Jump to content

Իրաքի հայոց թեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Բաղդադ

Իրաքի հայոց թեմ[1] Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ Մերձավոր Արևելքի տարածքում գտնվող, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին պատկանող երկու թեմերից (Դամասկոսի հայոց թեմի հետ միասին) մեկը, որը ներկայացնում է առաքելական իրաքահայության հոգևոր կյանքը[2]։ Ի տարբերություն հարևան Սիրիայի և Իրանի հայկական թեմերի՝ Իրաքում թեմը նախատեսված է ամբողջ երկրի համար, ինչը բացատրվում է հայերի սակավ քանակով։ Առաջնորդանիստը Բաղդադի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է։

սուրբ Աստվածածին եկեղեցի, Բաղդադ

Իրաքի հայոց թեմը կազմավորվել է 1944 թվականին (մինչ այդ եղել է Իրանա-Հնդկաստանի թեմի կազմում)։ Թեմի տարածքում 21-րդ դարի սկզբին գործում էին 9 առաքելական եկեղեցի[2]։ Բաղդադում հայերը բնակություն են հաստատել քաղաքի հիմնադրումից ի վեր (762)։ 1847 թվականին Բաղդադի թեմն անջատվել է (որոշ ժամանակաշրջան) Իրանա-Հնդկաստանի թեմից և անցել Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքության գերակայության տակ։

14-րդ դարում համայնքն ունեցել է հոգևոր առաջնորդ։ 1638 թվականին Բաղդադը գրավվել է օսմանյան բանակի հայ թնդանոթաձիգ Գոգ Նազարի (Գևորգ Նազարյան) ձուլած թնդանոթի շնորհիվ։ Այդ ծառայության դիմաց Նազարը սուլթան Մուրադ IV-ից հողամաս է խնդրել հայերի համար։ Սուլթանի հրամանով Բաղդադում հող է հատկացվել հայկական եկեղեցի կառուցելու և գերեզմանատան համար։ 1640 թվականին (այլ տվյալներով՝ 1639 թվականին) կառուցվել է Իրաքի հայկական առաջին եկեղեցին՝ սուրբ Աստվածածինը։ Տարբեր քրիստոնյա համայնքներ, այդ թվում և նեստորականները, պաշտամունքի վայր չունենալով, հոգևոր ծիսական արարողություններ են կատարել այդ եկեղեցում։ Հետագայում նեստորականները, օգտվելով հայերի սակավաթվությունից, գրավել են եկեղեցին (շուրջ մեկ դար)։ 1750-ական թվականներին հայերը դատարանի որոշմամբ, եկեղեցու ձախակողմյան որմի հայկական արձանագրության հաստատումով, հետ են վերցրել եկեղեցին։ Այն հիմնովին վերակառուցվել է 1968-71 թվականին (բարերարությամբ՝ Արամ Ղարիբյանի), օծվել 1971 թվականին՝ ձեռամբ թեմի առաջնորդ Ասողիկ եպիսկոպոս Ղազարյանի։ Եկեղեցու շրջակայքը ցայսօր կոչվում է Կեոք Նազար։ Այն ուխտատեղի է ոչ միայն հայերի, այլև տեղի մյուս քրիստոնյաների համար։

1852 թվականին Բաղդադի թեմի անդրանիկ առաջնորդ Մեսրոպ Պոլսեցու նախաձեռնությամբ քաղաքի Շորջա թաղամասում կառուցվել է սուրբ Երրորդություն առաջնորդանիստ եկեղեցին (1957 թվականից չի գործում)։ 1876 թվականին բացվել է Սրբոց Թարգմանչաց վարժարանը, 1922 թվականին՝ Սվաճյան դպրոցը, 1948 թվականին այդ երկուսը միացել են և կոչվել Սրբոց Թարգմանչաց Սվաճյան ազգային միացյալ վարժարան։

