Jump to content

Միլտիադես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միլտիադես
հին հունարեն՝ Μιλτιάδης
Դիմանկար
Ծնվել էմոտ մ. թ. ա. 554[1]
ԾննդավայրԱթենք
Մահացել էմ. թ. ա. 489[1]
Մահվան վայրԱթենք
ԳերեզմանMiltiades tomb monument at Marathon[2]
ՔաղաքացիությունՀին Աթենք
Մասնագիտությունքաղաքական գործիչ, զորավար և ռազմական գործիչ
ԱմուսինՀեգեսիպիլա
Ծնողներհայր՝ Cimon Coalemos?
Զբաղեցրած պաշտոններԱթենքի արխոնտ և ստրատեգոս
ԵրեխաներԿիմոն և Elpinice?
 Miltiades the Younger Վիքիպահեստում

Միլթիադես (հին հունարեն՝ Μιλτιάδης, մոտ մ. թ. ա. 554[1], Աթենք - մ. թ. ա. 489[1], Աթենք), աթենացի պետական գործիչ, զորավար հույն-պարսկական պատերազմների ժամանակ (մ.թ.ա. 500 - 449 թթ.), Թրակիայի Խերսոնեսի տիրան, (մոտ մ.թ.ա. 520[3]-493 թթ.), Կիմոն Ավագի որդին (որը Միլթիադես Ավագի խորթ եղբայն էր), Կիմոն Կրտսերի հայրը։

Միլթիադեսը ծագումով Ֆիլաիդների ազնվական հին տոհմից էր։ Մ.թ.ա. 524 թվականին արքոնտ է ընտրվել Աթենքում, իսկ հետո (մ.թ.ա. 520 թվականից) տիրան է եղել Թրակիայի Խերսոնեսում՝ որպես Միլթիադես Ավագի ժառանգ։ Մ.թ.ա. 513 թվականին ստիպված է եղել դառնալ պարսից Դարեհ արքայի վասալը և ուղեկցել նրան սկյութների դեմ արշավանքի ժամանակ։ Մյուս հույների հետ մնացել է՝ հսկելու Դանուբ գետի վրա պարսիկների կողմից կառուցվող կամուրջը։ Հոնիական ապստմաբության ժամանակ Միլթիադեսը ստպված է եղել լքել Խերսոնեսը, գնալ Աթենք, որտեղ մեղադրվում է Թրակիայում տիրան լինելու մեջ և արդարացվում:Դատից հետո Միլթիադեսը դառնում է Աթենքի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը[4]։ Մ.թ.ա. 490 թվականին ընտրվում է ստրատեգոսների խորհրդի անդամ։ Նույն թվականին Դարեհը զորք է ուղարկում Էգեյան ծով՝ Աթենքը նվաճելու նպատակով։ Ծանոթ լինելով պարսիկների մարտավարությանը՝ Միլթիադեսը համոզում է ռազմական խորհրդին ճակատամարտ տալ բաց դաշտում։ Մնացած ստրատեգոսները կամավոր զիջում են ղեկավարումը Միլթիադեսին, և նա իր ձեռքն է վերցնում զորքի գլխավոր հրամանատարությունը և, օգտվելով նպաստավոր պայմաններից, հաղթանակ է տանում պարսիկների դեմ Մարաթոնի ճակատամարտում։

Հաջորդ տարի Միլթիադեսն առաջարկում է արշավանք կազմակերպել Կիկլադյան կղզիներ։ Նրա գլխավորությամբ աթեացիները պաշարում են Պարոս կղզին, սակայն պաշարումն անհաջողությամբ է ավարտվում։ Միլթիադեսը վիրավորվում է և վերադառնում Աթենք՝ ոչ մի արդյունքի չհասնելով։ Մա մեղադրվում է «ժողովրդին խաբելու» մեջ, տուգանվում 50 տաղանդով և մահանում Պարոսի պաշարման ժամանակ ստացած վերքերից։

Սկզբնաղբյուրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հերոդոտոսի կիսանդրին

Միլթիադեսի կյանքի մասին պատմող հիմնական սկզբնաղբյուրը Հերոդոտոսի «Պատմությունն» է։ Նա նկարագրել է Միլթիադեսի ծագումը, նրա նախնիների գործունեությունը, նրա կյանքի աթենական և խերսոնեսյան փուլերը, իսկ ավելի մանրամասնությամբ գրել է նրա կարերիայի վերջին՝ շրջանի մասին։ Ընդ որում Միլթիադեսի մասին պատմությունները ներկայացված չեն միասնական և կապակցված, այլ առանձին շեղումների միջոցով, որոնք բնորոշ են Հերոդոտոսի աշխատությանը[5]։

