Jump to content

Հրետանային ինքնագնաց կայանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժամանակակից ռուսական 2С19 «Մստա-Էս» ՀԻԿ

Հրետանային ինքնագնաց կայանք (ՀԻԿ) կամ ինքնագնաց հրետանային կայանք, խոշոր տրամաչափի հրանոթ է, որը տեղադրված է ինքնագնաց հենասարքի(շասսի) վրա։ Որպես մարտական մեքենա հրետանային ինքնագնաց կայանքը արտաքուստ նման է տանկի, բայց իրենից ներկայացնում է բացառապես հրետանային միջոց՝ զինված թնդանոթներով կամ հաուբիցային հրանոթներով և կատարում է այլ տակտիկական խնդիր։ Հրետանային ինքնագնաց կայանքը լինում է տարբեր տեսակի՝ զրահապատված կամ առանց զրահի, անիվավոր կամ թրթուրավոր հենասարքով, թնդանոթի աշտարակային կամ ֆիքսված մոնտաժումով։ Հրետանային ինքնագնաց կայանքը որպես այդպիսին առաջացել է դեռևս Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տանկերի և ծանր հրանոթային զրահապատ մեքենաների զարգացման հետ։ Եթե գնահատենք ներկայիս չափանիշներով ապա ամենաառաջին տանկերից ֆրանսիական Սեն-Շամոնը և ՍԱ-1 Շնեյդերը իրենց հատկանիշներով ավելի շուտ հրետանային ինքնագնաց կայանք էին, քան թե տանկ։

Տանկի և հրետանային ինքնագնաց կայանքի տարբերությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրետանային ինքնագնաց կայանքը ի տարբերություն տանկի նախատեսված է բոլորովին այլ մարտական խնդիրների կատարման համար և կիրառման տակտիկայով բոլորովին այլ սկզբունքի է։ ՀԻԿ-ը կարող է կրակ վարել բավականին մեծ հեռավորությունների վրա, որը թույլ է տալիս խուսափել հակառակորդին հետ շփման գծին մոտենալուց, սրանով է պայմանավորված ՀԻԿ-ի համեմատաբար թույլ զրահավորվածությունը և մեծ գաբարիտները (հիմնականում բարձրությունը)։ Ի տարբերություն տանկի զրահի, ՀԻԿ-ի զրահը նախատեսված է հակառակորդի դիվերսիոն խմբերի և դեսանտի հրազենային հարձակումից անձնակազմի պաշտպանման համար, ուստի նրա վրա բացակայում են զրահի ակտիվ և դինամիկ պաշտպանության միջոցները։ ՀԻԿ-ի հրանոթը ավելի հզոր է, քան տանկինը, փողը ավելի ծանր ու երկար է, իսկ կողմնորոշիչ ու նշանառության միջոցները ավելի կատարելագործված են, ունի բալիստիկայի հաշվարկման և այլ լրացուցիչ օժանդակ միջոցներ։ Շնորհիվ այս հատկությունների ու նաև այն հանգամանքի կրակ վարելիս ՀԻԿ-ը գտնվում է անշարժ վիճակում, նրա կրակի արդյունավետությունը ավելի մեծ է քան տանկինը։

Հրետանային ինքնագնաց կայանքների դասակարգումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կախված իրենց առջև դրված խնդիրներից ՀԻԿ-երը կարող են լինել

Խորհրդային արտադրության տանկի կործանիչ ՍՈՒ-100
Խորհրդային ծանր գրոհային թնդանոթ ԻՍՈՒ-152
Անգլիական ինքնագնաց հաուբից Սեքստոն(Sexton)
  • Ինքնագնաց հաուբիցներ։ Շարժական թնդանոթ է՝ նախատեսված փակ դիրքերից կարկի վարման համար, կցովի հրետանու ինքնագնաց տեսակն է։ Ունենում է տարատեսակ տրամաչափի(75 - 406 մմ) հրանոթ, համեմատաբար թեթև հակաբեկորային զրահ։ Ինքնագնաց հաուբիցների զարգացումը սկսվել է ինքնագնաց հրետանու առաջացման ժամանակներից մինչ այժմ։ Ժամանակակից Ինքնագնաց հաուբիցները կատարելագործված լինելով նշանառության և կողմնորոշիչ նոր սարքավորումներով, ունենալով ավելի բարձր շարժունակություն համարվում են հրետանու կարևոր մասը, իրենց հատուկ տեղն ունեն 152 մմ-ից բարձր տրամաչափի հաուբիցները, որոնք ընդունակ են օգտագործել միջուկային մարտական գլխիկով արկեր։ Առավելապես հայտնի հաուբիցներից են ՍՈՒ-76Մ, 2Ս19 «Մստա-Էս», գերմանական Վեսպե (Wespe) и Հումել (Hummel), ամերիկյան Մ7 (Փրիեսթ), Մ12 և Մ109 «Պալադին», անգլիական Սեքթոն(Sexton) и Բիշոպ(Bishop) մեքենաները։
Խորհրդային հակատանկային ՀԻԿ ՍՈՒ-76Մ
  • Հակատանկային ՀԻԿ-եր։ Բաց կամ կիսաբաց, թեթև զրահավորվածմարտական մեքենաներ են, որոնց վրա տեղադրված է (37 - 128 մմ) տրամաչափի հակատանկային հրանոթ։ Լայն կիրառում են ունեցել ինչպես Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին(Marder II և ՍՈՒ-76Մ), այնպես էլ հետո, չեն կորցրել իրենց մրցունակությոանը մինչև այժմ, սակայն հիմա արդեն գոյություն ունեն բավականին նոր և կատարելագործված մարտական մեքենաներ՝ զինված տարբեր տեսակի հակատանկային միջոցներով։
ԶՍՈՒ-23-4 «Շիլկա» համակարգը ռազմերթի ժամանակ
  • Զենիթային ինքնագնաց կայանքներ (ԶԻԿ)։ Հրանոթագնդացրային սպառազինությամբ մարտական մեքենաներ, նախատեսված հակառակորդի ցածր թռչող օդուժի դեմ պայքարելու համար։ Ունենում են կամ փոքր տրամաչափի (20 - 40 մմ) ավտոմատ հրանոթներ, կամ խոշոր տրամաչափի (12.7 - 14.5 մմ) զենիթային գնդացիրներ, համալրված են բարդ նշանառության և կողմնորոշիչ սարքերով, երբեմն նաև ունենում են «երկիր-օդ» դասի հրթիռներ։ Երկրորդ աշխարհամարտի տարիների հայտնի ԶԻԿ-երից են գերմանական Wirbelwind և Ostwind, խորհրդային ԶՍՈՒ-37, իսկ ժամանակակից ամենատարածված ԶԻԿ-երից են ԶՍՈՒ-23-4 «Շիլկա» և հրթիռա-հրետանային ԶՍՈՒ «Տունգուսկա» մեքենաները։
37մմ ՀՕՊ-ի չինական ՏԻՊ-65 համակարգ՝ խորհրդային Տ-34 տանկի բազայի վրա
  • Որոշ դեպքերում՝ ժամանակի կամ տեխնիկայի ու սպառազինության սղության պայմաններում, զենիթային, հակատանկային ու հրետանու միջոցները կարող են տեղադրվել այլ բաների համար նախատեսված մարտական կամ ոչ մարտական մեքենաների վրա, որոնք երբեմն լինում են ընդհանրապես առանց զրահի։ Այդպիսի օրինակներ եղել են Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին խորհրդային, գերմանական և իտալական բանակներում, Իրաքի պատերազմի ու նաև արցախյան պատերազմի ժամանակ։ ՀՀ զինված ուժերում այժմ կա խորհրդային արտադրության ՄՏԼԲ-ի՝(ռուս.՝ МТ-ЛБ) թեթև զրահավորված բազմանպատակային քարշակ-փոխադրիչի վրա տեղադրված ԶՈՒ-23-2, Ս-60 զենիթային համակարգ[1]։

