Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/556

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րում։ Պահպանելով ազգային միասնական ոճը՝ ամեն մի դպրոց զարգացրել է Ա–յան իր ձևերն ու տեսակները։ Հայտնի էին նաև առանձին քաղաքների անունները կրող ասեղնագործություններ՝ Վանի, Մարաշի, Այնթապի, Կարինի, Տարսոնի ևն։ Տարածված զարդակարերից են՝ շարակարը (շուլալկար), շյուղակարը (ցողունակար), հարթակարը (լիցք, ուռուցիկ, համրովի, կոթ–ասեղ, գծային), շղթայակարը, խաչկարը, խաչմերուկ կարը, կողքակարը, օղակարը, թելքաշները ևն։ Մարաշի կարերից մեկը՝ հյուսված կարը, գաղտնակար է, հազվադեպ է և մնացել է մարաշցիների սեփականությունը։

XIX դ. 2-րդ կեսին տարբեր երկրներում բացվեցին Ա. արտահանող ձեռնարկություններ։ Չդիմանալով մեքենական Ա–յան մրցակցությանը՝ ժող. Ա. անկում ապրեց, աստիճանաբար զրկվեց գեղարվեստական իր ավանդույթներից և այլասերվեց՝ նմանվելով ֆաբրիկայի օրինակներին։ Ժող. Ա. ծաղկում ապրեց ՍՍՀՄ–ում և սոցիալիզմի երկրներում, ուր կոմբինատներում միավորված վարպետների հետ աշխատանքի են հրավիրվում նաև նկարիչներ։ Ժող. Ա–յան վերածնունդը բարերար ազդեցություն ունեցավ նաև մեքենական Ա–յան գեղարվեստական որակի վրա և հակառակը։ Սովետական Հայաստանում վերականգնվել են հայկական Ա–յան ավանդույթները։ Հայկական Ա–յան ուսումնասիրությամբ զբաղվում է ՀՍՍՀ ԳԱ արվեստի ինստ–ը, ստեղծագործական աշխատանքներ կատարվում են ՀՍՍՀ ժող. ստեղծագործության հանրապետական տանը, Երևանի Ղ. Ղուկասյանի անվ. պիոներների պալատում, Երևանի և Լենինականի գեղարվեստա–տեխնիկական ուսումնարաններում։

Պատկերազարդումը տես աղ. XXIV, 384–85 էջերի միջև՝ ներդիրում։

Գրկ. Դավթյան Ս., Ասեղնագործության ձեռնարկ, 2 լրց. հրտ., Ե., 1963։ Նույնի, Հայկական ասեղնագործություն, Ե., 1972։ Работкова И. П., Яковлева В. Я., Русская народная вышивка, М., 1957; Верховская А. С., Западноевропейская вышивка XII-XIX веков в Эрмитаже, Л., 1961. Ս. Դավթյան

ԱՍԵՂՆԱՔԱՄԻՉ, խողովակաձև սարք (սովորաբար 40–70 մմ տրամագծով) շինարարական աշխատանքների ժամանակ գետնաջրերի մակարդակը իջեցնելու համար։ Ա–ի ստորին ծայրին գտնվող քամիչը ծառայում է որպես խողովակավոր «ջրհոր» և գետնի մեջ է ընկղմվում ողողման միջոցով։ Ա–ի խողովակները հաղորդակցվում են հավաքման խողովակի հետ, որը միացված է ներծծող պոմպին։ Ա–ները տեղադրվում են շատ արագ և ունեն ջրաիջեցման մեծ արդյունավետություն։


ԱՍԵՍՈՐ (լատ. assessor - դատավորի օգնական, ատենակալ), 1. Հին Հռոմում, միջնադարյան Եվրոպայի և արդի բուրժուական մի շարք պետություններում դատական իշխանությամբ օժտված պաշտոնատար անձ։ 2. Նախահեղափոխական Ռուսաստանում կոլեգիական Ա. 8-րդ դասի քաղաքացիական աստիճան էր։