Ավելի ուշ շրջանի աղբյուրներում Միլթիադեսի մասին տեղեկությունները հիմնականում կապված են Հերոդոտոսի հետ, կան նաև նոր փաստեր նրա կենսագրության մասին, թեև դրանց հավստիությունը կասկածելի է։ Նրա կերպարն առասպելականացվում էր և դառնում պրոպագանդիստական պայքարի խորհրդանիշ, ինչն էլ խոչընդոտում էր նրա նկատմամբ օբյեկտիվ վերաբերմունքի ձևավորմանը[6]։ Մ.թ.ա. I դարի հռոմեացի պատմիչ Կորնելիուս Նեպոսի «Օտարերկրյա մեծ զորավարների մասին» աշխատությունը սկսվում է Միլթիադեսի կենսագրությամբ։ Այն բովանդակալից չէ և ոչ այնքան հավաստի։ Իրենից ներկայացնում է Հերոդոտոսի «Պատմությունից» վերցված տեղեկությունների և հեղինակի հորինվածքի խառնուրդ։ Նեպոսը խառնում է երկու Միլթիադեսներին՝ Ավագին և Կրտսերին՝ միավորելով մեկ կերպարում։ Հայտնի չէ՝ գրել է Պլուտարքոսը Միլթիադեսի մասին։ Նրա գրած 71 կենսագրություններից պահպանվել է 50-ը:Եթե անգամ նա գրել է, այն չի պահպանվել[7]։

Միլթիադեսը՝ Կիմոնի որդին, ծնվել է Աթենքում մ.թ.ա. VI դարի կեսերին։ Ծնվելու ստույգ թվականը հայտնի չէ։ Հաճախ պայմանականորեն նշում են մ.թ.ա. 550 թվականը։ Թեև ավելի հավանակ է մ.թ.ա. 554 թվականը, քանզի արդեն մ.թ.ա. 524/523 թվականներին նա արքոնտի պաշտոն էր զբաղեցնում, ինչը կարող էին անել միայն 30 տարին լրացած անձիք[8]։ Միլթիադեսը ծագում էր Ֆիլաիդների ազնվական տոհմից, որի ներկայացուցիչներն իրենց ծագումը կապում էին Զևսի որդի Էակոսի հետ։ Էակոսի թոռն էր Այաքսը՝ Սալամինի արքան, որի որդին կամ թոռն էր Ֆիլեյոսը, որը բնակություն էր հաստատել Ատտիկայում և դարձել Ֆիլաիդների տոհմի հիմնադիրը[9][10][11]։ Դեռևս արխաիկ շրջանում այս տոհմի ներկայացուցիչները նշանավոր քաղաքական գործիչներ էին Աթենքում[12]։

Ֆիլաիդների տոհմի նշանավոր երկու ներկայացուցիչներ էին Միլթիադեսի հայրն ու հորեղբայրը։ Միլթիադեսի հորեղբայրը Միլթիադեսն էր՝ Կիպսելի որդին, որին անվանում են Միլթիադես Ավագ։ Նա Աթենքի ազդեցիկ քաղաքական գործիչներից էր մ.թ.ա. VI դարի կեսերին։ Պիսիտրատների տիրանիայի հասատումից հետո նա չի տուժվում, սակայն դժգոհ լինելով իրավիճակից՝ մ.թ.ա. 560 թվականին հեռանում է Թրակիական Խերսոնես և դառնում առաջին տիրանը Ֆիլաիդների տոհմից[9]։ Միևնույն ժամանակ նա մնում է Աթենքի քաղաքացի և կապը պահում քաղաքի հետ։ Հավանաբար նա տիրան է դառնում Պիսիտրատների համաձայնությամբ, որոնք ցանկանում էին աթենական հսկողության տակ առնել Հյուսիսային Էգեյանը։ Թերակղզուն տիրելը կապահովեր ստատեգիական կարևոր նշանակություն ունեցող Հելլեսպոնտոս նեղուցի նկատմամբ վերահսկողությունը[13]։ Միլթիադեսի խորթ եղբայրը Կիմոնն էր՝ Ստեսագորի որդին։ Քաղաքականությամբ նա ակտիվորեն չէր զբաղվում, սակայն հաջողություններ էր ունեցել մարտակառքերի մրցարշավում՝ դառնակով եռակի չեմպիոն։ Պիսիտրատները վախենում էին նրա ազդեցությունից, ուստի որոշ ժամանակ Կիմոնը աքսորվում է։ Նա սպանվում է Հիպիոսի և Հիպարքոսի հրամանով մ.թ.ա. 524 թվականին[14]։

Կիմոնն ուներ երկու որդի՝ Ստեսագորասը և Միլթիադեսը։ Ստեսագորասը դառնում է իր անզավակ հորեղբոր՝ Միլթիադես Ավագի ժառանգը, իսկ նրա մահից հետո մոտ մ.թ.ա. 525 թվականին դառնում տիրան Թրակիական Խերսոնեսում[14]։ Մահանում է մ.թ.ա. մոտ 520 թվականին[3]։

Մանկության և երիտասրադության տարիները Միլթիադեսն անց է կացնում հոր հետ աքսորում և վերադառնում է Աթենք Պիսիտրատի իշխանության վերջին տարիներին։ Մ.թ.ա. 524 թվականին տիրաններ Հիպիոսն ու Հիպարքոսը հրամայում են սպանել Կիմոնին, իսկ նրա որդու նկատմամբ ցուցադրաբար բարեհաճ գտնվեցին։ Նույն թվականին Միլթիադեսն ընտրվում է արքոնտ[15]։

