Գլխավոր շտաբի շենք (Սանկտ Պետերբուրգ)
Գլխավոր շտաբի շենք ռուս.՝ Здание Главного штаба | |
---|---|
Գլխավոր շտաբի շենքը | |
Տեսակ | շենք և տեսարժան վայր |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Պալատական հրապարակ տուն 6-10, Սանկտ Պետերբուրգ |
Վայր | Պալատական հրապարակ (Սանկտ Պետերբուրգ) և Պետական Էրմիտաժ |
Ճարտարապետական ոճ | կլասիցիզմ |
Կազմված է | Alfred Sisley and Camille Pissaro room - 406? |
Մասն է | Պետական Էրմիտաժ |
Բնակիչ | Պետական Էրմիտաժ |
Կառուցման սկիզբ | 1819 |
Առաջին հիշատակում | 1819 |
Ճարտարապետ | Կարլ Ռոսսի |
Կառուցման ավարտ | 1828 թվականի հոկտեմբերի 24 |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ |
Պաշտոնական կայք |
Գլխավոր շտաբի շենք (ռուս.՝ Здание Главного штаба), պատմական կառույց, որը գտնվում է Սանկտ Պետերբուրգի Պալատական հրապարակում։ Կառույցի շինարարությունը սկսվել է 1819 թվականին և ավարտվել 1828 թվականի հոկտեմբերի 24-ին։ Կառույցի ճարտարապետն է Կարլ Ռոսսին, իսկ քանդակագործները՝ Ստեփան Պիմենովը և Վասիլի Դեմութ Մալինովսկին։
Կառույցի արևմտյան հատվածում տեղակայված է ՌԴ արևմտյան ռազմական շրջանի հրամանատարությունը։
Կառույցի արևելյան հատվածը գտնվում է Պետական Էրմիտաժի ենթակայության տակ։ Վերջինս կառույցում տեղակայել է 19-20-րդ դարերի կտավներ՝ հիմնականում իմպրեսիոնիստական։ Բացի այդ, Գլխավոր շտաբի շենքում Էրմիտաժը կազմակերպում է ժամանակակից արվեստների ժամանակավոր ցուցադրություններ[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1810 թվականին Ալեքսանդր I-ը հանձնարարեց Կայսերական կաբինետի շինարարական հանձնաժողովի ճարտարապետ Անտոն Մոդյուիին կայսերական նստավայրի, Ձմեռային պալատի, Պալատական հրապարակի և Սուրբ Իսահակի հրապարակի դիմաց գտնվող տարածքի կարգավորման նախագծի մշակում[2]։ Ներկայացված նախագծերը հավանության են արժանացել, սակայն նախագծերի իրականացման մեկնարկը կանխվել է միջազգային իրավիճակի փոփոխությամբ։
1819 թվականին Ծովակալության գլխավոր շենքի կառուցման ժամանակ խնդիր է դրվել վերափոխել Ձմեռային պալատի դիմացի հրապարակը («Էլիզավետական բարոկկո» ոճով ստեղծագործություն, Բ. Ֆ. Ռաստրելլի, 1754-1762): Վերակառուցումն իրականացրել է Շենքերի և հիդրոտեխնիկական աշխատանքների կոմիտեն Ալեքսանդր I-ի անունից։ Կոմիտեի ղեկավար Ա. Բետանկուրը ներգրավել է Կարլ Ռոսսիին՝ մասնակցելու աշխատանքներին[3]։ 1819 թվականի մարտի 16-ին Ռոսսին հրաման ստացավ գլխավոր շտաբի հին շենքերի վերակառուցման նախագիծ մշակել[4]։ Մեկ տարի անց, 1820 թվականի մարտի 15-ին, հրաման է տրվել կայսերական կաբինետի շինարարական հանձնաժողովի կազմում հատուկ սեղան ստեղծելու «Ձմեռային պալատի և քարի, աղյուսի, խեցեգործության և կրի