Jump to content

Կեղծ մումիաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կեղծ մումիաները  կեղծ արտեֆակտներ են, որոնք ներկայացվում են որպես հնագիտական գտածոներ, որոնք իբր ստեղծվելլ են հին ժամանակներում։ Դրանք, որպես կանոն, ստեղծվում են խաբեբաների կողմից, ովքեր նյութական շահի համար կեղծում են հնաոճ իրեր, նկարներ և այլ արտեֆակտներ, ներառյալ մումիաները։ Հետազոտության ժամանակակից մեթոդների կիրառումը հնարավորություն է տվել բացահայտել մի քանի կեղծ մումիա։

Եգիպտոսում մումիաները 17-19-րդ դարերում ճանապարհորդների կողմից ամենապահանջված իրերից էին։ Կեղծ մումիաներ են պատրաստվել 16-20-րդ դարերում։ Վերածննդի ժամանակաշրջանի սահմանափակ գիտելիքները հանգեցրել են անհիմն եզրակացությունների և «մումիա» տերմինի սխալ մեկնաբանմանը։ Այն հաճախ շփոթել են «մումիոյի» (սև խեժ)՝ բնական կենսաբանական նյութի հետ։ Մումիաների սևացած մարմինը նման էր մումիոյին և հակառակը։ «Մումիա» բառը միջնադարում սխալմամբ սկսել է օգտագորժվել և՛ մումիոյի, և՛ հենց մումիայի համար։ 11-րդ դարի բժիշկ Կոնստանտին Աֆրիկացին գրել է, որ մումիան «դամբարաններում հայտնաբերված համեմունք է»[1]։

Մումիաները մասնատվել և տեղափոխվել են Եվրոպա, առևտուրը հաճախ անօրինական է եղել, բայց եկամտաբեր։ Մումիայի փոշին օգտագործվել է բուժական նպատակներով, քանի որ միջնադարյան բժիշկները, թեև ոչ բոլորը, կարծել են, որ այն ունի բուժիչ հատկություններ և բուժում է բազմաթիվ հիվանդություններ՝ ներքին արյունահոսությունից մինչև զկռտոց[2]։

Մումիայի փոշին լայնորեն ներկայացված է եղել եվրոպական դեղատներում։ Հումքի մեծ պահանջարկը դրդել է անբարեխիղճ մումիա վաճառողներին կեղծ մումիաներ ստեղծել՝ զմռսելով և չորացնելով վերջերս մահացած մարդկանց գողացված դիակները և վաճառելով դրանք։ Մահացածներին ընտրել են առանց մահվան պատճառը հաշվի առնելու, և հնարավոր է, որ այս պրակտիկան նպաստել է ժանտախտի տարածմանը[2]։

Կարծիք կա, որ մումիայի փոշին օգտագործվել է սև-շագանակագույն երանգով ներկերի արտադրության մեջ, որը տարածված էր նախառաֆայելյան նկարիչների շրջանում, չնայած ոչ բոլորը գիտեին դրա ծագման մասին։ Ենթադրվում է, որ Մարթեն Դրոլինգը մեծ քանակությամբ նման ներկ է օգտագործել «Խոհանոցի ինտերիերը» (1815) նկարը ստեղծելիս։ Էժեն Դելակրուան 1824-1854 թվականներին օգտագործել է այս ներկը է իր ներկապնակում, հնարավոր է, որ այն օգտագործվել է «Ժողովրդին առաջնորդող Ազատությունը» (1830) ստեղծելիս։ Էդվարդ Բերն-Ջոնսի եղբորորդին՝ գրող Ռեդյարդ Քիփլինգը, «Իմ մասին ինչ-որ բան» գրքում նկարագրել է, թե ինչպես է իր հորեղբայր Բերն-Ջոնսը, իմանալով, որ ներկը պատրաստված է «մեռած փարավոններից», որոշել է «համապատասխանաբար թաղել ներկի պարկուճը»։ Ռեդյարդ Քիփլինգը դա նկարագրել է իր գրքում՝

Կեսօրին նա իջավ շագանակագույն ներկի պարկուճը ձեռքին և ասաց, որ, ինչպես իրեն հաջողվեց պարզել, այն պատրաստված է մահացած փարավոններից, ուստի մենք պետք է նրան պատշաճ թաղենք։ Մենք դուրս եկանք և թաղում արեցինք, հուսով ենք՝ հին եգիպտական ծեսերի համաձայն։ Եվ մինչ օրս ես հիշում եմ այն տեղը, որտեղ թաղված էր այս պարկուճը[3][4]։
- Ռեդյարդ Քիփլինգ