Տիրան՝ Խերսոնեսում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թրակիական Խերսոնեսը և մերձակայքը

Մոտ մ.թ.ա. 520 թվականին Մահանում է Թրակիայի Խերսոնեսի տիրան Ստեսագորասը։ Պիսիստրատները, չցանկանալով կորցնել վերահսկողությունն այդ շրջանի նկատմամբ, այնտեղ են ուղարկում Միլթիադեսին։ Այնտեղ նա գրավում է իշխանությունը և շուտով ամուսնանում Թրակիայի արքա Օլորեսի դստեր հետ, ինչն ապահովում էր դրացիական հարաբերությունները Թրակիայի հետ[16]։

Մ.թ.ա. 513 թվականին Ասիայից Եվրոպա է ներխուժում Դարեհի գլխավորած պարսկական մեծ բանակը։ Շարժվելով սկյութների դեմ՝ պարսիկները գրավում են Թրակիայի հունական քաղաքները։ Այս քաղաքների մեծ մասն ընդունում է պարսիկների գերիշխանությունը և միանում սկյութների դեմ արշավանքին[17]։ Նրանց մեջ էր նաև Միլթիադեսը, որն այդ քայլին գնում է ինքնակամ և մտածված։ Աթենք չէր կարող վերադառնալ, քանի որ այնտեղ տիրող քաղաքական պայքարի արդյունքում կարող էր հեռացվել տիրան Հիպիոսի կողմից[18]։

Անցնելով Դանուբի վրա կառուցած կամուրջով՝ Դարեհը թափանցում է Հյուսիսպոնտական լեռներով՝ անցատեղին հանձնելով հունական տիրանների հսկողությանը։ Հերոդոտոսը և Նեպոսը գրում են, որ Միլթիադեսը ընդունում է սկյութների առաջարկը, քանդում կամուրջը՝ թողնելով Դարեհին սկյութների երկրում, իսկ տիրաններին առաջարկում վերադառնալ իրենց քաղաքները[19][20]։ Դրա դեմ հանդես է գալիս Միլեթի տիրան Հիստիասը՝ նշելով, որ նրանք տիրան են Դարեհի շնորհիվ և պարտության դեպքում իրենց քաղաքները կգրավի դեմոսը։ Մյուս տիրանները համաձայնվեցին և սպսեցին Դարեհին։ Այս պատմությունը հավանաբար հորինվել է Հերոդոտոսի կողմից՝ Միլիադեսին լավ կողմով ներկայացնելու համար։ Այդ մասին է վկայում այն, որ Դարեհը վերադառնալուց հետո չի պատժում Միլթիադեսին[21]։

Հույն - պարսկական պատերազմների քարտեզ

Սկյութներն, ի պատասխան Դարեհի արշավանքի, ներխուժում են Պարսից տերության ենթական տարածքներ և հասնում մինչև Խերսոնես։ Միլթիադը ստիպված է լինում փախչել[22]։ Մի քանի տարի լինելով աքսորում՝ նա վերադառնում է Խերսոնես և վերականգնում իշխանությունը։ Այս իրադարձությունների ժամանակը հստակ չէ[23]։ Հավանաբար աքսորի մեջ լինելով, նա գրավեում է Լեմնոսը։ Այդ մասին հիշատակում է Հերոդոտոսը, բայց չի հայտնում՝ երբ է դա տեղի ունեցել[24]։ Միլթիադեսը Լեմնոսում հիմնում է աթենական համայնք[24][25][26]։ Հավանաբար Լեմնոսն ավելի վաղ է նվաճվել, և Հերոդոտոսը շփոթել է Միլթիադես Կրստերին Ավագի հետ։ Հենց Լեմնոսում էլ Միլթիադեսն անց է կացրել աքսորի տարիները[27]։

Մ.թ.ա. 499 թվականին սկսվում է հոնիական ապստամբությունը։ Աթենացիներն ու էրետրացիներն օգնության են ուղարկում 25 նավեր։ Թեև աթենացիները հետո հետ են կանչել իրենց նավերը, Դարեհը որոշում է վրեժ լուծել։ Պարսիկներին հաջողվում է ճնշել ապստամբությունը։ Միլթիադեսի՝ ապստամբությանը մասնակից լինելու մասին ոչինչ հայտնի չէ։ Հավանաբար նա ակտիվ գործունեություն չի ծավալել։ Սակայն, լինելով աթենացի՝ Դարեհին վստահություն չի ներշնչել[28]։ Մ.թ.ա. 493 թվականին պարսկական նավատորմը շարժվում է Փոքր Ասիայի արևմտայն ափով դեպի Խերսոնես՝ ճանապարհին գրավելով ապստամբ քաղաքները։ Միլթիադեսը ստիպված է լինում փախչել։ Նա հավաքում է 5 տրիեր, բարձում իր հարստությունը և հեռանում Կարդիայից։ Նա հանդիպում է փյունիկյան նավերին։ Իր նավերից մեկն ընկնում է պարսիկների ձեռքը, որի վրա էր գտնվում Միլթիադեսի ավագ որդին՝ Մետիոքոսը։ Միլթիադեսը հասնում է Իմբրոս, այնտեղից՝ Աթենք[29]։