գործարանների դիմաց հրապարակ կառուցելու նպատակով՝ Ռոսսիի մասնակցությամբ։ Սեղանը ուղղակիորեն ենթարկվում էր Բետանկուրին։ Շինարարական աշխատանքները սկսվել են 1819 թվականին՝ արևմտյան թևի վերակառուցմամբ, որի շրջանակն ընդգրկել է արդեն գոյություն ունեցող տները, որոնք կառուցվել էին Յուրի Ֆելտենի կողմից։ Դրանց ճակատային մասը, որն առանձնանում է մոխրագույն գրանիտով, ի տարբերություն արևելյան թևի կարմիր գրանիտով երեսպատման, մասամբ պահպանվել է։ Պահպանվել են դեպի ներքին բակ նայող ճակատային հատվածներ[5]։ Կ.Ի.Ռոսսիի աշխատության հետազոտող Մ.Զ.Տարանովսկայան, վկայակոչելով արխիվային փաստաթղթերը, շինարարական աշխատանքների մեկնարկի տարեթիվ նշում է 1820 թվականը[6]։
Գլխավոր շտաբի և այլ ռազմական հաստատությունների շենքը մոտավորապես վերակառուցվել է 1823 թվականին, իսկ 1824 թվականին Մոյկա գետի ափին գտնվող հրապարակում ավարտվել է Արտաքին գործերի և ֆինանսների նախարարությունների շենքերի կառուցումը։ Այնուհետ կառուցվել է կամարների համակարգ, որը կապում է հրապարակի երկու մասերը։ Կամարի կառուցվածքային հաշվարկները կատարել է Պ.ժակոն։ Հաղթական կամարի և մարտիկներով կառքի մետաղական կոնստրուկցիայի առաջին հաշվարկների համաձայն՝ դրանց քաշը կազմել է 80 տոննա։ Ալեքսանդրովսկու թուջի գործարանի տնօրեն Մ.Քլարկը օրիգինալ լուծում առաջարկեց. չուգունից պատրաստել միայն կառքի և ռազմիկների շրջանակները, որոնք առաջարկվում էր ծածկել պղնձե թիթեղներով։ Արդյունքում քանդակագործական խմբի քաշը նվազել է հինգ անգամ։ Այս տարբերակն ընդունվեց։ Որոշ ճարտարապետներ (այդ թվում՝ Մոդյուին), իսկ հետո՝ Նիկոլայ I-ը, կասկածներ հայտնեցին Հաղթական կամարի բացվածքի կառույցների հուսալիության վերաբերյալ, սակայն Բետանկուրը լիովին աջակցեց Ռոսսիի նախագծին[3]։ Կամարային կառույցների հաշվարկները ստուգելու համար ստեղծվել է հատուկ տեխնիկական հանձնաժողով, որը, ստուգելով հաշվարկները, եկել է այն եզրակացության, որ առաջարկվող կառույցները համապատասխանում են «կառույցի լավ ամրության» պահանջներին[4]։
Շենքի ճարտարապետական դոմինանտներից է շենքի արևմտյան թևի գմբեթը։ Պատրաստված է մետաղից և ապակուց՝ ինժեներ Գ.Գ.Կրիվոշեինի նախագծով 1902-1905 թվականներին, այն ցերեկային լույս էր ապահովում դրա տակ գտնվող զինվորական գրադարանին: Նախկինում լապտերի գմբեթի տեղում եղել է ցածր քարե գմբեթ, որը կանգնեցվել է Կ.Ի.Ռոսսիի նախագծով՝ շենքի կառուցման ժամանակ։ Ռուսաստանի Գլխավոր շտաբի ռազմական պատմական գրադարանի տարածքը[7] և հին գմբեթը հիմնովին վերականգնվել են 1890-1892 թվականներին, սակայն 1900 թվականի հրդեհը, որը ոչնչացրել է 12 հազար գիրք և գրադարանի ինտերիերը, պահանջել է նոր վերանորոգում[8]։
Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո շենքում գործում էր Արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատը (աշխատել է մինչև 1918 թվականի մարտի սկիզբը), ավելի ուշ՝ ոստիկանական բաժանմունքը, ապա Լենինգրադի ռազմական շրջանի շտաբը[9]։ 1918 թվականին Գլխավոր շտաբի կամարը վերանվանվեց «Կարմիր բանակի կամար»[12]։ Պատմական անվանումը վերադարձվել է 1944 թվականին։
Ներկայումս շենքի արևմտյան հատվածը (աջը՝ Պալատական հրապարակից) պատկանում է Լենինգրադի ռազմական շրջանին։ 1993 թվականին Գլխավոր շտաբի շենքի արեւելյան թեւը փոխանցվել է Էրմիտաժին։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճարտարապետ Կ.Ռոսսին, համեմատած իր նախորդների՝ 18-րդ դարի վերջի և 19-րդ դարասկզբի ռուսական կլասիցիզմի ճարտարապետների հետ, իրեն դրսևորեց որպես արտասովոր ծավալի և համարձակ տարածական մտածողության արվեստագետ: «Ի տարբերություն շատ ռուս և եվրոպացի ժամանակակիցների, Ռոսսին բոլոր խոշոր քաղաքային անսամբլներում ձգտում էր միավորել տարբեր գործառույթների և հատակագծերի շենքերը մեկ ճակատի մեջ՝ դրանով իսկ ստեղծելով ամուր «քանդակի» էֆեկտ, որը դիտվում էր ասես «ներսից»: Ռոսիի անսամբլները ընկալվում են որպես հսկայական բացօթյա ինտերիեր»[10]:
Արդյունքում Ռաստրելլիի կողմից գրեթե մեկ դար առաջ կառուցված Ձմեռային պալատը ներառվել է Ռոսսիի անսամբլի մեջ ոչ այն պատճառով, որ այս շենքը գեղարվեստորեն ավելի թույլ է, այլ այն պատճառով, որ ավելի լայն կոմպոզիցիոն գաղափարներն անխուսափելիորեն կլանում են անհատական, նույնիսկ ակնառու գործերը: Հրապարակի կենտրոնում գտնվող Ալեքսանդրի սյունը, որը ստեղծվել է Մոնֆերանի նախագծով Գլխավոր շտաբի կամարի կառուցումից չորս տարի անց, դարձել է Ռոսսիի ստեղծած կոմպոզիցիայի վերջին ակորդը։
19-րդ դարի առաջին երրորդի ռուսական ինժեներաշինարարական դպրոցի ձեռքբերումներից է շենքի ինտերիերում թուջե կոնստրուկցիաների օգտագործումը (հրդեհային անվտանգության նպատակով)։ Ռոսսիի գծագրերի հիման վրա Ալեքսանդրովսկու երկաթի ձուլարանում արտադրվել են կրող կոնստրուկցիաներ, գավազաններ, սյուներ և պատկերասրահների տարրեր, գրադարանների պահարաններ[11]։ Ռոսսին օգտագործել է նաև թուջե կոնստրուկցիաներ այլ շենքերում։ Կառույցի կենտրոնական հատվածը բաղկացած է երկու մասնաշենքերից, որոնք կապված են կամարով։ Կամարի աղեղի ընդհանուր լայնությունը հասնում է 580 մետրի[12]։
Կառույցում, բացի Գլխավոր շտաբից, տեղակայված են եղել Ռուսական կայսրության ռազմական նախարարությունը, Կայսրության արտաքին գործերի նախարարությունը և Կայսրության ֆինանսների նախարարությունը (արևելյան մասնաշենքում)։
Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո կառույցում տեղակայված է եղել Արտաքին գործերի ժողկոմատը, այնուհետ ոստիկանության բաժանմունքը։
