Ռոբերտա Քաուել
Ռոբերտա Քաուել անգլ.՝ Roberta Elizabeth Marshall Cowell | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 8, 1918[1] |
Ծննդավայր | Կրոյդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | հոկտեմբերի 11, 2011 (93 տարեկան) |
Մահվան վայր | Հեմփթոն, Ռիչմոնդ ափոն Թեմզա, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Լոնդոնի համալսարանի քոլեջ |
Մասնագիտություն | ավտոարշավորդ, կործանիչ օդաչու, ճարտարագետ և chauffeur |
Ռոբերտա Քաուել (անգլ.՝ Roberta Elizabeth Marshall Cowell ապրիլի 8, 1918[1], Կրոյդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հոկտեմբերի 11, 2011, Հեմփթոն, Ռիչմոնդ ափոն Թեմզա, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի օդաչու, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, ավտոարշավորդ, առաջին տրանսգենդերային կինը Մեծ Բրիտանիայում[2], որը սեռափոխության վիրահատության է ենթարկվել[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանկություն և պատանեկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոբերտ Մարշալ Քոուելը ծնվել է Լոնդոնի Քրոյդոն շրջանում, 1918 թվականի ապրիլի 8-ին։ Նա եղել է գեներալ-մայոր սըր Էռնեստ Մարշալ Քոուելի (1886-1971) և Դորիդա Էլիզաբեթ Միլլերի (1886—1962) որդին։ Հայրը արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի ասպետի և Բանի շքանշանի Մեծ Խաչի ասպետի շքանշանների։ Բացի Ռոբերտից նրանք ունեցել են ևս երկու երեխա։
Սըր Էռնեստը եղել է հայտնի վիրաբույժ, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է Մեծ Բրիտանիայի բանակի բժշկական կորպուսում։ Պատերազմից հետո աշխատել է Քրոյդոն շրջանի գլխավոր հիվանդանոցում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նորից ծառայության է անցել բանակում, 1942-1944 թվականներին եղել է Հակահիտլերյան խմբավորման բժշկական ծառայության ղեկավարը Հյուսիսային Աֆրիկայում։ 1944 թվականին սըր Էռնեստը Ջորջ VI-ի կողմից արժանացել է պատվավոր վիրաբույժի կոչման։ Պատերազմից հետո եղել է բարձրագույն խորհրդի գլխավոր բժիշկը։
Ռոբերտ Քոուել սովորել է Քրոյդոն շրջանի Վիտգիֆտ մասնավոր դպրոցում։ Նախնական շրջանում նա եղել է ձախլիկ, սակայն նա ուսուցիչների միջամտությամբ սկսել է գրել աջով։ Նա ակտիվորեն մասնակցել է դպրոցի ավտոդպրոցի պարապմունքներին։ Դպրոցն ավարտելուց առաջ եղել է Գերմանիայում, Բելգիայում և Ավստրիայում։ Այդ ընթացքում նա մեծ հետաքրքրություն է ցուցաբերել լուսանկարչության և կինոնկարահանման հանդեպ։ Գերմանիայում նացիստական խմբավորման շարային պատրաստության ընթացքը նկարահանման համար նա ձերբակալվել է, ազատ է արձակվել ժապավենները ոչնչացնելու դիմաց։
Ռոբերտն ավարտել է դպրոցը 16 տարեկանում, որպես ինժեների աշակերտ տեղավորվել է ինքնաթիռներ արտադրող «General Aircraft Limited» ընկերությունում։ 1936 թվականին նրան որպես սկսնակ օդաչու-սպա ընդգրկել են Մեծ Բրիտանիայի թագավորական օդուժի փորձարարական թռիչքներին։ Կարճ ժամանակ անց նա ազատվում է թռիչքներից՝ օդային հիվանդության պատճառով։