Վերադարձ Աթենք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլթիադեսը երեսնամյա բացակայությունից հետո վերադառնում է հարազատ քաղաք։ Աթենքը շատ էր փոխվել նրա բացակայության ընթացքում. վտարվել էր Հիպպիոսը և վերացել տիրանիան, անց էին կացվել Կլիսթենեսի ռեֆորմները և հաստատվել էր դեմոկրատիա։ Պոլիսում ուժեղացել էր դեմոսը։ Արիստոկրատները ստիպված էին հաշվի առնել դեմոսի կարծիքը։ Բացի դրանից Միլթիադեսն անմիջապես թշնամիներ է ձեռք բերում, որոնք նրա մեջ քաղաքական մրցակից էին տեսնում[30]։

Վերադառնալուն պես նրա նմեղադրում են տիրանիայի մեջ Խերսոնեսում։ Դեռևս արխաիկ շրջանից Աթենքում գոյություն ուներ տիրանիայի դեմ օրենք, որն օրինականացնում էր Միլթիադեսի դեմ դատական հետապնդումները[31][32]։ Հայտնի չէ, թե ով է հանդես եկել մեղադրական ճառով։ Դա կարող էր լինել Թեմիստոկլեսը, որն այդ ժամանակ արքոնտ էր, կամ Կսանտիպոսը, որը ղեկավարում էր Ալկմեոնյան քաղաքական խմբավորումը[33]։ Միլթիադեսն արդարանում է դատարանում՝ ասելով, որ իր իշխանությունը Խերսոնեսում ուղղված էր Աթենքի բարօրությանը։

Դատավարությունից հետո Միլթիադեսը դառնում է Աթենքի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը[4]։ Նա ընտրվում է ստրատեգոս և հետո վերընտրվում այդ պաշտոնում[31]։ Այդպիսի արագ վերելքի պատճառներից էին նրա ծագումը, այն, որ Խերսոնեսից բերել էր մեծ հարստություն և ուներ պետական գործունեության փորձ։ Միևնույն ժամանակ նա տիրան էր և առանձնապես չէր համակրում դեմոկրատիան[34]։

Արտաքին գործոնների ազդեցությամբ Աթենքում հասունացել էր Ալկմեոնների քաղաքական ճյուղի չգնաժամ, որի պատճառը Սպարտայի հետ թշնամությունն էր և Պարսկաստանի հետ դաշնակցային հարաբերությունները։ Աթենքի կարևորագույն խնդիրներից էին Սպարտայի և Պարսկաստանի հետ հարաբերությունները, որի վերաբերյալ քաղաքական տարբեր խմբավորումներ տարբեր մոտեցումներ ունեին։ Միլթիադեսն ընդունեց այն կողմնորոշումը, որը չուներ ոչ մի խմբավորում. նրա հայացքները սպարտամետ էին և հակապարսկական[35]։

Միլթիադեսի և Թեմիստոկլեսի հայացքները հակապարսկական էին, սակայն ռոզմական գործողությունների վարման մեթոդները տարբեր էին։ Թեմիստոկլեսն ապավինում էր ծովային ուժերին, Միլթիադեսը գտնում էր, որ պատերազմի ելքը կվճռեն ցամաքային ուժերով և անհրաժեշտ է ամրացնել փաղանգի հոպլիտների մարտունակությունը[36]։

Մ.թ.ա. 491 թվականին Աթենք են գալիս պարսից դեսպանները՝ «հող և ջուր» պահանջելով։ Նրանք սպանվում են Միլթիադեսի հրամանով[37]։ Այդ դեմոնստրատիվ դաժան արարքն անխուսափելի է դարձնում պատերազմը պարսիկների դեմ։ Այն հակասում էր նաև դեսպանների անձեռնմխելիության համընդհանուր նորմերին[38]։ Սպարտայում նույնպես դեսպանները սպանվում են. նրանց նետում են ջրհորը՝ այնտեղից հող և ջուր վերցնելու[39]։