Ներկայումս կառույցի մի մասը պատկանում է ՌԴ արևմտյան ռազմական շրջանին։ 1993 թվականին Գլխավոր շտաբի շենքի արևելյան հատվածը փոխանցվել է Պետական Էրմիտաժին։
Նևայի պողոտայի հատվածում, կառույցին կից կառուցված է կողաշենք, որտեղ տեղակայված է եղել Կայսերական ազատ տնտեսական միությունը։ Մինչև 1840-ական թվականները Նևայի պողոտայի անկյունում առկա է եղել կառույց, որը կառուցվել է 1768-1775 թվականներին՝ ճարտարապետ Ժան Բատիստ Միշել Վալեն Դելամոտի կողմից։ 1845-1846 թվականներին այդ տեղանքում ճարտարապետ Իվան Չերնիկը կառուցել է նոր կառույց, որի ճակատամասը նման է եղել Գլխավոր շտաբի արտաքին տեսքին[13]։
Կառույցի ճարտարապետական առանձնահատկություններից մեկը համարվում է արևմտյան մասնաշենքի գմբեթը։ Գմբեթը կառուցված է մետաղից և ապակուց։ Կառուցվել է 1902-1905 թվականներին Գրիգորի Կրիվոշեինի կողմից։ Գմբեթը ապահովել է ցերեկային լույսի ներթափանցումը գրադարան, որը գտնվում է գմբեթի տակ։ Նախկինում գմբեթի տեղում եղել է ցածր քարե գմբեթ, որը կառուցված է եղել Կարլ Ռոսսիի նախագծով։ Կառույցը և հին գմբեթը կապիտալ վերակառուցվել է 1890-1892 թվականներին, սակայն 1900 թվականին տեղի ունեցած հրդեհի արդյունքում ոչնչացվել են 12 հազար գրքեր և գրադարանի ինտերիերը[14]։
2008 թվականին մրցույթ է հայտարարվել՝ վերակառուցելու Գլխավոր շտաբի շենքի արևելային թևը։ Մրցույթը հաղթել է «Ինտարսիա» ընկերությունը և «Վերածնունդ» կազմակերպությունը։ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը հաստատել է մրցութային հանձնաժողովի պլանը և վերակառուցման բյուջեն։ Վերակառուցումն արժեցել է 4 418 414 868 ռուբլի[15]։
Գլխավոր շտաբի կամար
[խմբագրել | խմբագրել կոդը]Կամարը կառուցվել է որպես կառույցի գլխավոր և եզրափակիչ հուշարձան, որը նվիրված է 1812 թվականին տեղի ունեցած Առաջին հայրենական պատերազմին։ Կարլ Ռոսսի, նախագծելով երիտասարդ մայրաքաղաքի գլխավոր հրապարակը, որոշել է Գլխավոր շտաբի երկու մասնաշենքերը կապել հաղթակամարով՝ առանց մարտակառքի տեղադրման[16]։ Այս ճարտարապետական հնարքը, Շտաբի մասնաշենքի կառուցումից ոչ շատ առաջ, արդեն իսկ կիրառվել էր Ծովակալության շենքի հաղթակամարի ճարտարապետական անսամբլի ստեղծման ժամանակ։ Եվ Ռոսսին հրավիրել է այն քանդակագործներին (Ստեփան Պիմենով և Վասիլի Դեմութ Մալինովսկի), ովքեր իրագործել էին այդ նախագիծը։ Այդ վարպետների օգնությամբ ճարտարապետը ցանկացել է կերտել ճարտարապետական արտահայտչականություն՝ լրացնելով ճարտարապետության հստակությունը քանդակագործության հրաշալիք հանդիսացող արձաններով։
Կամարը բաղկացած է միմյանց կապված երեք կամարներից, որոնք ձևավորված են բարելիեֆներով։ Կամարի միջոցով Պալատական հրապարակից կարելի է անցնել Նևայի պողոտա։ Մինչև Մեծ ծովային փողոց ընկած հատվածը նախկինում կոչվել է Մարգագետնային փողոց կամ, ուղղակի, Փոքր միլիոնային փողոց։
