Թենգլիի թանգարան (գերմ.՝ Museum Tinguely), շվեյցարականԲազել քաղաքի Solitudepark զբոսայգում՝ Հռենոս գետի ափին գտնվող մշակութային օջախ, որը նվիրված է բազելցի քանդակագործ և նկարիչ, դադաիզմից ներշնչված կինետիկ արվեստի ներկայացուցիչ Ժան Թենգլիի կյանքի ու ստեղծագործության արտացոլմանն ու լուսաբանմանը։ Թանգարանը, որ կառուցվել է շվեյցարացի ճարտարապետ Մարիո Բոտտայի նախագծով, բացվել է 1996 թվականիհոկտեմբերի 3-ին։ Մշտական ցուցադրությունում ներկայացված են Թենգլիի կինետիկ արվեստի վառ նմուշներ[4], նրա կենսագրության առանձին դրվագների և գործունեության մասին պատմող լուսանկարներ, փաստաթղթեր... Հավաքածուի միջուկը կազմում են Ժանի այն հինգուկես տասնյակ քանդակները, որ թանգարանին է նվիրաբերել նրա կինը՝ նկարչուհի Նիկի դը Սեն Ֆալը[5]։ Վերջինս թանգարանին է նվիրել նաև իր աշխատանքներից մեկը՝ «Նանա» քանդակաշարի մեջ ներառված «Գվենդոլին» պլաստիկե քանդակը[6] և Hon-ը, որ ամուսինների համատեղ ստեղծագործական աշխատանքի արդյունք է։
Թանգարանում կազմակերպվում են նաև Ժան Թենգլիի մտերիմ և նրան ժամանակակից, մոդեռն արվեստի ներկայացուցիչ արվեստագետների՝ Նիկի դը Սեն Ֆալի, Իվ Քլեյնի, Բերնհարդ Լուդինբյուլի, Մարսել Դյուշանի և այլոց աշխատանքների ժամանակավոր ցուցադրություններ։
Richard Ingersoll, Sergio Polano, Lutz Windhöfel, Ulrike Jehle-Schulte Strathaus, Jean-Yves Mock u. a.: Mario Botta. Museum Jean Tinguely Basel. Benteli 1997, ISBN 978-3-7165-1080-3