Մարաթոնի ճակատամարտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ.թ.ա. 490 թվականին պարսից արքա Դարեհ I-ը Էգեյան ծովի արևմուտք է ուղարկում պատժիչ ջոկատներ Դատիսի և Արտափրենեսի գլխավորությամբ[40]։ Մեկնելով Կիլիկիայից՝ պարսկական զորքերը (մոտ 20 հազար մարդ) ուղևորվում են դեպի Էգեյան ծովի կենտրոն՝ անցնելով կղզուց կղզի։ ճանապարհին նրանք գրավում են ստրատեգիական կարևոր նշանակություն ունեցող մի շարք կենտրոններ՝ Նաքսոսը, Դելոսը և ուրիշներ։ 6-օրյա պաշարումից հետո գրավում են էրետրիան[41][42]։ Էվբեայից շարժվում են դեպի Ատտիկա և ճամբար դնում Մարաթոնի մոտ[43]։ Մարաթոնի դաշտը հարմար էր պարսից հեծելազորի համար[44]։ Մոտակա վտանգն Աթենքում շփոթություն է առաջացնում։ Աթենացիների մեջ կային և՛ դիմադրության կողմնակիցներ, և՛ հակառակորդներ։ Միլթիադեսը կարողացավ կենտրոնացնել բոլոր ուժերը զինված հակահարձկում տալու համար՝ ժողովրդական ժողովի միջոցով ընդունելով պսեֆիզմ[45], որի համաձայն աշխարհազորի շարքերը պիտի համալրեին բոլոր մարտունակ տղամարդիկ, ինչպես նաև պետք է ազատվեին որոշակի թվով ստրուկներ զինվորական շարքերը համալրելու համար[46]։ Նա կարողացավ հավաքագրել մոտ 9 հազար հոպլիտներ[46][47]։ Սուրհանդակ ուղարկվեց Սպարտա՝ օգնության խնդրանքով, բայց սպարտացիները դանդաղում էին՝ կրոնական պատճառաբանությամբ։ Աթենացիներին օգնության եկան պլատեացիները՝ ուղարկելով իրենց աշխարհազորը՝ մոտ հազար մարդ[48][49]։

Մարաթոնի ճակատամարտ

Աթենա-պլատեական զորքերը շարժվում են դեպի Մարաթոն։ Պարսկական զորքին Աթենքում սպասելը շահավետ չէր. պարիսպներն ամուր չէին, և քաղաքում կարող էին դավաճաններ լինել[50]։ Աթենացիներ ճամբար են դնում պարսիկներից ոչ հեռու[14][51][52]։ Անվանական հրամանատարը արքոնտ Կալիմաքոսն էր, որին ենթակա էին տասը ստրատեգոսներ, որոնք հերթոց ղեկավարում էին զորքը։ Նրանց մեջ էր նաև Միլթիադեսը, որն ամենատաղանդավորն էր, փորձառուն և վճռական։ Ստրատեգոսների մեջ տարաձայնություններ կային հակապարսկական հետագա գործողությունների հետ կապված[53]։ Միլթիադեսը կոչ է անում անհապաղ տալ վճռական ճակատամարտ։ Մյուսները կողմ էին սպասողական մարտավարությանը՝ զգուշանալով պարսիկների թվական գերակշռությունից։ Ստրատեգոսներից հինգը կողմ էր ճակատամարտին, այդ թվում՝ Միլթիադեսը և Արիստիդեսը[52], հինգը՝ դեմ։ Միլթիադեսը համոզեց Կալիմաքոսին, որ անհապաղ ճակամարտելն անհրաժեշտություն է[53]։ Այնուհետև բոլոր ստրատեգոսներն Արիստիդեսի օրինակով իրենց ղեկավարման օրերը զիջեցին Միլթիադեսին[52][54]։ Նա մշակում է մարտավարության ծրագիր և կյանքի կոչում։

Աթենական զորքը դիքեր է գրավում Պենտելիկոնի լեռներում, որոնք հարձակման համար անմատչելի էին և փակում էին ճանապարհը Մարաթոնից դեպի Աթենք։ Պարսիկներն, ունենալով քանակական գերազանցություն, չփորձեցին հարձակվել հույների վրա կամ շրջանցել նրանց։ Դատիսը որոշոըմ է զինվորներին նավերը բարձրացնել և ափ իջնել Ֆալերայում՝ Աթենքի մոտ։ Երբ պարսկական բանակի հեծելազորի և հետևակի մեծ մասը բարձրացան նավերը, Միլթիադեսը որոշեց գրոհել։ Շրջապատումից խուսափելու համար նա խիստ ձգում է աթենական փաղանգը՝ կենտրոնի հաշվին ամրացնելով թևերը, որտեղ էլ կենտրոնացնում է հիմնական ուժերը։ Այնուհետև սրընթաց գրոհելով ՝ օգտագործում է հունական հոպլիտների հոծ մարտաշարի առավելությունն ընդդեմ պարսիների՝ ցրիվ շարքով մարտնչող թեթևազեն զինվորների, որոնց պաշտպանում էին հեծելազորն ու աղեղնավորները[55]։

Միլթիադես։ Ժամանակակից քանդակ Մարաթոնի ճակատամարտի վայրում

Մ.թ.ա. 490 թվականի սեպտեմբերի 12-ին աթենացիներն ու պլատեացիները պարսիկների համար անսպասելի գրոհում են։ Պարսից հեծելազորն, ապշած հույների հարձակումից, չկարողացան գործուն մասնակցություն ունենալ մարտին[55]։ Հունական բանակի կենտրոնը նահանջում է պարսից գերակշռող ուժերի ճնշումից, ինչը կանխատեսված էր Միլթիադեսի կողմից։ Նա հրամայեց թևերին շրջանցել և թիկունքից հարվածել կենտրոն մխրճված պարսիկներին։ Պարսիկներն ընկնելով շրջափակման մեջ՝ պարտություն կրեցին և նահանջեցին դեպի նավերը։

