Jump to content

Կատալոնյան երաժշտության պալատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կատալոնյան երաժշտության պալատ
կատ.՝ Palau de la Música Catalana*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Իսպանիա Իսպանիա
Տիպ Մշակույթ
Չափանիշներ
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1997  (21 նստաշրջան)
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Կատալոնյան երաժշտության պալատ (կատ.՝ Palau de la Música Catalana), համերգային սրահ Բարսելոնայում։ Կառուցված է կատալոնյան մոդեռն ոճով, ճարտարապետն է Լյուիս Դոմենեկ ի Մոնտաները։ Այն Եվրոպայի միակ համերգասրահն է, որ բնական եղանակով է լուսավորվում։ Թատրոնը բացվել է 1908 թվականի փետրվարի 9-ին։ 1997 թվականին Կատալոնյան երաժշտության պալատը Սան-Պաու հիվանդանոցի հետ ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում։

Տարեկան մոտ 1.5 միլիոն մարդ այցելում է երաժշտության պալատի ներկայացումներին[1]։ Այնտեղ կազմակերպվում են տատատեսակ ներկայացումներ՝ երաժշտական բեմականացումներ, սիմֆոնիկ, կամերային և ջազ երաժշտության, կատալոնյան երգերի համերգներ։

Պալատը նախատեսված է եղել համերգների և կատալոնյան երաժշտության երգչախմբային ընկերության համար (կատ.՝ Orfeó Català)[2][3]: Վերջինս ստեղծվել էր 1888 թվականին Բարսելոնում անցկացված համաշխարհային ցուցահանդեսից հետո։ Երգչախումբը նախատիպն էր լինելու համանման խմբերի Ֆրանսիայում, Գերմանիայում և եվրոպական այլ երկրներում[4]։

Շինարարության նախագիծը և բյուջեն հաստատվել են 1904 թվականի մայիսի 31-ին։ Նույն թվականի վերջին հատկացվում է 1.350 մ² տարածք։ Գործարքի արժեքը կազմում է 240 հազար պեսո[5]։ Ծրագրի ճարտարապետ է հաստատվում Լուիս Դոմենեկ-ի-Մոնտաները, որ այդ ժամանակ հայտնի էր իր այլ նախագծերով։ Շինարարությունը ընթանում էր հիմնականում նվիրատվությունների հաշվին։ Կառույցի հինաքարը դրվել է 1905 թվականի ապրիլի 23-ին։ Երեք տարի անց՝ 1908 թվականին, տեղի ունեցավ համերգասրահի բացումը[2]։

1909 թվականին Բարսելոնայի քաղաքային խորհրդի կողմից շենքը հռչակվել է լավագույն կառույց, իսկ Դոմենեկ-ի-Մոնտաները պարգևատրվել է քաղաքի ոսկե մեդալով։

1982-1989 թվականներին շենքը վերանորոգվել է և ընդարձակվել ճարտարապետներ Օսկար Տուսկետսի և Կարլես Դիասի նախագծով։ 2006-2008 թվականներին անցկացվել են թատրոնի վերանորոգման աշխատանքներ։

Մուտքին կից հին տոմսարկղը

Պալատը գտնվում է Բարսելոնի Լա-Ռիբերա պատմական թաղամասի Կարեր դե Սանտ Ֆրանսեզ դե Պաուլա նեղ փողոցում։ Շենքը կառուցված է մոդեռն ոճով, որտեղ թեք գծերը գերիշխում են ուղիղ գծերին, մեծ ծավալով պատկերված են գեղարվեստական զարդապատկերներ։ Շենքի կառուցման ընթացքում կիրառվել է պողպատե հիմք, ինչի շնորհիվ ստեղծվել են ներքին ընդարձակ տարածություններ։

Ճակատային մաս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճակատային մասը ներդաշնակ ձևով միավորում է տարբեր ոճերի տարրեր, օրինակ՝ ավանդական իսպանական և արաբական։ Ճակատային մասի երկրորդ մակարդակում տեղադրված են երկու սյուներ, որոնցից յուրաքանչյուրը ծածկված է ջնարակված սալիկներով, որ վերին հատվածում ավարտվում է ջահով։ Սյուների միջև տեղադրված են Բախի, Բեթհովենի, Պիերլուիջի դա Պալեստրինայի արձանները, Ռիխարդ Վագների արձանը փոքր-ինչ հեռու է։ Ճակատային մասի վերին հատվածը զարդարված է խճանկարով, որում պատկերված են «Orfeó Català» երգչախմբի անդամները։

Համերգասրահի առաստաղը

Համերգասրահը կարող է ընդունել 2.200 հանդիսատես։ Այն բնական լուսավորությամբ միակ համերգասրահն է Եվրոպայում։ Առաստաղը գմբեթ է, որ կազմված է գունավոր ապակիների խճանկարից։ Գմբեթի կենտրոնը ոսկեգույն է և խորհրդանշում է արևը, իսկ շուրջը օգտագործված կապույտը խորհրդանշում է երկինքը։ Պատերը և առաստաղը հիմնականում գույնզգույն վիտրաժից են։

Համերգասրահում շատ են քանդակները, որոնց հեղինակները 20-րդ դարի վարպետներ են։ Քանդակված են թևավոր ձիեր, տեսարաններ Վագների Վալկիրիա օպերայից։

Բեմի կենտրոնում Կատալոնիայի դրոշն է։ Բեմում տեղադրված են կանացի կերպարանք ներկայացնող 18 քանդակ, որոնք խորհրդանշում են հունական մուսաները։ Բեմի վերևում երգեհոնն է, որի խողովակները խորհրդանշում են արական երգչախմբի ձայները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Palau de la Música Catalana and Hospital de Sant Pau, Barcelona — UNESCO World Heritage Centre
  2. 2,0 2,1 Anna Cazurra Symbolism of the Muses of the Palau de la Música Catalana // Music in Art. — Research Center for Music Iconography, The Graduate Center, City University of New York, 2002. — В. 27. — № 1/2 Spring-Fall. — С. 116-126.
  3. Roig, Josep L. Historia de Barcelona. — Ediciones Primera Plana, 1995. — С. 155. — ISBN 84-8130-039-X
  4. Maiken Umbach A Tale of Second Cities: Autonomy, Culture, and the Law in Hamburg and Barcelona in the Late Nineteenth Century // The American Historical Review. — Oxford University Press, 2005. — В. 110. — № 3. — С. 671.
  5. García-Martin, Manuel Benvolgut Palau de la Música. — Barcelona, Catalana de Gas, 1987. — ISBN 84-404-0431-X

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատալոնյան երաժշտության պալատ» հոդվածին։