«Նրանց ճանաչում էին դեմքով» (ռուս.՝ «Их знали только в лицо»), խորհրդային ֆիլմ[1][2], որը նկարահանել է ռեժիսոր Անտոն Տիմոնիշինը Է. Ռոստովցևի «Փորձությունների ժամ» վիպակի հիման վրա։
Ֆիլմը նվիրված է խորհրդային հետախույզների սխրանքին, որոնք գործել են օկուպացված Օդեսայում Հայրենական մեծ պատերազմի տարիներին։ Վիպակի և ֆիլմի հիմքում ընկած են իրական իրադարձություններ։
Գերմանաֆաշիստական զավթիչների կողմից գրավված տարածքում գտնվող նավահանգիստներից մեկում պայթյուններ են տեղի ունենում։ Այդ արտակարգ պատահարի հետաքննության համար ժամանում է հին ու փորձառու զորապետ, ծովակալ Ռեյնգարտը (Վլադիմիր Եմելյանով)։ Գեստապոյի պետ ՍՍ շտանդարտենֆյուրեր Հյուբեն (Յուրի Վոլկով) ձեռնարկում է բոլոր միջոցները՝ ճնշելու պարտիզանների գործունեությունը, կազմակերպում ձերբակալությունները, բայց ամեն ինչ ապարդյուն է։ Դիվերսիաները ջրի տակ շարունակվում են։ Հարձակման դեմ պայքարելու համար Իտալիայից ուղարկում են ստորջրյա պատերազմի փորձ ունեցող մարտիկների ջոկատ։