ՀԻԿ-երը կարող են դասակարգվել նաև ըստ զրահապատվածության(թեթև, միջին, ծանր), ըստ հրանոթի տրամաչափի(փոքր, միջին, խոշոր), ըստ հենասարքի տեսակի(անիվավոր, թրթուրավոր, համակցված) և այլ չափանիշներով։

Հրետանային ինքնագնաց կայանքների կիրառման տակտիկան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսպանական ծովային հետևակի Մ109Ա6 «Պալադին» ամերիկյան ինքնագնաց հաուբից

ՀԻԿ-երը հիմնականում կիրառվում են այլ տեսակի զիրքերին մարտի ժամանակ հրետանային կրակով օժանդակելու համար։ Հարձակման ժամանակ ՀԻԿ-երը, շնորհիվ իրենց բարձր շարժունակության, կարող են ուղեկցել տանկերին մինչև հակառակորդի պաշտպանության խորքերը՝ բարձրացնելով գրոհային ստորաբաժանումների(զրահատանկային և մոտոհետևակային) մարտունակությունը։ ՀԻԿ-երով համալրված հրետանային ստորաբաժանումները, նորից շնորհիվ բարձր շարժունակության, առանց այլ զորատեսակի աջակցման կարող են ինքնուրույն հրետանային կրակի տակ պահել հակառակորդին։ Դա կատարվում է հետևյալ կերպ՝ նախօրոք որոշվում և նշանակվում են նպատակակետերը, կատարվում է համապատասխան հաշվարկ և լիովին նախապատրաստվում են կրակի արդեն նախորոշված կրակային դիրքից, հետո ՀԻԿ-րը առաջ են շարժվում դեպի կրակային դիրքեր ու առանց նշանափորձման հրետակոծում նպատակակետերը, ավարտելով արագ հեռանում դեպի պահեստային դիրքեր, այսպիսով մինչ հակառակորդը կկատարի տեղորոշում ու պատասխան կրակ կբացի նրանք վաղուց արդեն լքում են կրակային դիրքերը։

Գերմանական 155-մմ տրամաչափի PzH 2000 ինքնագնաց հաուբից

Հակառակորդի կողմից պաշտպանական գծի ճեղքման դեպքում ՀԻԿ-երը հաջողությամբ կարող են օգտագործվել որպես հակատանկային միջոց, այդ դեպքերում ՀԻԿ-երի սպառազինության մեջ լինում են հատուկ բեկորա-ֆուգասային կառավարվող արկեր(օր.՝ Կրասնոպոլ, Կիտոլով, Սանտիմետր, Կոպերհեդ(ԱՄՆ) և այլն) կամ այլ հակատանկային արկեր։ Միջուկային մարտական գլխիկով արկերով համալրված ՀԻԿ-երը միայնակ կարող են ոչնչացնել հակառակորդի հույժ կարևորություն ունեցող օբյեկտներ(օդանավակայան, երկաթգծի կայարան, կայազորի տեղակայման վայր, կարևոր գործարաններ), այս դեպքում միջուկային արկը, ի տարբերություն տակտիկական միջուկային հրթիռի կամ ռմբակոծիչ ինքնաթիռի պրակտիկորեն անորսալի է, բայց հեռահարությունը և միջուկային պայթյունի հզորությունը համեմատաբար ցածր է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայկական բանակ» ռազմագիտական հանդես, ISSN 1829-0108, ՀՀ Ռազմական արդյունաբերության խնդիրներ, ՍԱՈՒ-57Մ, էջ 48։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 361