Կոմպոզիցիայի մաքսիմալ արտահայտչականությունը նկատվում է հրապարակի կողմից նայելիս։ Ունենալով 36 մետր բարձրությունը՝ կառույցի գագաթին գտնվում է մարտակառքը, որը երևում է բավական հեռվից։ Մարտակառքը լծված են վեց ձիեր։ Նրանց պահում են երկու զինվորներ, որոնք հագած են հռոմեական զրահներ և զինված են նիզակներով։ Մարտակառքի վրա կանգնած է թևավոր Նիկեն, որի ձառ ձեռքն ուղղված է դեպի հրապարակ։ Աստվածուհու աջ ձեռքին դափնե պսակ է։ Քանդակե կոմպոզիցիան արտահայտում է հուշարձանի էությունը՝ հանդիսանալով զինվորական փառքի խորհրդանիշ։ Այդ մոտիվը շարունակվում է կամարի մյուս տարրերի մոտ։ Կամարի պատերը զարդարված են զինվորական զենք ու զրահը պատկերող պսակներով և արձաններով։ Զինվորական համազգեստը պատկերող արձանները տեղադրված են կամարի հրապարակի հատվածում։ Հաղթողներին ողջունում է հաղթանակի աստվածուհու կերպարը, որը փորձում է թռչել և հերոսներին փոխանցել դափնե պսակները և արմավենու ճյուղերը։ Ավարտելով կոմպոզիցիան, հրապարակում, Շտաբի երկրորդ շարք պատուհաններին հավասար, տեղադրված են անտիկ զրահներով ժամապահների արձանները, որոնք դափնե պսակներ են ձգում հրապարակ մտնողներին։
Կամարը հայտնվել է քանդակագործների և ճարտարապետների ակտիվ ստեղծագործական փոխգործակցության արդյունքում, իսկ նրա բացումը համընկել է գվարդիայի վերադարձի հետ, ովքեր կռվում էին Օսմանյան կայսրության դեմ՝ Ցարական Ռուսաստանի հարավային շրջաններում։
Գլխավոր շտաբի հաղթակամարը բացվել է 1828 թվականի հոկտեմբերի 24-ին։
Հրապարակի կառուցման շարունակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխավոր շտաբի շենքի մոնումենտալ տարածքի վերածումից հետո, որի մասնաշենքերը միացված էին հաղթակամարով, Կարլ Ռոսսին առաջ քաշեց ճարտարապետական կոմպոզիցիայի ավարտի գաղափարը։ Նա առաջարկեց շարունակել 1812 թվականին տեղի ունեցած առաջին հայրենական պատերազմի գաղափարը և հուշարձան տեղադրել Պալատական հրապարակի կենտրոնում։ Նա կարողացավ համոզել կայսր Նիկոլայ I-ին հրաժարվել տեղադրել հուշարձան՝ նվիրված Պետրոս I-ին։
Նախագծի հետագա մշակմամբ զբաղվել է ֆրանսիացի ճարտարապետ Օգյուստ Մոնֆերրանը։
Իրադարձությունների ժամանակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1819 թվականի մարտի 16 — Ալեքսանդր I-ը հրաման է արձակել՝ վերակառուցելու Ձմեռային պալատի դիմաց ընկած հրապարակը։ Պլանի և գծագրերի մշակման գործընթացը հանձնարարվել է Կ․Ի․ Ռոսսիին։
- 1820 թվականի մարտի 15 — «Ձմեռային պալատի առջև ընկած հրապարակի կառուցման հարցերով» կոմիտեն։
- 1820 թվականի հունիսի 12 — Գլխավոր շտաբի շենքի կառուցման պաշտոնական մեկնարկ։