Մարաթոնից մեկնելով՝ պարսից նավերը լողում են դեպի Ատտիկա՝ փորձելով գրավել անպաշտպան մնացած քաղաքը։ Միլթիադեսն, առանց զորքին հանգիստ տալու, անմիջապես շարժվում է դեպի Աթենք (մարտի դաշտում թողնելով մի փոքր ջոկատ Արիստիդեսի գլխավորությամբ՝ հսկելու գերիներին և ավարը) և հասնում պարսկական նավատորմից շուտ։ Բարոյալքված պարսիկները, տեսնելով, որ քաղաքը լավ պաշտպանված է, հետ են լողում[56]։ Նրան պատժիչ արշավանքը ձախողվում է։

Աթենացիներն ու պլաեացիները Միլթիադեսի գլխավորությամբ փայլուն հաղթանակ են տանում։ Մարտում զոհվում են 192 հույներ և 6400 պարսիկներ[57]։ Հաղթանակը բարձրացնում է աթենացիների մարտական ոգին, և հետագայում նրանց հիշողության մեջ մնում որպես Աթենքի վեհության խորհրդանիշ[58]։ Հաղթանակում մեծ դեր է խաղում Միլթիադեսը, սակայն համաքաղաքացիները չէին ընդունում այդ փաստը։ երբ Միլթիադեսը խնդրեց պարգևատրել ձիթենու պսակով, նրան ասացին, որ հաղթանակն ապահովել են բոլոր զինվորները, և ոչ միայն՝ նա[59]։ Քաղաքացիները համազված էին, որ հաղթանակը նրանց համընդհանուր գործն էր, այլ ոչ Միլթիադեսի արժանիքը[60]։ Արիստոտելը նշում է, որ հատկապես Մարաթոնի ճակատամարտից հետո դեմոսը «վստահ զգաց իրեն»[61]։ Փառասեր Թեմիստոկլեսը հաճախ էր կրկնում. « Միլթիադեսի դափնիներն ինձ հանգիստ չեն տալիս »[62]։ Այս արտահայտությոնը հետագայում թևավոր խոսք է դառնում[63]։ Հավանաբար Միլթիադեսը ծրագրել էր դառնալ տիրան՝ հենվելով իր հեղինակության և ձեռք բերած հաղթանակի վրա, սակայն նրա դիրքերն ավելի ամուր չդարձան[60]։

Արշավանք Պարոսի դեմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ.թ.ա. 489 թվականին Միլթիադեսն առաջարկում է ծովային արշավանք կազմակերպել Կիկլադյան կղզիներ՝ պատժելու պարսիկներին ցուցաբերած օգնության համար[64]։ Իրական նպատակը կղզիների կողոպտումն էր։ Հավանաբար Միլթիադեսը ուներ նաև անձնական նպատակ՝ գրավել կղզիներից մեկը և դարձնել սեփական տիրույթ[65]։ Նա լողում է դեպի Պարոս, պաշարում նրանց քաղաքը և պահանջում 100 տաղանդ։ պարոսցիները հրաժարվում են և նախապատրաստվում դիմակայության։ Հերոդոտոսը հաղորդում է պարոսցիների տեսակետը, թե ինչպես է նա վիրավորել ոտքը՝ փորձելով ներթափանցել Դեմետրայի սրբատեղի[66]։ Իրականում Միլթիադեսը լուրջ վերք է ստացել, որը սկզբում աննշան է թվացել[65]։ Նա դադարեցնում է պաշարումը և վերադառնում Աթենք 26 օրվա պաշարումից հետո՝ միայն ավերելով շրջակա բնակավայրերը[67]։

Հայրենիքում Միլթիադեսի հակառակորդները նրան դատարանի առջև են կանգնեցնում։ Որպես մեղադրող կողմ՝ հանդես է գալիս Կսանտիպոսը[68]։ Նա մեղադրում է Միլթիադեսին դավաճանության մեջ, որի համար պիտի մահապատժի ենթարկվեր։ Միլթիադեսը ներկա էր Աշխարհաժողովին, սակայն ազդրում բորբոքում է սկսվում , և նրա փոխարեն հանդես են գալիս կողմանկիցները։ Նրանց հաջողվում է մեղմել մեղադրանքները։ Նա մեղավոր է ճանաչվում «ժողովրդին խաբելու» մեջ և ենթարկվում դրամական մեծ տուգանքի (50 տաղանդ)[68]։ Միլթիադեսը միանգամից չի կարողանում վճարել տուգանքը և համարվում է պետության պարտապան։ Նրանց արգելվում էր քաղաքական գործունեություն ծավալել։ Շուտով Միլթիադեսը մահանում է Պարոսի պաշարման ժամանակ ստացած վերքից։ Որոշ հեղինակներ, հատկապես Հերոդոտոսը, գրում է, որ Միլթիադեսը մահացել է բանտում, սակայն դա իրականությանը չի համապատասխանում. պետական պարտապաններին բանտարկել են մ.թ.ա. 400 թվականից հետո[69]։ Միլթիադեսը թաղվել է Մարաթոնի դաշտում[70]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կիմոնի կիսանդրին Կիպրոսում

