Jump to content

Մեծ հյուսիսային հարթավայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեծ հյուսիսային հարթավայրը փոքր բարձրությունով հսկայական շրջան է, որը շրջապատում է հս. լայն. 70°

Մեծ հյուսիսային հարթավայր (լատին․՝ Vastitas Borealis[1]), Մարսի վրա գտնվող ամենամեծ իջվածքը։ Գտնվում է մոլորակի հյուսիսային լայնություններում և շրջապատում է հյուսիսային բևեռային շրջանը։ Երբեմն այն անվանում են նաև պարզապես Հյուսիսային հարթավայր կամ Հյուսիսային իջվածք։ Հարթավայրը ընկած է 4-5 կմ ավելի ներքև մոլորակի միջին շառավղի մակարդակից։ Նրանից հյուսիս է գտնվում Հյուսիսային բարձրավանդակը[2]։ Շրջանի անվանումը տվել է Էժեն Անտոնիադին, ով նշել էր հյուսիսային հարթավայրերի տարբեր ալբեդոյի արժեքները իր ֆր.՝ La Planète Mars (1930) գրքում։ Անվանումը պաշտոնապես ընդունվեց Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) կողմից 1973 թվականին[3]։

Մեծ հյուսիսային հարթավայրում տարանջատվում են երկու ավազան՝ Հյուսիսային բևեռային ավազանը և Ուտոպիա հարթավայրը։ Որոշ գիտնականներ ենթադրում են, որ Մարսի պատմության ինչ-որ պահին այս հարթավայրերը ծածկված են եղել օվկիանոսով և ենթադրյալ ափերի գոտին անց են կացրել այս հարթավայրերի հարավային սահմանների երկայնքով։ Այսօր, դրանք թեթևակի թեքված հարթավայրեր են, որտեղ կան լեռնաշղթաներ, ոչ բարձր բլուրներ և հազվագյուտ խառնարաններ։ Մեծ հյուսիսային հարթավայրը նկատելիորեն ավելի հարթ է, քան նմանատիպ տոպոլոգիական շրջանը մոլորակի հարավային կիսագնդում։ 2005 թվականին Եվրոպական տիեզերական գործակալությունը Մարս էքսպրես արբանյակի միջոցով հայտնաբերեց ջրային սառույցի զգալի քանակություն Մեծ հյուսիսային հարթավայրի խառնարաններից մեկում։ Տեղանքի էկոլոգիական իրավիճակը բավարար է մնայուն սառույցի շերտերի առաջացման համար։ Պարզվել է, որ չնայած հյուսիսային կիսագնդում տեղի ունեցող ածխաթթու գազի գոլորշիացմանը Մարսի ամառվա սկզբում, այս սառույցները կարելի է համարել կայուն ամբողջ մարսյան տարվա ընթացքում[4]։

2008 թվականի մայիսի 25-ին (մարսյան ամառվա սկզբում) Մեծ հյուսիսային հարթավայրի շրջանում, որը ոչ պաշտոնապես անվանվում է «Կանաչ հարթավայր» (անգլ.՝ Green Valley), բարեհաջող վայրէջք կատարեց Ֆենիքս (ՆԱՍԱ) սարքը։ Այն վայրէջք կատարեց 68°13′08″ հս․. լ. 234°15′03″ ավ. ե. / 68,218830° с. ш. 234,250778° в. д. / 68.218830; 234.250778[5], որպեսզի անշարժ դիրքում հավաքի և հետազոտի հողի նմուշները, ջրի որոնման համար, ինչպես նաև որպեսզի պարզվի, արդյոք մոլորակը անցյալում (երբևէ) եղել է հարմար կյանքի զարգացման համար։ Սարքը գործել է համարյա հինգ ամիս, մինչև Մարսի ձմեռային պայմանները նրա աշխատանքի համար չափազանց խիստ գտնվեցին[6]։

Մարսի մակերևույթը Ֆենիքս սարքից։

Ի տարբերություն մի քանի տեղերից, որոնք դիտարկվել են Վիկինգ և Pathfinder սարքերով, բոլոր քարերը սարքերի տակ և վայրէջքի վայրին մոտ փոքր են։ Այնքան, որքան կարող է տեսնել սարքի տեսախցիկը մակերևույթը հարթ է, սակայն «բաժանված է» բազմանկյունների։ Այս մարմինների տրամագիծը մոտ 2-3 մետր է, իսկ բաժանված են իրարից 20 - 50 սմ խորությամբ ակոսներով։ Այս ձևավորումները պայմանավորված են հողի մեջ եղած սառույցի փոփոխություններով ջերմաստիճանի կտրուկ տատանումների ժամանակ[7]։ Հողի վերին շերտը կեղևակալած է։ Մանրադիտակի տակ հետազոտությունը ցույց տվեց, որ հողը բաղկացած է հարթ (հավանաբար կավ) և շրջանաձև մասնիկներից։ Հողի նմուշի վերցնելիս այս մասնիկները կպչում էին իրար։ Ի տարբերություն Մարսի այլ մասերում այլ սարքերով դիտարկած դյունաների և բծերի, Ֆենիքսի վայրէջքի վայրում այսպիսի բաներ չեն նկատվել։ Սառույցը ընկած է մի քանի սանտիմետր մակերևույթից ներքև բազմանկյունների կենտրոնի տակ։ Բազմանկյունների կողմերի երկայնքով սառույց հանդիպում է ոչ բարձր քան 20,48 սմ խորության վրա։ Ամառը մթնոլորտի ազդեցության տակ սառույցը դանդաղ անհետանում է[8]։ Ձմռանը գոլորշիները նստում են ձյան տեսքով մակերևույթին[9]։