Կարմրավուն շագանակագույն և օխրայի երանգների պատճառով ենթադրվում է, որ Օքսֆորդի համալսարանի գրադարանում պահվող Բըրն-Ջոնսի «Դեմոսթենեսի մահը» նկարում հնարավոր է օգտագործվել է այս շագանակագույն ներկը[5]։

Մումիաների կեղծում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ թանգարաններում փորձագետները հայտնաբերում են կեղծ արտեֆակտներ, ներառյալ մումիաները, որոնք երկար տարիներ համալրել են ցուցադրությունը, քանի որ թանգարանների աշխատողները, հնագետները և գիտնականները միշտ չեն կարող որոշել, որ դրանց իսկությունը։ 2015 թվականին Մանչեսթերի համալսարանի գիտնականները պարզել են, որ Մանչեսթերի թանգարանի մումիֆիկացված կենդանիների ցուցանմուշների մոտ մեկ երրորդը ընդհանրապես չի պարունակում կենդանական նյութ և նույնիսկ կմախքներ։ Տարբեր ձևերի և չափերի ավելի քան 800 մումիաների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանց միայն մեկ երրորդում են կենդանիներիի մնացորդներ։ Կենդանիների մումիաների հավաքածուի մեկ երրորդը լցված էր կենդանիների մասնակի մնացորդներով, իսկ վերջին երրորդում ընդհանրապես կենդանիների մասեր չկային[6]։

Հաքենսաքի կեղծիք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1928 թվականին ''The Washington Post-'' ը գրել է Նյու Ջերսի նահանգի Հաքենսաք քաղաքում տեղի ունեցած մի իրադարձության մասին։ Պարզվել է, որ «եգիպտական արքայադուստրը» կեղծ է։ Տեղացի քահանան պատմել է, որ մումիան ձեռք է բերել Եվրոպայում և 1902 թվականին նվիրաբերել է Բերգենի պատմական ընկերությանը։ Մումիան մեծ համբավ ձեռք բերեց Ջոնսոնի հանրային գրադարանում ցուցադրվելու միջոցով և մնացել այնտեղ մինչև համադրողը՝ տիկին Ֆրենսիս Վեստերվելտը, հայտնաբերել է, որ մումիան լաթերով լցված կեղծիք է։ «Մումիան» հանվել է ցուցադրությունից և այրվել[1]։

Երեխայի մումիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոնդոնի Բրիտանական թանգարանում պահվում է 18-րդ դարում Եգիպտոսի Սակկարա դամբարանադաշտից բերված երեխայի կեղծ մումիա, որը պահվում է կոպիտ սարքված տուփի մեջ, որը հավանաբար պատրաստված է իսկական փայտե դագաղների կտորներից[7]։

Կեղծիք Միսիսիպի նահանգի Կապիտոլիումում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1920-ականներին Միսիսիպիի արխիվների և պատմության վարչությունը գնդապետ Բրեվորթ Բաթլերի եղբորորդուց ձեռք է բերել հնագիտական իրերի մեծ հավաքածու։ Դրանց թվում եղել է եգիպտական մումիա։ Տասնամյակներ շարունակ այն ցուցադրվել է Միսիսիպի նահանգի Կապիտոլիումի շենքում և եղել է ցուցադրության հպարտությունը։ 1969 թվականին հնէաբանությամբ հետաքրքրվող բժիշկ-ուսանող Ջենթրի Յեթմանը ուսումնասիրելու և հիվանդության նշաններ փնտրելու համար խնդրել է թանգարանին տրամադրել մումիան։ Իշխանությունները թույլ են տվել և մումիան ուղարկել են Միսիսիպիի համալսարանի բժշկական կենտրոն։ Ռենտգեն հետազոտությունը ցույց է տվել տարբեր կենդանիների կողեր և քառակուսի մեխեր, որոնք միասին պահել են փայտե շրջանակը։ Ավելի ուշ պարզվել է, որ մումիան հիմնականում բաղկացած է պապիե-մաշեից։ Այն պարունակել է գերմանական թերթի թուղթ, ինչպես նաև 1898 թվականի Milwaukee Journal-ի թերթեր[8]։