ԱՍԵՐԳ, ռեչիտատիվ, վոկալ երաժշտության տեսակ, որ մոտիկ է երգեցիկ արտասանությանը։ Հատկանիշներն են՝ գրական տեքստի ամեն մի վանկի կատարումը մեծ մասամբ երաժշտական մեկ հնչյունով, կանոնավոր չափի բացակայությունը, ռիթմի համեմատական ազատությունը, բառային և իմաստային շեշտերի խստիվ պահպանումը։ Ա–ում առատորեն օգտագործվում են արտասանության ինտոնացիաներն ու հուզական երանգները։ Միավորելով խոսքի և երգի հատկանիշները՝ Ա. գեղարվեստական արտահայտչության զորեղ միջոց է։ Ա–ի զանազան տեսակները տեղ են գտել ժողովրդական, գլխավորապես՝ վիպական–պատմողական երգերում, հոգևոր երգարվեստում և աշխարհիկ պրոֆեսիոնալ երաժշտության մեջ՝ օպերայում, կանտատում, օրատորիայում, երբեմն՝ ռոմանսում ևն։ Մեղեդիապես զարգացած Ա. բնորոշ է արիոզոյին։ Վոկալ երաժշտության նմանողությամբ ասերգային տիպի առանձին հատվածներ կիրառվում են նաև գործիքային երաժշտության մեջ (օրինաև՝ Բեթհովենի 17 և 31-րդ սոնատներում, 9-րդ սիմֆոնիայում)։ Հայ ժողովրդական, գուսանա–աշուղական և հոգևոր երգերում հնագույն ժամանակներից կիրառվում են բուն Ա. կամ ասերգային ոճը (թվելյաց երգերը, «Սասունցի Դավիթ» էպոսի երգվող հատվածների զգալի մասը, եկեղեցական փոխը, ավետարանի ընթերցումը, սաղմոսերգությունը ևն)։ Տես նաև Թվերգ։ Ռ. Աթայան


ԱՍԹԵՆՈՍՖԵՐԱ (<հուն. άσθενής–թույլ, σφαίρα – ոլորտ), Գուտենբերգի շերտ, ալիքատար, ցածր կարծրության միջնախավ Երկրի մանթիայի վերին մասում, սովորաբար 50–200 կմ խորությունների վրա։ Ենթադրվում է, որ Ա. որպես մագմատիկական օջախների սնման և ենթակեղևային նյութի տեղաշարժման մարզ, կարևոր դեր է խաղում տեկտոնական և մագմատիկական պրոցեսներում։ Անդրկովկասի լեռնային շրջաններում Ա. գտնվում է 70–100 կմ խորությունների վրա։


ԱՍԻԱ (հուն, Αςία, հավանորեն ասուրական ասու – արևելք, արևածագ բառից), ամենամեծ աշխարհամասը, Եվրասիա մայր ցամաքի մասը։ Հնում հույները, ապա հռոմեացիները «Ա.» ասելով հասկանում էին միայն Փոքր Ասիա թերակղզին։ Հետագայում նրա անունը տարածվեց ամբողջ աշխարհամասի վրա։

Ընդհանուր տեղեկություններ։ Ա. գտնվում է Հս. կիսագնդի (բացառությամբ մալայան արշիպելագի հվ. մասի) աշխարհագրական բոլոր գոտիներում։ Ողողվում է չորս օվկիանոսներով և նրանց ծովերով։ Ա–ի մայրցամաքային ծայրակետերն են՝ հս–ում Չելյուսկին հրվանդանը (հս. լ. 77°43՛), հվ–ում Պիայ հրվանդանը (հս. լ. 1°16՛), արմ–ում Բաբա հրվանդանը (արլ. երկայնության 26°10՛)) արլ–ում Դեժնևի հրվանդանը (արմ. երկայնության 169°40՛)։ Սահմանների գերակշռող մասը ծովային է։ Ցամաքային սահման ունի Եվրոպայի և Աֆրիկայի հետ։ Եվրոպայի հետ սահմանը պայմանական է, անցնում է Ուրալյան լեռների արլ. ստորոտներով, էմբա, Մանիչ գետերով, Սև, Մարմարա և Էգեյան ծովերով։ Սուեզի պարանոցով միացած է Աֆրիկային (Սուեզի ջրանցքը պայմանական սահման է)։ Օվկիանոսներն ու ծովերը, խոր մտնելով ցամաքի մեջ, առաջացրել են Փոքր Ասիա, Արաբական, Հնդստան, Հնդկաչին (Մալակկայի հետ), Կորեական, Կամչատկա, Չուկոտի, Թայմիր և Յամալ զանգվածային թերակղզիները։ Ա–ին են պատկանում Հյուսիսային երկիր, Նորսիբիրական, Վրանգելի, Կուրիլյան, Սախալին, Ճապոնական, Ռյուկյու, Տայվան, Հայնան, Մալայան արշիպելագ, Անդամանյան, Ցեյլոն, Կիպրոս և այլ կղզիախմբերն ու կղզիները։ Տարածությունը 43,4 մլն. կմ² է (երկրագնդի ամբողջ ցամաքի 30%-ը), որից մոտ 8 մլն. կմ² թերակղզիներն են, ավելի քան 2 մլն. կմ² կղզիները։

