- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խոջաբեկյան (այլ կիրառումներ)
Վանո Գեորգիի Խոջաբեկյան (հունվարի 14 (26), 1875, Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] - նոյեմբերի 16, 1925(1925-11-16)[1][2], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), թիֆլիսահայ ինքնուս գծանկարիչ։
Ծնվել է 1876 թվականին Թիֆլիսում։ Սկսել է նկարել 14 տարեկանից։ 1904 թվականից սովորել է Արվեստը խրախուսող ընկերության դպրոցում՝ որը չի ավարտել։ 1916 սկսել է ցուցադրել գործերը։ 1921 թվականին այցելել է Երևան և նկարել հայ գաղթականներին։ Մահացել է 1925 թվականին Թիֆլիսում[3]։
Եղել է մանրավաճառ եղբոր աշակերտը, երկաթուղային սևագործ բանվոր, Թիֆլիսի թեյարանների, ճաշարանների, ՈՒՆԻՈՆ սրճարանի, Ռուսթավելու և փոքր թատրոնների բարապան, պահակ, նույնիսկ՝ գերեզմանափոր։ Նկարել սկսել է մանկուց։ 1904-ին ընդունվել է Թիֆլիսի Գեղարվեստերը խրախուսող կովկասյան ընկերության նկարչական դպրոցը, բայց ընտանեկան ծանր պայմանների պատճառով չի ավարտել։ 1916-ին մասնակցել է Թիֆլիսի Փառքի տաճարի (այժմ՝ Վրաստանի արվեստի թանգարան) պատկերահանդեսին։
1917-ին դարձել է Թիֆլիսի Հայ արվեստագետների միության անդամ. մասնակցել նրա ցուցահանդեսներին։ Նա հին Թիֆլիսի ժողովրդական հանդեսների ու ժողովրդական խավերի նկարիչ-տարեգիրն էր (հարսանեկան, խրախճանային և ծիսական դրվագներ, տեսարաններ կինտոների, արհեստավորների, գյուղացիների կյանքից)։ Խոջաբեկյանի կերպարները խոսում են, ունեն կենդանի նկարագիր։ Շեշտված ողբերգականությամբ են տոգորված նրա կյանքի վերջին շրջանի՝ հայ գաղթականությանը պատկերող մատիտանկարները (Գաղթականները հացի հերթում, Որբանոցի բակում, Գաղթականների պարը)։ Շրջապատող կյանքի բազմազան երևույթների բարդ հյուսվածքում Խոջաբեկյանը նշմարել ու ընդգծել է առավել էականը, այն, ինչ ցայտուն բնորոշում է պերսոնաժի (լինի հին Թիֆլիսի հարուստ թե կինտո, քելեխ ուտող, թե զուռնաչի, հարսանքավոր, թե Երևանի կամ Էջմիածնի գաղթական) և տեղական ու ազգային այլ առանձնահատկություններ։ Խոջաբեկյանի մատիտանկարները պահպանվում են Հայաստանի Պետական Պատկերասրահում, Վենետիկի Ս. Ղազար կղզու թանգարանում, Վրաստանի արվեստի, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարաններում և այլուր։
- Վանո Խոջաբեկյան վավերագրական կինոնկար 1971 ռեժ. Ջ. ժամհարյան
- Վառած լամպեր գեղարվեստական կինոնկար 1983 ռեժ. Աղասի Այվազյան
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 518.
- ↑ Ерканян В. С. Армянская культура в 1800-1917 гг. 1985
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 74)։
|