Նույն թվականին նա ընդունվել է Լոնդոնի համալսարանական քոլեջ, որտեղ սովորել է ճարտարագիտություն։ Այդ ընթացքում նա «Riley» ավտոմեքենայով մասնակցել է ավտոմրցումների և Լենդս-Էնդսում հաղթանակ տարել։ Մինչև 1939 թվականը Ռոբերն ունեցել է երեք ավտոմեքենա, մասնակցել է նաև Անտվերպենի Գրան պրիին։
1940 թվականին Ռոբերտն ամուսնացել է։ Կինը՝ Դայանան նույնպես սովորել է ճարտարագիտություն և հետաքրքրվել ավտոարշավով։ Նրանք ունեցել են երկու երեխա՝ Էննը (1942) ու Դայանան (1944)։
Երկրորդ համաշխարհային պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]1940 թվականի դեկտեմբերի 29-ին Ռոբերտը զինվորական ծառայության է կանչվել՝ թագավորական բանակում ծառայելու համար, ստացել է երկրորդ լեյտենանտի կոչում։ Նախնական շրջանում ծառայել է Իսլանդիայում, իսկ 1942 թվականի հունվարի 24-ին տեղափոխվել է բրիտանական թագավորական օդուժ, որտեղ նրան շնորհել են օդաչու-սպայի կոչում։ Այդ ընթացքում նա վերապատրաստման դասեր է անցկացրել։
ճակատային գծում Ռոբերտը ծառաայել է ավիագնդի էսկադրիլիայում։ Սկզբնական շրջանում եղել է հրահանգիչ, իսկ 1944 թվականի հունիսին նշանակվել է թագավորական բանակ օդուժի № 4 հեծելավաշտի օդաչու, որը իրականացրել է հետախուզական գործողություններ։ Հեծելավաշտն օգտագործել է տարբեր տեսակի ինքնաթիռներ, օրինակ՝ 1944 թվականին նրանք «Spitfire PR. XI» անզեն ինքնաթիռով կատարել են հետախուզական նկարահանումներ։ 1944 թվականի հունիսին Ռոբերտի ինքնաթիռի թթվածնի համակարգը 9400 մետր բարձրության վրա խափանվել է, ինչի արդյունքում նա կորցրել է գիտակցությունը։ Գերմանացիների զենիթային հրետանու հարվածներից նա ուշքի է եկել և վերադարձել «Gatwick» թագավորական օդուժի բազա։
1944 թվականին № 4 հեծելավաշտը տեղակայված է եղել Բելգիայում՝ Անտվերպեն քաղաքի ծայրամասում։ Այդ ժամանակ բազան համալրված է եղել «Hawker Typhoon FR IB» կործանիչ-ռմբակոծիչներով։ Ռմբակոծիչներն ունեցել են լուսանկարչական հետախուզական գործիքներ։ 1944 թվականի նոյեմբերի 18-ին Ռոբերտն այդպիսի ինքնաթիռով գերմանական Բոխոլտ քաղաքի մերձակայքում կատարել է հերթական մարտական առաջադրանքը․ գյուղերից մեկի մերձակայքում խափանվել էր նրա ինքնաթիռի շարժիչը, իսկ գերմանացիների զենիթային հրետանին սկսել է հարվածել ինքնաթիռին, ինչի արդյունքում վնասվել է ինքնաթիռի թևը։ Քոուելն չէր կարող օգտվել կատապուլտից, քանի որ շատ ցածր էր թռչում։ Այդ ժամանակ նա ինքնաթիռից նետել է խցիկի լապտերը և անջատված շարժիչով ռմբակոծիչով հաջողությամբ վայրէջք կատարել։ Մինչ ֆաշիստները կբռնեին նրան, նա կարողացել է իր ծառայակցին ռադիոյով հաղորդել, որ ողջ է մնացել։ Ռոբերտը երկու անգամ անհաջող փախուստի փորձ էր կատարել։ Հետո նրան տեղափոխել են Գերմանիայի խորքերը։ Մի քանի շաբաթ նա գերեվարված և ձերբակալված օդաչուների հարցաքննության մենախցում է եղել, որից հետո տեղափոխվել է գերիների «Stalag Luft I» ճամբար։