Պարսկական արքայադուստր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարսկական արքայադուստրը կամ պարսկական մումիան ենթադրյալ պարսիկ արքայադստեր մումիա շ է, որը 2000 թվականի հոկտեմբերին հայտնաբերվել է Պակիստանի Բելուջիստան նահանգում։ Ոմն պակիստանցի Սարդար Վալի Ռիկի փորձել է 35 միլիոն ֆունտ ստեռլինգով մումիան վաճառել անհայտ գնորդի։ Մետրոպոլիտեն արվեստի թանգարանի ավագ գիտաշխատող Օսկար Մուսկարելը ստացել է մումիայի չորս լուսանկար՝ ոսկյա կրծքազարդի սեպագիր արձանագրության թարգմանությամբ։ Ռիկին բացատրել է, որ ինքը մումիան վաճառում է հնաոճ իրերի պակիստանցի վաճառողի անունից, և որ գրության թարգմանությունը կատարել է «ամերիկյան խոշոր համալսարանի սեպագրերի մասնագետ»։ Մումիան ներկայացվել է որպես Աքեմենյան Պարսկաստանի թագավոր Քսերքսեսի դուստր, որ ապրել է մ.թ.ա. 5-րդ դարում։ Հետագա հետազոտություններից հետո պարզվել է, որ մումիան հնագիտական կեղծիք է:. Պակիստանի ոստիկանությունը խուզարկել է Ռիկիի տունը, ով պնդում էր, որ երկրաշարժից հետո է գտել մումիայով դագաղը։ Իրանը հայտարարել է, որ մումիայի իրավունքները պատկանում են երկրին, քանի որ գյուղը, որտեղ ապրել է Ռիկին, գտնվել է նրա սահմանին։ Արտեֆակտի սեփականության շուրջ վեճին միացել է Աֆղանստանը, մումիան ուղարկվել է Պակիստանի ազգային թանգարան։ Դագաղի որոշ հատվածներ թանգարանի աշխատակիցներին կասկածելի են թվացել, քանի որ դրանք չափազանց ժամանակակից տեսք են ունեցել։ Բացի այդ, ոչ մի պատմական ապացույց չկա, որ Իրանում, Պակիստանում կամ Աֆղանստանում որևէ ցեղ երբևէ մումիֆիկացրել է մահացածներին։ Հետագա վերլուծությունը ցույց է տվել, որ մումիան 21-ամյա կնոջ մնացորդ է, որը կարող էր սպանության զոհ լինել։ Դին ուղարկվել է դիահերձարան, ոստիկանությունը ձերբակալել է Ռիկիին և նրա ընտանիքին[9]։

Քուրմի մումիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարշավայի համալսարանի հնագետների և կենսահնագետների խումբը, որ աշխատել է «Վարշավայի մումիա» նախագծում, բացահայտել է, որ 2015 թվականին Վարշավայի ազգային թանգարանում գրեթե մեկ դար ցուցադրվող մումիան կեղծիք է։ Մումիան ներկայացվել է որպես եգիպտացի քուրմ։ Մումիան թանգարանին նվիրաբերել է Յան Վեզիկ-Ռուդզկին 1826 թվականին, որը կարծում էր, որ այն հայտնաբերվել է Թեբեի թագավորական դամբարաններում[10][11]։ Համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով գիտնականները պարզել են, որ դա հղի կնոջ մումիֆիկացված դիակ է[12]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Europe's morbid 'mummy craze' has been an obsession for centuries». nationalgeographic.co.uk (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 18-ին.
  2. 2,0 2,1 Megan O’Hearn. «The strange fates of pillaged mummies». Artstor (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-11-18-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 12-ին.
  3. Rudyard Kipling. «Something of Myself and Other Autobiographical Writings» (անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 21-ին.
  4. Редьяр Киплинг. «Немного о себе для моих друзей — знакомых и незнакомых» (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 21-ին.
  5. Lauren R. Bruce. «The corpse on the canvas: the story of 'mummy brown' paint». Art UK (անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  6. Sarah Pruitt. «Scientists Reveal Inside Story of Ancient Egyptian Animal Mummies». History.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  7. Osama Shukir Muhammed Amin. Fake «Mummy from Saqqara». World History Encyclopedia (անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 12-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)CS1 սպաս․ url-status (link)
  8. Capers, Charlotte. "Dummy Mummy, " The Delta Review, Vol.6, No.9, pp. 78-80, 1969.
  9. Romey, Kristin M. (January–February 2001). «Special Report: Saga of the Persian Princess». Archaeology. Archaeological Institute of America. 54 (1). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 22-ին.
  10. Starr, Michelle (2021 թ․ ապրիլի 30). «A Pregnant Ancient Egyptian Mummy Has Been Discovered in a Shocking World First». ScienceAlert (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  11. Zdziebłowski, Szymon (2021 թ․ ապրիլի 29). «World's first pregnant ancient Egyptian mummy identified in Warsaw». Science in Poland (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  12. Kolirin, Lianne (2021 թ․ ապրիլի 30). «First pregnant Egyptian mummy surprises researchers». CNN (անգլերեն). Poland. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 30-ին.