Մակերևույթի քիմիական կազմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձային Ֆենիքս սարքի առաքելության հետազոտությունների արդյունքների, նմուշների մեջ հայտնաբերվել են քլորիդներ, բիկարբոնատներ, մագնիում, նատրիում, կալիում, կալցիում և, հնարավոր է նաև սուլֆատներ։ Պարզվել է, որ թթվա-հիմնային հավասարակշռությունը (pH) հավասար է 7,7 +/- 0,5: Ինչպես նաև հայտնաբերվել է չափազանց ուժեղ օքսիդիչ պերքլորատ (ClO4)։ Պերքլորատի առկայությունը դարձավ շատ կարևոր հայտնագործություն, քանի որ այս քիմիական միացությունը կարող է օգտագործվել որպես հրթիռների վառելիքի ռեակտիվ մաս, ինչպես նաև թթվածնի աղբյուր ապագա բնակիչների համար։ Որոշակի պայմաններում պերքլորատը կարող է կյանքի առաջացմանը խոչնդոտել, սակայն չնայած այդ հանգամանքին, որոշ միկրոօրգանիմները ստանում են այս նյութից էներգիա (անաէրոբ վերականգնում)։

Հողի կառուցվածքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ հյուսիսային հարթավայրի մակերևույթի մեծ մասը ծածկված է նախշերով, երբեմն մակերևույթը ունի բազմակողմանիների տեսք։ Մակերևույթի բազմանկյուններից կազմության մեծ ճշգրտության լուսանկարներ կատարվել են Ֆենիքս սարքի միջոցով։ Այլ վայրերում մակերևույթը ներկայացված է բնական թումբերի շղթաներով։ Գիտնականները դրանք անվանում են «մատնահետքեր», քանի որ այսպիսի բազմաթիվ գծերը միասին երևում են որպես ինչ-որ մեկի մատնահետքեր։ Այս երկու տեսակի ռելիեֆ կարելի է գտնել մերձսառցադաշտային տարածքներում Երկրի վրա, այնպիսիք, ինչպիսին է Անտարկտիկան։ Անտարկտիկայի բազմանկյունները առաջանում են հողի և ջրի խառնուրդի կրկնվող ընդարձակումներով և սեղմումներով, որոնք տեղի են ունենում եղանակի սեզունային փոփոխությունների հետևանքով։ Երբ չոր ավազը ընկնում է ճեղքերի մեջ, առաջացած ավազե «սեպերը» ուժեղացնում են սեզոնային էֆեկտը։ Այս գործընթացի շնորհիվ ձևավորվում է «լարված» կազմության բազմանկյունների ցանց[10]։.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Բուրբա Գ. Ա. (1981). Մարսի ռելիեֆի մասերի անվանումները. Մոսկվա: Նաուկա. էջ 85. էջ` 62
  2. Հյուսիսային բարձրավանդակ // USGS
  3. Մեծ հյուսիսային հարթավայր (Vastitas Borealis), USGS Մոլորակագիտական անվանումները
  4. «Մարսի հյուսիսային բևեռում ջրային սառույց խառնարանի հատակին». Եվրոպական տիեզերական գործակալություն. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 4–ին-ին.
  5. Լակդավալա, Էմիլի (2008 թ․ մայիսի 27). «Ֆենիքսի մամլո հաղորդագրություն». Մոլորակային հասարակության կայքի մատյան. Մոլորակային հասարակություն. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 4-ին. {{cite web}}: External link in |work= (օգնություն)
  6. «Մարսյան իջեցվող սարքը նպատակաուղղվել է վայրէջք կատարել 'Կանաչ հարթավայրում'». Նյու Սայենթիստ Տիեզերք. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 14-ին.
  7. Ջ. Ջ. Լևի, Հեդ և Դ. Մերչանտ. 2009. Ջերմային փոփոխությամբ պայմանավորված բազմանկյուններ Մարսի վրա. Դասակարգումը, բաշխումը և կլիմատիկ ազդեցությունները HiRISE-ով դիտելիս։ Գեոֆիզիկական հետազոտությունների ամսագիր։ 114. p E01007
  8. Մարսի վրա իջեցվող սարքով հողի հետազոտությունները։ Անդրեա Թոմսոն, 02 հուլիս 2009 (Space.com)
  9. Ուայթվեյ Ջ. և ընկ. 2009. Մարսի ջրի-սառույցի ամպերը և նստվածքները. Սայենս՝ 325. էջեր՝ 68-70
  10. Մեծ հյուսիսային հարփավայրում էոլյան և Պերիգլասյան գերծունեությունը, լուսանկարը՝ HiRISE
  11. Մարչի Ս. և ընկ. 2009. Մարսի ջրային միներալոգիան, 1 մարսյան տարի Մարս Ռեքոնաիսանս Օրբիթերով կատարված դիտարկումների հիման վրա։ Գեոֆիզիկական հետազոտությունների կենտրոն, 114