- 1823 թվական — Արևմտյան թևի շինարարության ավարտ։
- 1825 թվական — Արևելյան թևի կառուցման հիմնական աշխատանքների ավարտ։
- 1826 — Կամարի կառուցման աշխատանքների ավարտ։
- 1827 - 1828 թվականներ — Քանդակագործային դեկորի ավարտ։
- 1828 թվականի հոկտեմբերի 28 — Կամարի հանդիսավոր բացում։
- 1830 թվական — Շինարարական աշխատանքների վերջնական ավարտ։
- 1890 - 1892 թվականներ — Գրադարանի կլոր սրահի վերակառուցում։
- 1902 - 1905 թվականներ — Ապակե գմբեթի կառուցում։
- 1917 - 1918 թվականներ — Փակվել են ԱԳՆ-ին կից եկեղեցին և Գլխավոր շտաբին կից Գեորգիևյան եկեղեցին։
- 1943 թվական — Լենինգրադի շրջափակման ժամանակ «Քաղաքացիներ, Հրետակոծության ժամանակ փողոցի այս հատվածը առավել վտանգավոր է» պաստառների տեղադրում։
- 1945 թվականի հուլիսի 8 — Գլխավոր շտաբի կամարի միջով հանդիսավոր կերպով անցել են Հայրենական մեծ պատերազմի հաղթողները՝ Լենինգրադի Գվարդիական կորպուսի զինվորները և սպաները։
- 1993 թվական — Գլխավոր շտաբի շենքի արևելյան թևը փոխանցվել է Պետական Էրմիտաժին։
- 2001 թվական — Նոր տարվա տոնակատարության ժամանակ հրդեհ է տեղի ունեցել Հաղթական մարտակառքի մոտ։
Պետական Էրմիտաժին հանձնված արևելյան թև
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականին ավարտվել է Գլխավոր շտաբի շենքի արևելյան թևի ամբողջական վերակառուցումը, որտեղ տեղակայված են Պետական Էրմիտաժի հավաքածուներից մի քանիսը։ Նախագծի հեղինակը համարվում է Նիկիտա Յավեյնի «Ստուդիա-44»-ը։ Սկսած 1993 թվականից, մասնաշենքում տեղակայված են եղել հետևյալ ցուցադրությունները․ «XX դարի ֆրանսիական արվեստ», «Մոդեռն արվեստ» և Գվարդիայի թանգարանը։ 2007 թվականին այստեղ ցուցադրվել են նաև «Էրմիտաժ 20/21», «Ամերիկան այսօր» ցուցադրությունները։ 2011 թվականի դեկտեմբերի 17-ին շենքում բացվել է «Հերկուլանումի հնություններ» ցուցադրությունը։ Վերջինս առաջին խոշոր ցուցադրությունն է, որը բացվել է վերակառուցված Գլխավոր շտաբի շենքում[17]։ 2012 թվականի մայիսի 16-19-ը Գլխավոր շտաբի շենքի արևելային թևում անց է կացվել Պետերբուրգի իրավագիտական երկրորդ միջազգային ֆորումը[18]։
2014 թվականի հունիսի 28-ին Գլխավոր շտաբը ամբողջությամբ բացվել է հասարակության համար՝ «Մանիֆեստ 10» լայնամասշտաբ ցուցադրության շրջանակներում։ Ցուցադրության բացման նպատակով այստեղ են փոխադրվել Անրի Մատիսի մշտական ցուցադրությունը, այդ թվում նաև «Պար», «Երաժշտություն», Վասիլի Կանդինսկու «Կոմպոզիցիա #6» և Կազիմիր Մալևիչի «Սև քառակուսի» կտավները։ Բացի այդ, բացվել են նաև Իլյա Կաբակովի և Դմիտրի Պրիգովի սենյակները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Здание главного Штаба ВС Российской империи: настоящее и будущее на официальном сайте Эрмитажа.