Միլթիադեսի առաջին կինը աթենուհի էր, որի անունն անհայտ է։ Նրանց ամուսնությունից ծնվել է որդի Մետիոքսը։ Դառնալով Խերսոնեսի տիրան՝ նա ամուսնացել է Թրակիայի արքայի՝ Օլորեսի դստեր հետ։ Մետիոքսը գերի է ընկնում փյունիկեցիների մոտ, որոնք նրան տանում են Դարեհի մոտ Շոշ։ Դարեհը բարեհաճ է վերաբերվում նրան, «տալիս է տուն. կալվածք և պարսկուհի կին»[29]։ Նրանց ամուսնությունից ծնված երեխաները համարվում էին պարսիկներ։ Հավանաբար պարսից արքան որոշել էր Մետիոքսին օգտագործել որպես պատանդ։ Սակայն Դարեհն իր նպատակին չի հասնում։ Միլթիադեսն իրեն այնպես էր պահում, որ կարծես որդին չի էլ եղել պարսիկների մոտ[30]։ Թրակիայի արքայադստեր հետ ամուսնությունից ծնվում է ԿԻմոնը՝ որը հետո դառնում է Աթենքի ամենաազդեցիկ գործիչներից մեկը[71]։ Կիմոնի քույրը Էլպինիկան էր, իր ժամանակի ամենասկանդալային անձնավորություններից մեկը։ Նա բազմիցս ենթարկվում է հարձակումների, նրան մեղադրում են ինցեստի մեջ եղբոր հետ, նկարիչ Պոլիգնոստոսի հետ կապի մեջ և որ նա անբարո է։ Այդպիսի վերաբերմունքի պատճառն այն էր, որ նա մասնակցում էր քաղաքական կյանքին, ինչն այն ժամանակ համարվում էր դատապարտելի։ Էլպինիկան մահանում է եղբորից հետո՝ մ.թ.ա. 439 թվականից հետո[72]։

Քաղաքական հայացքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլթիադեսի քաղաքական հայացքները մինչև վերջ հստակ չեն։ Նա մեծացել է Պիսիստրադների տիրանիայի ժամանակ, երբ արիստոկրատների դիրքերը բավականին ամուր էին։ Նա ծագում էր հին ազնվական տոհմից, որոնց ներկայացուցիչները առանձնապես չէին համակրում դեմոկրատիան։ Աթենք վերադառնալով՝ Միլթիադեսն ուրիշ իրավիճակի է հանդիպում՝ իր գործունեության սկզբնկական շրջանից խիստ տարբեր։ Նոր պայմանները նրա համար անսովոր էին։ Քաղաքականությանը մասնակցում էին ոչ թե արիստոկրատների նեղ խումբը, այլ Աթենքի ամբողջ ժողովուրդը։ Միլթիադեսի համր դժվար էր հաշտվել այդ փաստի հետ, բայց նա ստիպված էր հարմարվել նոր իրավիճակին[73]։

Վերադառնալուց հետո Միլթիադեսը համարյա դառնում է պոլիսի առաջնորդ։ Նրա համասպարտական և հակապարսկական հայացքները ընդունելի են դառնում պարսկական աճող վտանգի պայմաններում[36]։ Մարաթոնի ճակատամարտից հետո նրա դիրքերը երերում են։ Տարաձայնություններ են առաջանում ուժեղացող դեմոսի հետ, և նա ընկալվում էր որպես չափազանց ազդեցիկ քաղաքական գործիչ, որը ամեն պահի կարող էր տիրան դառնալ[65]։ Այդ պատճառով Պարոսի ձախողումից անմիջապես հետո Միլթիադեսը դառնում է աթենացիների դաժանության և վրեժխնդրության օբյեկտը[74]։ Կայացած լինելով որպես արիստոկրատ՝ նա իր տեղը չէր գտնում դեմոկրատական Աթենքի նոր պայմաններում[75]։

Միլթիադեսի սաղավարտը

Միլթիադեսի մահից որոշ ժամանակ անց նրա նկատմամբ վերաբերմունքն ավելի դրական է դառնում[71]։ Նրա որդի Կիմոնը մեծ դեր է խաղում հոր հեղինակությունը հետմահու վերականգնելու մեջ։ Աթենքի Ագորան վերականգնելու ընթացքում (մ.թ.ա. V դարի 60-ական թվականներ) կանգնեցվում է Նկարազարդ ստոա։ Գեղանկարիչ Պոլիգնոտոսը նկարներից մեկի վրա պատկերում է Մարաթոնի ճակատամարտը, որտեղ առաջին պլանում առանձնանում էր Միլթիադեսը՝ զինվորներին ոգևորող և գրոհի նշան տվող[76][77]։

Քանդակագործ Ֆիդիասը նույնպես իր ներդրումն է ունենում Միլթիադեսին փառաբանելու մեջ։ Նա Դելֆիում ստեղծում է քանդակների խումբ, որը պետք է փառաբաներ աթենացիներին և նրանց հաղթանակը Մարաթոնում[78]։ Այդ քանդակախմբում կան աստվածների և հերոսների կերպարներ, իսկ միակ պատմական անձը համարվում է Միլթիադեսը։

Ավելի ուշ շրջանի աղբյուրներում Միլթիադեսին տրվում է միանգամայն դրական գնահատական։ Նա դառնում է անուրանալի քաջության և հայրենասիրության օրինակ[75]։ Պավսանիոսը նրան անվանել է « հելլենական ազգի առաջին բարերար»[79]։

Միլթիադեսը դարձել է պատմական մի քանի վեպերի հերոս, այդ թվում և Վիկտոր Պորոտնիկովի «Դարեհի»։ Օլիմպիայում պեղումների ժամանակ գտնվել է Միլթիադեսի սաղավարտը, որն այսօր գտնվում է տեղի հնագիտական թանգարանում[80]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.britannica.com/biography/Miltiades-the-Younger
  2. Παυσανίας 1.32.4 // Հունաստանի նկարագրություն (հին հունարեն.)
  3. 3,0 3,1 Суриков, 2005, էջ 300
  4. 4,0 4,1 Аристотель. Афинская полития. 28. 2
  5. Суриков, 2005, էջ 291
  6. Суриков, 2005, էջ 291—292
  7. Суриков, 2005, էջ 292
  8. Суриков, 2005, էջ 293—294
  9. 9,0 9,1 Геродот. VI. 35
  10. Плутарх. Солон. 10
  11. Павсаний. I. 35. 2
  12. Суриков, 2005, էջ 295
  13. Суриков, 2005, էջ 297—299
  14. 14,0 14,1 14,2 Геродот. VI. 103
  15. Суриков, 2005, էջ 300—301
  16. Геродот. VI. 39
  17. Геродот. IV. 138
  18. Суриков, 2005, էջ 302—303
  19. Геродот. IV. 137
  20. Корнелий Непот. Мильтиад. 3
  21. Суриков, 2005, էջ 304
  22. Геродот. VI. 40
  23. Суриков, 2005, էջ 305
  24. 24,0 24,1 Геродот. VI. 140
  25. Диодор. X. 19. 6
  26. Корнелий Непот. Мильтиад. 2
  27. Суриков, 2005, էջ 305—306
  28. Суриков, 2005, էջ 306
  29. 29,0 29,1 Геродот. VI. 41
  30. 30,0 30,1 Суриков, 2005, էջ 307
  31. 31,0 31,1 Геродот. VI. 104
  32. Аристотель. Афинская полития. 16. 10
  33. Суриков, 2005, էջ 308
  34. Суриков, 2005, էջ 308—309
  35. Суриков, 2005, էջ 309—310
  36. 36,0 36,1 Суриков, 2005, էջ 311
  37. Павсаний. III. 12. 7
  38. Суриков, 2005, էջ 310
  39. Геродот. VII. 133
  40. Геродот. VI. 94
  41. Геродот. VI. 98
  42. Страбон. X. 448
  43. Геродот. VI. 102
  44. Суриков, 2005, էջ 313
  45. Суриков, 2005, էջ 313—314
  46. 46,0 46,1 Павсаний. X. 20. 2
  47. Корнелий Непот. Мильтиад. 5
  48. Геродот. VI. 108
  49. Демосфен. LIX. 94
  50. Суриков, 2005, էջ 315
  51. Корнелий Непот. Мильтиад. 4
  52. 52,0 52,1 52,2 Плутарх. Аристид. 5
  53. 53,0 53,1 Геродот. VI. 109
  54. Геродот. VI. 110
  55. 55,0 55,1 Суриков, 2005, էջ 317
  56. Геродот. VI. 115—116
  57. Геродот. VI. 117
  58. Суриков, 2005, էջ 318
  59. Плутарх. Кимон. 8
  60. 60,0 60,1 Суриков, 2005, էջ 319
  61. Аристотель. Афинская полития. 22. 3
  62. Плутарх. Фемистокл. 3
  63. Серов Вадим. «Лавры Мильтиада не дают мне спать». Энциклопедический словарь крылатых слов и выражений. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  64. Геродот. VI. 122—123
  65. 65,0 65,1 65,2 Суриков, 2005, էջ 320
  66. Геродот. VI. 133—134
  67. Геродот. VI. 135
  68. 68,0 68,1 Геродот. VI. 136
  69. Суриков, 2005, էջ 321—322
  70. Павсаний. I. 32. 4
  71. 71,0 71,1 Суриков, 2005, էջ 322
  72. Суриков, 2008, էջ 204—205
  73. Суриков, 2005, էջ 307—309
  74. Суриков, 2005, էջ 321
  75. 75,0 75,1 Суриков, 2005, էջ 324
  76. Корнелий Непот. Мильтиад. 6
  77. Павсаний. I. 15. 3
  78. Павсаний. X. 10. 1—2
  79. Павсаний. VIII. 52. 1
  80. «Шлем Мильтиада». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 2-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնաղբյուրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հերոդոտոս, Պատմություն
  • Պլուտարքոս Համեմատական կենսագրություններ։ Արիստիդես, Թեմիստոկլես
  • Արիստոտել, Աթենքի հասարակարգը
  • Պավսանիոս, Հունաստանի նկարագրություն

Ուսումնասիրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]