Ա. երկրագնդի ամենազանգվածային և բարձրադիր մասն է։ Բնորոշ են լեռնագրական առանձին խոշոր միավորներն ու հսկայական տարածությունների վրա լանդշաֆտների միատեսակությունը։ Ա–ում են գտնվում աշխարհի ամենաբարձր և ձգված լեռնաշղթաները (Հիմալայներ), ամենաբարձր լեռնագագաթը (Ջոմոլունգմա, 8848 մ), ցամաքի ամենախոր իջվածքները (Բայկալ լիճ, 1620 մ, Մեռյալ ծով, 392 մ), անապատային գոգավորությունները (Տուրֆան, 154 մ)։ Նրա արլ. ափերի մոտ են համաշխարհային օվկիանոսի ամենախոր իջվածքները (Կուրիլա–Կամչատկյան, Մարիանյան, Ֆիլիպինյան)։ Ա–ի մեծ ձգվածությունը հս–ից հվ. (մոտ 10 հզ. կմ) և արմ–ից արլ. (մոտ 18,5 հզ.կմ) պայմանավորել է նրա բնական պայմանների բազմազանությունը մյուս աշխարհամասերի համեմատությամբ։ Այստեղ հանդիպում են հորիզոնական լանդշաֆտային զոնաների և ուղղաձիգ գոտիների բոլոր տիպերը։ Աշխարհագրական գրականության մեջ ընդունված է Ա. բաժանել Հյուսիսային Ա–ի (Սիբիր և մայր ցամաքի ծայր հս–արլ.), Արևելյան Ա–ի (սովետական Հեռավոր Արևելքի մայրցամաքային Մասի հվ., Հյուսիս–Արևելյան և Արևելյան Չինաստան, Կորեական թերակղզի, ճապոնական և Ռյուկյու կղզիներ), Կենտրոնական Ա–ի (Տիբեթ, Ջունգարիա, Կաշգարիա, Ներքին Մոնղոլիա, ՄԺՀ), Միջին Ա–ի (Թուրանի դաշտավայր, Պամիր, Տյան–Շան), Հարավային Ա–ի (Մալայան արշիպելագ, Հնդստան և Հնդկաչին թերակղզիներ, Հիմալայներ, Ինդոս–Գանգեսի դաշտավայր), Արևմտյան Ա–ի (Փոքր Ասիա թերակղզի, Հայկական և Իրանական բարձրավանդակներ, Լևանտ, Արաբական թերակղզի)։

Քարտեզը տես 552 էջից հետո՝ ներդիրում։

Ռելիեֆը։ Ա–ի ռելիեֆում գերակշռում են լեռներն ու սարահարթերը (տարածության մոտ 3/4), որոնցից առավել բարձրերը գտնվում են Միջին և Կենտրոնական Ա–ում։ Տիբեթում, Տյան–Շանում և Պամիրում սարահարթերի բարձրությունը հասնում է 4000–4500 մ, իսկ Միջին Ա–ում մի շարք լեռնաշղթաներ անցնում են 7000 մ–ից։ Ա–ի խոշորագույն լեռնային համակարգերը ձգվում են երկու գուոիով։ Նրանցից մեկը սկսվում է արմ–ից, տարածվում լայնական ուղղությամբ և ընդգրկում Առաջավոր Ա–ի բարձրավանդակները (Փոքրասիական, Հայկական, Իրանական),