտի օրդենի ներկայացուցիչ։ հանդես է գալիս առաջին, երրորդ, չորրորդ և հինգերորդ գրքերում։ Եղբայր Ժանը երիտասարդ, կենսուրախ, քաջ, վճռական, բարձրահասկ, նիհարավուն մարդ է։ Նա իրեն գերազանց է դրսևորում թե՛ Պիկրոխոլի դեմ պատերազմում և թե՛ Գարգանտյուայի ու նրա որդու կազմակերպած բազմաթիվ խնջույքներում։

Պանուրգ (ֆր.՝ Panurge) - անհաջողակ ուսանող Թուրենից։ Հանդես է գալիս` սկսած երկրորդ գրքից։ Եղբայր Ժանին նման է իր անսահման կենսասիրությամբ և զվարճալիքների նկատմամբ ունեցած հետաքրքրություններով, բայց ի տարբերություն հոգրորականի` մի քիչ վախկոտ է («Ես չեմ վախենում ոչնչից` բացի փորձանքներից»)։

Էպիստեմոն (ֆր.՝ Epistémon) - Պանտագրյուելի նախկին ուսուցիչը։ Ինչպես և Պանուրգը, հանդես է գալիս երկրորդ գրքից սկսած։ Պանտագրյուելի բոլոր ընկերներից ամենից կիրթն է, հաճախ է դատողություններ անում ու քննադատում, բայց հավատարիմ ընկեր է ու գավաթակից։

Ռաբլեն ու իր ժամանակի Ֆրանսիան

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գարգանտյուա ու Պանտագրյուել» վեպը միաձուլված է իր ժամանակին. նրա մեջ շատ են այնպիսի դրվագներ, որոնք արդեն անհասկանալի են ժամանակակից ընթերցողին։

  • Վեպի երկրորդական մի քանի կերպարներ` Անդրե Տիրակո, աբբա դ'Արդիոն, մետր Ռոնդիբիլիս, իրականում գոյություն ունեցած մարդիկ են, Ռաբլեի ընկերներն ու ծանոթները։
  • Առաջին գրքի աշխարհագական անունների մեծ մասը ֆրանսիական պատմական Տուրեն գավառի տեղանուններն են, ուր մեծացել է Ռաբլեն։
  • Գրքում երաշտի հիշատակումը արտացոլումն է 1532 թվականի Ֆրանսիայի մեծ երաշտի։
  • Պիկրոխոլի կերպարը Կառլոս V կայսրի երգիծական ակնարկն է, ով տարիներ շարունակ պայքարում էր Ֆրանսիայի դեմ։

Գրքի նկարազարդում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասական են համարվում Գյուստավ Դորեի` վեպի համար արված նկարազարդումները (1853)։ Դորեն վեպի համար արել է ընդհանուր առմամբ 400 նկար։ Նկարիչ Օնորե Դոմիեն Գարգանտյուայի կերպարն օգտագործել է Լուի Ֆիլիպին ուղղված քաղաքական ծաղրանկարներում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. По этой причине неоднократно предпринимались попытки «адаптировать» Рабле к меняющимся представлениям о морали. В 1847 году Жорж Санд готовила издание «Гаргантюа и Пантагрюэля», лишённое всех сальных шуток. В 1936 году такой перевод романа на русский язык сделал Николай Заболоцкий.
  2. На разработку этого персонажа Рабле вдохновила «Великая хроника Гаргантюа» — анонимная книга, вышедшая в 1532 году. В ней были собраны старинные устные легенды о похождениях доброго великана. Из этой книги Рабле взял некоторые сюжетные мотивы (например, похищение колоколов) и развил их в своём романе.
  3. В начале этого путешествия происходит знаменитая история с панурговым стадом.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարգանտյուա և Պանտագրյուել» հոդվածին։