- ↑ Юркова З. В. Приложение. Антуан Франсуа Модюи // Сенная площадь. Вчера, сегодня, завтра. — 2011.
- ↑ 3,0 3,1 Д. И. Кузнецов Августин Бетанкур и знаменитый русский архитектор Карл Росси(ռուս.) // Известия Петербургского университета путей сообщения : журнал. — СПб:: Изд-во Петербургского университета путей сообщения (ПГУПС), 2008. — В. специальный выпуск. — С. 156—161. — ISBN ISSN 1815-588X. Архивировано из первоисточника 24 հունվարի 2022.
- ↑ 4,0 4,1 Самин, Д. К. Сто великих памятников / Д. К. Самин. — М.: Вече, 2002. — 479 с. — ISBN 5-7838-0875-X
- ↑ Памятники архитектуры Ленинграда. — Л.: КГИОП-Стройиздат, 1972. — С. 65
- ↑ Тарановская М. З. Карл Росси: Архитектор. Градостроитель. Художник. — Л.: Стройиздат, 1980. — С. 73
- ↑ «Источник». Արխիվացված է օրիգինալից 2018-03-03-ին. Վերցված է 2018-03-07-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Чернега А.В. «Здание Главного штаба». Прогулки по Санкт-Петербургу. walkspb.ru. Արխիվացված է օրիգինալից 2018-03-08-ին. Վերցված է 2018-03-07-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Весь Петроград, 1922. Список переименованных улиц. — стлб. 747—748.
- ↑ Гликин А. А. Классический Петербург и творчество Карло Росси в контексте современного традиционализма: Дисс… канд. филос. наук. — СПб., 2010. — С.70
- ↑ Тарановская М. З. Карл Росси: Архитектор. Градостроитель. Художник. — Л.: Стройиздат, 1980. — С. 74
- ↑ «Здание Главного Штаба. Историческая статья». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 19-ին.
- ↑ Федина А. И. Черноморские казаки на Невском проспекте // История Петербурга. — 2003. — № 3 (13). Архивировано из первоисточника 17 Հոկտեմբերի 2017.
- ↑ Чернега А.В. «Здание Главного штаба». Прогулки по Санкт-Петербургу. walkspb.ru. Վերցված է 2018 թ․ մարտի 7-ին.
- ↑ Деловой Петербург со ссылкой на «Фонтанка.ру» и Фонд инвестиционных строительных проектов Названы победители тендера на реконструкцию Главного штаба // Деловой Петербург ISSN 1606-1829 (Online). — 16:33 30 мая 2008 года.(չաշխատող հղում)
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 19-ին.
- ↑ ««Древности Геркуланума» — первая крупная выставка, открытая в отреставрированных помещениях Главного штаба». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 22-ին.
- ↑ «Подписание Соглашения о партнерстве между Министерством юстиции Российской Федерации и Государственным Эрмитажем». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 22-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Гусаров А.Ю. Памятники воинской славы Петербурга. — СПб, 2010. — ISBN 978-5-93437-363-5
- Чернега А.В. Здание Главного Штаба - электронный журнал "Петербургские прогулки"
- Жилинский Я. Здание Главного штаба. Исторический очерк. — СПб., 1892.
- Пилявский В. И. Зодчий Росси. — М.—Л.: ГИАиГ, 1951.
- Раскин А. Г Триумфальные арки Ленинграда. — Л.: Лениздат, 1985. — С. 69—91.
- Настя Елизарьева, Олег Явейн, Никита Явейн, Даниил Ширяев. журнал Tatlin Plan #24 Главный Штаб Государственного Эрмитажа. 2016. 104 с. ISSN 4607161800010 00147
- Ковалёв С. Н., Лаврук П. П. Здание Главного штаба на Дворцовой площади в Санкт-Петербурге. // Военно-исторический журнал. — 2003. — № 1. — С.30-33