Jump to content

Տաբլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տաբլա
Տեսակերաժշտական գործիքի տեսակ
Որակավորումմեմբրանոֆոն
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ211.11

Տաբլա կամ տաբլահ (հինդ. तबला), հնդկական հարվածային երաժշտական գործիք։ Հնդկական դասական երաժշտության հիմնական հարվածային գործիքն է, որը կազմված է զույգ փոքրիկ թմբուկներից։ Մեծ թմբուկը կոչվում է տաբլա կամ բայա, իսկ փոքրը՝ դագգա կամ դայնա։

Տաբլան օգտագործվում է վոկալ և գործիքային, ֆոլկլորային և հանրամատչելի երաժշտությունների մեջ, ինչպես նաև հնդկական դասական պարի (կատհակ)` ուղեկցությամբ։

Անվանումը վերցված է պարսկերենից, որն իր հերթին ծագել է արաբերեն տաբլ (թմբուկ) բառից։ Արաբերեն այդ բառը կապ ունի արամեերեն տբել և տաբլա բառերի հետ, որոնք ունեն նույն իմաստը։ Արաբերեն և արամեերեն բառերը ենթադրվում է, որ կապված են աքքադերեն տապալու բառի հետ։

Կոնկրետ տեղեկություններ տաբլայի ծագման վերաբերյալ` չկան։ Հավանաբար ժամանակակից տաբլաների և նրանց վրա նվագելու տեխնիկան ձևավորվել է հյուսիսային Հնդկաստանի երաժշտական մշակույթում, որի հիմքերում ընկած են հնդկական և պարսկական երաժշտական ավանդույթները։

Որոշ հետազոտողներ կարծում են, որ տաբլային նախորդել են զույգ թմբուկները, որոնց պատկերներն առկա են հինավուրց քանդակներում։ Ըստ ամերիկացի հետազոտող Ռեբեկա Ստյուարտի, տաբլան հնարավոր է, որ ծագած լինի այնպիսի հարվածային գործիքների փորձարարությունների արդյունքում, ինչպիսին են հնդկական պակհավաջը և մրիդանգան, դհոլակը կամ դհոլը, ինչպես նաև զույգ թմբուկներով նաղարան։

Տաբլայի հնդկական բնույթներից մեկն այն է, որ մեմբրանի կենտրոնական մասը պատվում է հատուկ քսուքով, որն ազդում է ձայնի հնչերանգի վրա։ Ի դեպ, տաբլայի մեծ և փոքր թմբուկները միմյանցից տարբերվում են ոչ միայն չափսերով, այլ նաև հնչերանգով։

Ավանդույթի համաձայն տաբլայի ստեղծումը վերագրում են պարսիկ բանաստեղծ, գիտնական և երաժիշտ Ամիր Խոսրով Դեհլևիին (1253-1325 թթ.), սակայն նրա աշխատություններում այս գործիքի վերաբերյալ հիշատակումներ չկան։

Համաձայն լեգենդի, տաբլան առաջացել է Մեծ Մողոլների դինաստիայի փադիշահ Աքբար Մեծի օրոք։ Այն ժամանակ ապրում էին երկու հայտնի պակհավաջ նվագողներ։ Երբ նրանք մրցել են միմյանց հետ, նրանցից մեկը պարտվել է և վշտի ու զայրույթի պահին իր պակհավաջը հարվածել է գետնին, որն էլ կիսվել է երկու մասի՝ վերածվելով տաբլայի։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տաբլա» հոդվածին։