Ճամբարում նա ձերբակալված է մնացել շուրջ 5 ամիս։ Ժամանակն արագ անցկացնելու նպատակով Քոուելը խցում գտնվող իր ընկերներին մեքենաշինության դասեր է տվել։ Իր կենսագրության մեջ Քոուելը նշել է, որ որոշ բանտարկյալները ժամանակ առ ժամանակ համասեռամոլ հակումներ են ցուցաբերել և իրեն անպատեհ առաջարկություններ են արել, որը նողկանք է առաջացրել։ Բացի այդ բանտային թատրոնում Ռոբերտին առաջարկել են խաղալ կանացի դերեր, բայց նա հրաժարվել է, որպեսզի այլ բանտարկյալներ չկարծեն, թե ինքը համասեռամոլ է։ Պատերազմի ավարտին մոտ ճամբարում սնունդը սկսել էր չհերիքել, Քոուելը բանտարկության ընթացքում նիհարել էր 23 կգ-ով։ Նա պատմել էր, որ սովի պատճառով բանտարկյալները նույնիսկ հում վիճակում կատվի միս են օգտագործել։
1945 թվականի ապրիլին Կարմիր բանակը մոտեցել էր Գերմանիային։ Գերմանացիները որոշել են տարհանել ճամբարը, սակայն գերիները հրաժարվել են մեկնել։ Ամերիկյան բանակի ավագ սպայի և գերմանացի պարետի միջև բանակցություններից հետո պահակախումբը լքել է ճամբարը՝ այնտեղ թողնելով գերիներին։ Ապրիլի 30-ի գիշերը Կարմիր բանակը հասել է ճամբար։ Երկու շաբաթ անց՝ մայիսի 12-ից 14-ը ազատագրված բոլոր զինվորականներն ուղարկվել են Մեծ Բրիտանիա՝ ԱՄՆ ինքնաթիռներով։
Պատերազմից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]Զորացրումից հետո Ռոբերտ Քոուելը զբաղվել է բիզնեսով և ավտոմրցաշարով։ Նա ստեղծել է իր սեփական ավտոմրցարշավային խումբը, որի խմբում մասնակցել է եվրոպական մի շարք մրցումներ՝ ներառյալ Ռուանի Գրան պրին և «Brighton Speed Trials»-ի մրցավազքը։
Իր կենսագրության մեջ Քոուելը գրում է, որ ինքն այդ ժամանակ լուրջ հոգեբանական խնդիրներ է ունեցել։ Նշել է, որ ցավագին ապրումներ է ունեցել «Իմ դահիճը» ֆիլմի դրվագները դիտելիս (անգլ.՝ «My Own Executioner»), երբ գլխավոր հերոսի ռմբակոծիչը խփվում է զենիթային հրթիռով։
1948 թվականին Քոուելն ամուսնալուծվել է։ Նույն ժամանակահատվածում, տառապելով ընկճախտով, նա դիմել է հայտնի հոգեբան Զիգմունդ Ֆրոյդին, որն այդպես էլ չի կարողացել նրան օգնել։ Նա դիմել է մեկ այլ ֆրեյդիստ հոգեբանի։ Քոուելը նրա մասին գրել է իր կենսագրության մեջ․ «Նա շոտլանդացի էր և ավելի քիչ պահպանողական մոտեցում ուներ իր մասնագիտության նկատմամբ։ Այդ բժիշկն աստիճանաբար բացել է իմ կանացի ենթագիտակցությունը և իմ կանացի կողմը, որն ինձ հայտնի էր ամբողջ կյանքում։ Չնայած, միշտ փորձել եմ ճնշել դրանք, բայց դրանք հայտնվել են առավել էականորեն և խորքային, քան ես կարող էի պատկերացնել»։
Սեռափոխություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1950 թվականին Ռոբերտ Քոուելը մեծ չափաբաժնով կանացի հորմոններ է սկսել օգտագործել, սակայն հասարակության մեջ դեռ դրսևորել է իրեն որպես տղամարդ։ Ավելի ուշ նա ծանոթացել է բրիտանացի առաջին վիրահատված տրանսսեքսուալ Մայքլ Դիլոնի հետ, որը «Անհատականություն։ Գիտություն էնդոկրինոլոգիայի և էթիկայի մասին» (անգլ.՝ Self: A Study in Endocrinology and Ethics) գրքի հեղինակն էր։
Այդ գրքում հաստատվում էր, որ ամեն մարդ պետք է իրավունք ունենա փոխելու սեռը և ստանալու իր ցանկալի մարմինը։ Բացի այդ, Դիլոնը լինելով ապագա բժիշկ՝ Քոուելին անօրինական սեռափոխության վիրահատության է ենթարկել։ Գաղտնիությունն անհրաժեշտ է եղել, քանի որ այդ կարգի վիրահատությունն այն ժամանակ Մեծ Բրիտանիայում անօրինական է եղել և ոչ մի բժիշկ չէր համարձակվի պաշտոնապես այդպիսի վիրահատություն կատարել[4]։
Սակայն այդ անօրինական վիրահատությունը թույլ է տվել Քոուելին դիմել մասնավոր գինեկոլոգի, որն էլ նրան փաստաթուղթ է տվել, համաձայն որի Քոուելը հանդիսանում է ինտերսեքսուալ։ Սա Ռոբերտին հնարավորություն է տվել ստանալու նոր ծննդան վկայական, որտեղ սեռը նշվել է կանացի, իսկ Ռոբերտ անունը փոխվել է Ռոբերտայի[5]։ 1951 թվականի մայիսի 15-ին Ռոբերտա Քոուելը սեռափոխման հաջորդ վիրահատությանն է ենթարկվել[6]։ Վիրահատությունը կատարել է Հարոլդ Գիլիսը, որը համարվում էր պլաստիկ վիրահատության հայրը։ Նրա օգնականը եղել է ամերիկացի վիրաբույժ Ռալֆ Միլարդը։ Ավելի վաղ Գիլիսն արդեն վիրահատել էր տրանսսեքսուալ Մայքլ Դիլոնին։
Հետագա կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1954 թվականին Ռոբերտայի բիզնեսը դադարել է եկամտաբեր լինելուց։ Նրա սպորտային մեքենաներ և հագուստներ արտադրող ընկերությունը դադարեցրել են առևտուրը։ Բացի այդ կանանց այդ ժամանակ արգելված է եղել մասնակցել գրան պրի ավտոմրցավազքի, այդ պատճառով Ռոբերտան այլևս չի կարողացել մասնակցել դրանց։ Նույն թվականին հայտնի է դարձել նրա սեռափոխության լուրը։ Մեծ Բրիտանիայում Քոուելի կյանքի պատմությունը հրատարակել է «Picture Post» ամսագիրը։ Այդ հրապարակման համար նրան վճարել են շուրջ 8000 ֆունտ ստեռլինգ։ Շուտով լույս է տեսել Քոուելի ինքնակենսագրությունը (անգլ.՝ «Roberta Cowell’s story»), որը նրան դրամական եկամուտ է բերել[7]։
Ամերիկացի Քրիստին Յորգենսենի սեռափոխման մասին լուրը ԱՄՆ-ում մեծ սենսացիա է առաջ բերել։ Ամերիկյան լրատվամիջոցները մշտապես հրապարակել են սեռափոխման այլ դեպքերի մասին լուրեր, որտեղ հիմնականում տղամարդիկ էին սեռափոխվում և դառնում կին[8]։ Հաճախ ամերիկյան մամուլը չէր տարանջատում համասեռամոլությունն ու տրանսսեքսուալությունը։ Այսպիսով ամերիկյան հանրությունը նույնացրել է այս երկու հասկացությունները, որոնք այդ ժամանակ տաբու էին։ Քոուելի կյանքի պատմությունը խախտել է այլ կարծրատիպը։ Ամուսնությունը, հայրությունը, զինվորական ծառայությունը, ավտոմրցավազքով նրա հետաքրքրասիրությունը հաճախ է նշվել նրա կյանքի մասին գրվող հոդվածներում։
Նա շարունակել է մասնակցել ավտոմրցավազքին, իսկ 1957 թվականին հաղթանակ է տարել «Shelsley Walsh Speed Hill Climb» մրցաշարում։ 1958 թվականի նոյեմբերին նա ձեռք է բերել բրիտանական «De Havilland Mosquito» (համար TK-655; G-AOSS) ինքնաթիռը։ Քոուելը որոշել էր այդ օդանավով ռեկորդային թռիչք կատարել Հարավային Ատլանտիկայով։ Սակայն նրա պլանները չեն իրականացել, քանի որ օդանավի շարժիչը չի համապատասխանել այդ թռիչքին։ Շուտով Քոուելը սնանկ է ճանաչվել։ Նրա պարտքը կազմել է 12580 ֆունտ։ 1959 թվականին ձեռք բերված օդանավը վեր է ածվել մետաղի թափոնի, իսկ մեկ տարի անց դրա մասնիկներն ուտիլիզացվել են։
Ռոբերտան երկար ժամանակ չէր կարողանում աշխատանք գտնել։ Կյանքի վերջին տարիներին նրա մասին ոչինչ հայտնի չէր։ Սակայն 1970-ականներին Քոուելը շարունակում էր մասնակցել բրիտանական ավտոմրցաշարերի, թռչում էր ինքնաթիռով։ Որպես օդաչու նա թռչել է 1600 ժամ։
1972 թվականի մարտին Քոուելը կարճ հարցազրույց է տվել բրիտանական «The Sunday Times» ամսագրի լրագրող Մայքլ Բեյթմանին։ Այդ ժամանակ նա աշխատել է առ այսօր չհրապարակված ինքնակենսագրության վրա։ Հարցազրույցում նա հայտնել է, որ համարվում է ինտերսեքսուալ՝ դը լա Շապել համախտանիշով և հենց այս առանձնահատկությունն է պատճառ հանդիսացել իր սեռափոխման համար։ Նա արհամարհանքով է խոսել սեռափոխված այլ տղամարդկանց մասին․ «Այն մարդիկ, որոնք արել են այն, ինչ ես, հաճախ ունեցել են XY քրոմոսոմներ։ Այսինքն եղել են նորմալ մարդիկ, որոնք վիրահատության շնորհիվ վերածվել են այլանդակների»։
1990-ականներին Քոուելը տեղափոխվել է Լոնդոնի Հեմփթոն քույրերի խնամքի կենտրոն։ Նա այդ ժամանակ դեռ տիրապետում էր ավտոմեքենաների։ Ռոբերտա Քոուելը մահացել է 2011 թվականի հոկտեմբերի 11-ին՝ 93 տարեկանում։ Նրա խնդրանքով հուղարկավորությանը մասնակցել է միայն 6 մարդ։ Ռոբերտայի մահվան լուրը հրապարակվել է երկու տարի անց՝ «The Independent» թերթում[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 SNAC — 2010.
- ↑ «'It's easier to change a body than to change a mind': The». The Independent (անգլերեն). 2013 թ․ հոկտեմբերի 27. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ Биография Роберты Коуэлл (англ.)
- ↑ Интервью с дочерью Роберты Дайаной (англ.)
- ↑ «Wayback Machine». web.archive.org. 2010 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «17 женщин в истории, которые не стеснялись своей ориентации». BIGPIKCHA.RU. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «История Роберты Коуэлл (англ.)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ Очерк о жизни Роберты (англ.)
- ↑ Известие о смерти Роберты Коуэлл в газете The Independent (англ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Боб и Роберта Коуэлл
- 23 Исторические факты о трансгендерных людях Արխիվացված 2019-07-14 Wayback Machine
|