Jump to content

Սահակ Սահակյան (երգիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սահակ Սահակյան
Ծնվել էօգոստոսի 1, 1951(1951-08-01)
Կրասնոյարսկի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
Մահացել էապրիլի 27, 2024(2024-04-27) (72 տարեկան)
Երևան, Հայաստան
Մասնագիտություներգիչ
Պարգևներ
Երախտագիտության մեդալ

Սահակ Սահակյան (օգոստոսի 1, 1951(1951-08-01), Կրասնոյարսկի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 27, 2024(2024-04-27), Երևան, Հայաստան), երգիչ, հայ ազգային-հեղափոխական երգերի կատարող և մեկնաբան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահակ Սահակյանը (Սերգեյ Մկրտիչի Սահակյան) ծնվել է 1951թ. օգոստոսի 1-ին Կրասնոյարսկի մարզում (աքսորավայրում)՝ աշուղ Դվալի Մկրտչի ընտանիքում: Հայրը՝ Դվալի Մկրտիչը (Մկրտիչ Սահակյան) 1937թ. 10 տարվա ծանր աքսորից վերադառնալուց հետո երկրորդ անգամ, արդեն ընտանիքով, մինչև 1954թ. կրել է սիբիրյան սառնաշունչ աքսորավայրի զրկանքներն ու սարսափները։

1968 թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, իսկ 3-րդ կուրսից ընտրել է կենսաֆիզիկայի ճյուղը[1]։

Համալսարանն ավարտելուց հետո, սպայի կոչմամբ ծառայում է խորհրդային բանակում։ Զինվորական ծառայությունից վերադառնալով զբաղվում է մասնագիտական գործունեությամբ[1]։

1985 թ. Մոսկվայում հաջողությամբ պաշտպանում է թեզը՝ ստանալով քիմիական գիտությունների թեկնածուի կոչում։

Նույն թվականից աշխատել է քիմռեակտիվների համամիութենական ինստիտուտում՝ որպես ավագ գիտաշխատող։

Համալսարանական տարիներին երգել է Հովհաննես Չեքիջյանի ուսանողական երգչախմբում։

1982-83թթ. մասնակցել է «Մարաթուկ», այնուհետև՝ «Գանձասար» համույթների ստեղծմանը՝ հանդես գալով որպես մենակատար, իսկ 1987 թ․ դարձել է «Գանձասար» ավանդական երգի-պարի համույթի ղեկավարը։

1989թ. Հայաստանի ժողգործիքների պետական անսամբլի ղեկավար Հենրի Մանգասարյանի հրավերով որպես մենակատար հանդես է եկել այդ նվագախմբում, որտեղ այն ժամանակ երգում էին Ֆլորա Մարտիրոսյանը, Լևոն Իսպիրյանն ու Ռուբեն Սահակյան:

1970-ականներից սկսած հավաքագրել է բազմաթիվ ազգային երգեր, որոնք խորհրդային ժամանակաշրջանում արգելված են եղել և հնչեցրել դրանք տարբեր առիթներով։

1988թ. նրա կատարմամբ ազգային, հայրենասիրական և ֆիդայական երգերը իբրև ռազմակոչ հնչել են Ազատության հրապարակից, Մատենադարանից, Վարդան Մամիկոնյանի արձանի պատվանդանից, ինչպես նաև հեռարձակվել հեռուստատեսությամբ։

Արցախյան ազատամարտի օրերին ընկերների հետ քիմիական գործարանում ձեռնարկել են զինամթերքի պատրաստում, որը հաճախ Սահակն ինքն էր հասցնում Արցախ: Եղել է Ստեփանակերտի, Շուշիի, Մարտունիի տարբեր ճակատներում և խրամատներում, իր հուժկու ձայնով ոգեշնչել է մարտիկներին, վարակել նրանց ֆիդայիների հերոսականությամբ և հայրենիքին նվիրվելու վճռականությամբ։ Պատերազմի տարիներին և հետո Սահակ Սահակյանի երգացանկում ավելացան երգեր արցախյան պատերազմի հերոս նահատակների՝ Մովսեսի, Թաթուլի, Շահենի և այլոց մասին, նաև իր հեղինակությամբ գրված երգեր՝ «Շահենին», «Շահումյանի ֆիդայիներին», «Լուսինը ալ կարմիր է հագել» և այլն։

Անմոռանալի է հատկապես 1992թ. Ստեփանակերտի հրապարակում նրա մենահամերգը, երբ պատերազմի թեժ պահին հոգեկան ծանր վիճակում գտնվող արցախցիները և ազատամարտիկները հորդառատ անձրևի ու զենքերի շաչյունի ներքո համառորեն մինչև վերջ կանգնած մնացին՝ ունկնդրելով նրա մարտական ոգևորող երգերը։

