Ճյուղավոր ցողուններով և երկարավուն նշտարաձև սղոցաեզր տերևներով, 15-40 սմ բարձրությամբ միամյա խոտաբույս է։ Գագաթնային տերևների ատամիկները ավարտվում են նուրբ խոզաններով։ 6-ական անկանոն կարճակոթ ծաղիկները, որոնք օղակներով խմբված են ցողունի վրա, կազմում են երկար նոսր ողկույզների։ Պսակը, որը բաժակից ավելի քան երկու անգամ երկար է, երկնագույն-մանուշակագույն կամ սպիտակավուն երկշուրթ է։ Պսակի և բաժակի ստորին մասերը խողովակաձև են։ Բաժակի վերին շուրթը եռաբլթակ է, իսկ ստորինը՝ երկբաժան և նշտարաձև սրված ատամիկներով։ Մանր եռանիստ պտուղները շագանակագույն երկարավուն ընկուզիկներ են[1]։
Բուժական նպատակներով օգտագործում են ծաղիկներն ու կանաչ զանգվածը, որը պարունակում է դաբաղանյութեր, կումարիններ, ֆլավոնոիդներ, կարոտին, կիտրոնի հոտ ունեցող եթերային յուղ, որի կազմի մեջ մտնում են ցիտրալ, հերանիոլ և այլ տերպենային սպիրտներ։ Կիտրոնի հոտ ունեցող թարմ կամ չորացրած ծաղիկներն ու տերևները որպես համեմունք օգտագործվում են աղցանների, ապուրների, մսային և ձկնային կերակրատեսակների մեջ[1]։