սուրբ Վարդան եկեղեցի, Ավզրոկ

Բաղդադի սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հիմնարկեքը կատարվել է 1954 թվականին, օծումը՝ 1957 թվականին։ 1972 թվականին Բաղդադի Մելինե Դանիել Իսքենտերյան ազգային ծերանոցի տարածքում կառուցվել է սուրբ Կարապետ եկեղեցին (օծվել է 1973 թվականին)։ Կից գործում են քահանաների պատրաստության (քառամյա), ինչպես նաև Հայ եկեղեցասիրաց կազմի սուրբ Գրոց և Հայ եկեղեցու պատմության դասընթացներ։ Բաղդադի հայոց գերեզմանատան տարածքում 1986 թվականին կառուցվել է Սրբոց Նահատակաց եկեղեցին (1990 թվականին օծել է թեմի առաջնորդ Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը

Բասրայում դեռևս 1222 թվականին (քաղաքում և նրա շրջակայքում բնակվող հայերի թիվը հաշվի առնելով) հիմնվել է հայոց հոգևոր թեմ։ 1736 թվականին քաղաքի Հին Բասրա թաղամասում կառուցվել է սուրբ Աստվածածին եկեղեցին (օծվել է 1754 թվականին)։ Կից գործել է դպրոց։ 1920 թվականին եկեղեցու տարածքում բացվել է Հայ ազգային վարժարանը։ Բասրայի հայկական գերեզմանատանը 1973 թվականին կառուցվել է սուրբ Հովհաննես Կարապետ մատուռը (1973 թվականին օծել է Ասողիկ եպիսկոպոս Ղազարյանը)։

Մոսուլում 1857 թվականին կառուցվել է սուրբ Էջմիածին եկեղեցին, որը մեկ դար հետո ավերվել է։ 1968 թվականին նույն վայրում կառուցվել է ավելի ընդարձակ նույնանուն եկեղեցի (օծվել է 1969 թվականին), կից բացվել կիրակնօրյա դպրոց և դպրաց դաս։ Սիրիա-իրաքյան սահմանին քրդախոս հայերը հիմնել են Ավզրոկ գյուղը, որում կառուցվել է սուրբ Վարդան եկեղեցին։ Քիրքուքի Ղորիա կոչվող հայաշատ թաղամասում 1932 թվականին կառուցվել է առաջին հողակերտ աղոթատեղին, որին կից 1952 թվականին հիմնվել է սուրբ Աստվածածին եկեղեցին (վեմը օծվել է 1956 թվականին, նորոգվել 1997-98 թվականին, եկեղեցին և սուրբ սեղանը օծվել են 1998 թվականին)։ Ժամանակի ընթացքում այդ թաղամասում հայերի թիվը նվազել է։ Գալուստ Կյուլպենկյան հաստատությունը նորաշեն և արդիական Ալմաս թաղամասում հայ համայնքի համար գնել է հողամաս, որտեղ կառուցվել են դպրոց, քահանայի բնակարան, մարզական ակումբ։

Սուրբ Խաչ եկեղեցի, Էրբիլ

Զախոյում 1926 թվականին կառուցվել է աղոթատեղի (կանգուն է, բայց չի գործում)։ 1935 թվականին հիմվել է առաջին հողաշեն եկեղեցին՝ սուրբ Աստվածածին եկեղեցին։ 1969 թվականին եկեղեցին հիմնովին վերակառուցվել է Գալուստ Կյուլպենկյան հիմնարկության բարերարությամբ (օծվել է 1970 թվականին)։ Իրաքահայ համայնքի ազգային կյանքը ղեկավարում են Հայոց առաջնորդարանը և Ազգ. կենտրոնական վարչությունը (7 հոգուց բաղկացած), որոնց կից գործում են կրթական ազգային կալվածքները վերահսկող եկեղեցական հանձնաժողովներ։ 1990 թվականից լույս է տեսնում Հայոց առաջնորդարանի «Հաղորդագրություն» թերթը։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայաստանի Հանրապետության կառավարություն (2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշում). «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին (N 4 հավելված՝ Եկեղեցական այն կառույցների ցանկ, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը (հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով) համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ)». arlis.am.
  2. 2,0 2,1 «Իրաքի հայ համայնք». iraq.mfa.am. Իրաքում Հայաստանի Հանրապետության դեսպանություն.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: