Jump to content

Պայմանագիր Սատանայի հետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միջնադարյան «սև կամուրջներից» մեկը

Պայմանագիր Սատանայի հետ, մշակույթային մոտիվ, որը լայն տարածում է գտել Արևմտյան միջնադարի և նոր ժամանակների պատմության մեջ։ Առավել հայտնի օրինակ է Մեֆիստոֆելեսի և Յոհան Ֆաուստի «Գործարք»ը, բայց այն հաճախ հանդիպում է նաև այլ պատմություններում։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն կախարդության նկատմամբ քրիստոնեական հավատի ավանդության՝ ակտը տեղի է ունենում մարդու և Սատանայի կամ ցանկացած դևի (դևերի) միջև, որի դեպքում մարդն առաջարկում է իր հոգին Սատանայի ծառայության դիմաց։ Այդ ծառայությունները կախված են կոնկրետ պատմությունից, բայց, որպես կանոն, ներառում են երիտասարդություն, գիտելիք, հարստություն և իշխանություն։ Համարվում էր նաև, որ որոշ մարդիկ պայմանագրի այդ ձևը կնքում են՝ ի նշան Սատանային իբրև իրենց տեր ընդունելու, այլ ոչ թե ինչ-որ բանի փոխարեն։ Պատմությունը կարող է վերջանալ անմիտ մարդու՝ հավերժական անեծքի արժանանալով։ Մյուս կողմից էլ պատմությունը կարող է զավեշտալի շրջադարձ ունենալ, որտեղ հնարամիտ քրիստոնյան կարողանում է խաբել Սատանային։

Ցանկացած «գերմարդկային» նվաճման պատմություն կարող է վերագրվել Սատանայի հետ գործարքին՝ ամբողջ Եվրոպայում տարածված «Սատանայի կամուրջներից» մինչև Ջուզեպպե Տարտինիի և Նիկոլո Պագանինիի կողմից ջութակի հիանալի կատարումները։

Դիվաբանության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարում ընդունված էր համարել, որ պայմանագիր կնքած մարդը Սատանային խոստանում էր նաև սպանել երեխաներին կամ նրանց ծնվելու ժամանակ ձոնել Սատանային (բազմաթիվ մանկաբարձուհիներ մեղադրվում էին Միջնադարում և Վերածննդի դարաշրջանում մեծաթիվ նորածինների մահվան մեջ), մասնակցել ծեսերին, դևերի հետ սեռական հարաբերություն ունենալ, իսկ երբեմն՝ նույնիսկ երեխաներ ունենալ սուկկուբից կամ ինկուբից (այն դեպքում, երբ դևին կին էր դիմում)։

«Պայմանագիր Սատանայի հետ», ստորագրվել է 1669 թվականին հոգեկան հիվանդ նկարիչ Հայցմանի կողմից

Պայմանագիրը կարող է լինել բանավոր կամ գրավոր[1]։ Բանավոր պայմանագիրը կնքվում է Սատանային կանչելու, կախարդանքի կամ ծեսերի միջոցով։ Քանի որ խնդրողը հավատում է Սատանայի գոյությանը, խնդրում է որոշակի օգնություն և փոխարենն առաջարկում իր հոգին։ Պայմանագրի ոչ մի ապացույց չի պահպանվում, բայց ըստ կախարդների նկատմամբ ինկվիզիցիաի կազմակերպած որոշակի գործընթացների՝ նույնիսկ բանավոր համաձայնությունից հետո ապացույցներ մնում են, մասնավորապես՝ Սատանայի դրոշմ՝ անջնջելի հետք, որտեղ նշված անձին դիպել է Սատանան պայմանագիրը կնքելու համար։ Նշանը կարող է օգտագործվել՝ որպես պայմանագրի կնքման ապացույց։ Համարվում էր նաև, որ այդ դրոշմի տեղում մարդը ցավ չէր զգում։ Գրավոր համաձայնությունը ևս կնքվում է դևերի կանչի ձևով, բայց ներառում է նաև գրավոր ակտ, որը, որպես կանոն, ստորագրվում է կանչողի արյունով (չնայած երբեմն պնդում էին, որ բոլոր գործողությունները պետք է գրված լինեին արյունով, ընդ որում, որոշ դիվաբաններ պնդում էին, որ արյան փոխարեն օգտագործվել է կարմիր թանաք կամ կենդանիների արյուն)[2] : Պայմանագրի ձևը ենթադրում է համաձայնագիր կամ ուղղակի ստորագրություն Սատանայի Կարմիր գրքում։

Այս գործողությունները հաճախ ներկայացվել են՝ որպես Սատանայի հետ կնքված պայմանագրի ապացույց, չնայած քննադատները պնդում էին, որ ապացույց չկա, թե արդյոք դրանք արվել են այն անմիտ մարդկանց կողմից, որոնց կարծիքով իրենք գործ ունեին Սատանայի հետ, թե պարզապես Ինկվիզիցյաի դատերին ներկայացված կեղծ ակտեր էին։ Որպես կանոն՝ ակտերը ներառում էին տարօրինակ խորհրդանշաններ, որոնք համարվում էին դևի ստորագրությունը, ընդ որում, նրանցից ամեն մեկն իր ստորագրությունը կամ կնիքն ուներ։ «Սողոմոնի փոքր բանալի» (լատին․՝ Lemegeton Clavicula Salomonis) գրքի նման աշխատություններում մանրամասն ներկայացվում են այդպիսի նշանները՝ հայտնի որպես «Սատանայի ստորագրություններ»։

«Վհուկների մուրճ» ստեղծագործությունում քննարկվում է Սատանայի հետ ենթադրյալ գործարքի մի քանի դեպք, հատկապես՝ կանանց վերաբերող։ Համարվում էր, որ բոլոր վհուկներն ու կախարդները պայմանագիր են կնքել որևէ դևի, իսկ ավելի հաճախ՝ Սատանայի հետ։

Ըստ դիվաբանության՝ կա կոնկրետ ամիս, շաբաթվա օր և ժամ, երբ կարելի է կանչել դևին, այնպես որ կանչը պետք է կատարվի համապատասխան ժամանակամիջոցում։ Բացի այդ, յուրաքանչյուր դև ունի իր կոնկրետ գործառույթը, և կախված խնդրանքի բովանդակությունից՝ հարկավոր է կանչել համապատասխան դևին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «McNeill, Brian. "Dealing with the Devil: Professor Explores Contracts with the Prince of Darkness in Popular Culture", University of Virginia, School of Law, July 26, 2012». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 31-ին.
  2. William Godwin (1876). «Lives of the Necromancers». էջ 16.