40 տարուց ավելի նրա շուրթերից հնչել է ազգային երգը Հայաստանում և սփյուռքում։ Համերգներով հանդես է եկել աշխարհի մոտ 30 երկրներում։

Երգել է տարբեր ժանրերում՝ ռոմանս, դասական, աշուղական, ժողովրդական, ազգային-հեղափոխական։

Թողարկել է ձայնասկավառակներ՝ «Հարատև պայքար», «Ազգային քայլերգեր», «Ընտրանի» և այլն:

1990-ականներից հանդես է եկել բազմաթիվ հարցազրույցներով և հոդվածներով՝ նվիրված հայ երգարվեստի մաքրությանը, ազգային երգերի ճշգրիտ կատարմանը։

2008 թ․ հիմնադրել է «Լուսակն» ամսագիրը և որպես խմբագիր մի քանի տարի հրատարակել այն։

2014թ. լույս տեսավ Սահակ Սահակյանի «Հայոց ազատամարտը երգերում» ինքնատիպ երգարանը, որտեղ ներկայացվում է պատմական մի մեծ ժամանակահատված՝ սկսած Ավարայրից մինչև Արցախյան ազատամարտը։ Այն ներառում է ազգային ու հեղափոխական 100 երգ և նվիրված է հայոց Մեծ եղեռնի 100-ամյակին։

Մահացել է 2024թ. ապրիլի 27-ին՝ 72 տարեկան հասակում։ Երևանի քաղաքային իշխանությունները մերժել են նրան հուղարկավորել քաղաքային պանթեոնում[2]։ Հանգչում է Շահումյանի գերեզմանատանը։

  • Հնդկաստան (1985 թ.` «Ժողովրդական կոլեկտիվ» Երվանդ Սահառունու անվ․ երգի-պարի անսամբլի կազմում)
  • Կանադա (1990 թ․՝ Համազգայինի հրավերով)
  • Ավստրալիա (1990 թ․՝ ՀՅԴ 100-ամյակին նվիրված երեկո)
  • Լիբանան (1991 թ)
  • Իտալիա (1992 թ)
  • Հունաստան (1992 թ)
  • Արցախ (1992 թ․)
  • Անգլիա (1993 թ․՝ ՀՅԴ 103-ամյակին նվիրված ձեռնարկներին)
  • Ֆրանսիա (1993 թ․՝ ՀՅԴ 103-ամյակին նվիրված ձեռնարկներին)
  • Իրան (1995 թ․՝ Հայաստանի ժողգործիքների պետական նվագախմբի կազմում)
  • Իսրայել (1996 թ․)
  • Կիպրոս (2008 թ․)
  • Նեպալ
  • Գերմանիա
  • Սիրիա
  • Քուվեյթ
  • Մոսկվա
  • Թուրքիա (2011 թ․՝ Ստամբուլի «Ֆիգարո» սրահում, Դեր¬սիմի Հայերի Միության հրավերով, համերգին ներկա էին Թուրքիայի տարբեր գավառներից ժամանած 700 ծպտյալ հայեր և այլազգիներ
  • 2008թ «Չքնեք տղաներ» խորագրով համերգը Երևանի Գ․ Սունդուկյանի անվ․ ազգային ակադեմիական թատրոնում՝ «Կարին» ավանդական երգի-պարի համույթի հետ մասին
  • 2011թ. «Ավարայրից մինչև Շուշի» խորագրով համերգը
  • Ուրուգվայ (2012 թ․ ՀՀ անկախության 94-րդ տարեդարձի առթիվ՝ ՀՕՄ-ի, ՀՄԸՄ-ի, Համազգայինի, ՀՅԴ-ի, Արմենիա երիտասարդական միության, Հայ Դատի հանձնախմբի և ՀՅԴ Վռամյան կոմիտեի նախաձեռնությամբ)
  • 2015թ. «Մենք պետք է կռվենք և ո՛չ լաց լինենք» խորագրերով համերգը
  • 2021 թ․ Կոմիտասի 130-ամյակին երգեհոնի նվագակցությամբ կատարել է Կոմիտասի մշակումները

Հրատարակություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «1937․ կյանք թե տառապանք», հոր՝ Մկրտիչ Սահակյանի հուշերը
  • «Ասք Անդրանիկ զորավարի մասին»,
  • «Հայոց Ազատամարտը երգերում», Երևան, Լուսակն, 2014
  • «Լուսակն» պատմամշակութային ամսագիր

Ձայնասկավառակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Հարատև պայքար»
  • «Ազգային քայլերգեր»
  • «Ընտրանի»

2020 թ․ մայիսի 20-ին հայ երգարվեստի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար պարգևատրվել է երախտագիտության մեդալով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ռուզան Սահակյան, «Ազգային զարթոնքի շեփորահարը», «Լուսակն» հրատարակչություն
  • Սահակ Սահակյան, «Հայոց Ազատամարտը երգերում», Երևան, «Լուսակն» հրատարակչություն, 2014