Jump to content

Գրողների վաշտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրողների վաշտ
Ընդհանուր տեղեկություն
Զորքերի տեսակհետևազոր
Երկիր ԽՍՀՄ
Ստեղծվեց1941

Գրողների վաշտ (ռուս.՝ Писательская рота), Կարմիր բանակի ստորաբաժանում, որը ձևավորվել է մոսկովյան աշխարհազորայիններից 1941 թվականին։ Գրողների վաշտում ծառայել են առավելապես պրոֆեսիոնալ գրական գործիչներ, Խորհրդային գրողների միության անդամներ։ Գրողներից են կազմված եղել Մոսկվայի ժողովրդական աշխարհազորի 8-րդ Կրասնոպրեսնենսկի դիվիզիան 22-րդ հրաձգային գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտը, ավելի քիչ՝ 2-րդ վաշտը[1]։ Գրական գործիչների զորակոչի հարցերով զբաղվել է այդ նպատակով ձևավորված Գրողների միության պաշտպանական հանձնաժողովը[2]։

Գրողների կենտրոնական տան պատին տեղադրված հուշատախտակի վրա նշված անունների մոտ կեսը պատկանում են գրողների վաշտերի մարտիկներին։ Նրանց մեծ մասը զոհվել է 1941 թվականի հոկտեմբերին Մոսկվայի համար մղված ճակատամարտում[1]։

Ձևավորման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

8-րդ հրաձգային դիվիզիան ձևավորվել է 1941 թվականի հուլիսի-ին «Ժողովրդական աշխարհազորայինների դիվիզիաների կազմում Մոսկվայի և Մոսկվայի մարզի աշխատավորների կամավոր մոբիլիզացիայի մասին» թիվ 10 որոշման համաձայն։ Դիվիզիայում գրանցումը կատարվել է զուտ կամավոր[3]։ Բացի գրողների միության անդամներից, դիվիզիայի կազմում ընդգրկվել են նաև Մոսկվայի պետական համալսարանի աշխատակիցներն ու ուսանողները։ Առաջին շաբաթվա ընթացքում նրա շարքերը համալրել է 1065 մարդ՝ 213 մաթեմատիկոսներ և մեխանիկներ, 163 պատմաբան, 158 ֆիզիկոս, 155 աշխարհագրագետ, 148 քիմիկոս, 138 կենսաբան, 90 երկրաբան։ 24 մարդ ունեցել է պրոֆեսորի կոչում և գիտությունների դոկտորի աստիճան։ Աշխարհազորայինների կազմում ընդգրկվել են նաև երաժշտական և թատերական մասնագիտությունների ներկայացուցիչներ[4]։

Նույն կոլեկտիվի աշխատակիցներին փորձել են ուղարկել նույն ստորաբաժանում, ինչը նպաստել է նրանց մարտական ներդաշնակվածության բարձրացմանը։ Այսպես հայտնվել են «գիտնականների», «գրողների» վաշտերը, իսկ երաժիշտները ձևավորել են «Չայկովսկու անվան գումարտակը»։ Ընդ որում, նույն ստորաբաժանումում ծառայել են տարբեր տարիքի մարտիկներ, որոնցից ավագներն ունեցել են մարտական փորձ, որը ստացել էին քաղաքացիական և խորհրդա-ֆիննական պատերազմում։ Մարտիկների մի մասն ունեցել է Կարմիր բանակում ծառայելու փորձ կամ հրաձգային խմբակներում սովորել է զենքի օգտագործման կանոնները, բայց շատերը զուտ քաղաքացիական անձինք էին, այդ թվում՝ առողջական վիճակի պատճառով բանակ չզորակոչված[4]։

Առանձին խնդիր էր նյութական ապահովումը, որը մասնակիորեն իրականացվում էր Կրասնոպրեսնենսկի շրջանի ձեռնարկությունների հաշվին[4], իսկ երբեմն նաև մարտիկների անձնական նախաձեռնությամբ[1]։ 1941 թվականի հուլիսին դիվիզիայի մարտիկների ընդհանուր թիվը հասել է 7000-ի։ Մոսկվայի ռազմական օկրուգի հրամանատարի հրամանով հուլիսի կեսերին նրանք դուրս են եկել Մոսկվայից և կենտրոնացել են քաղաքից 30 կմ հեռավորության վրա՝ Նիկոլո-Ուրյուպինոյի և Բուզլանովոյի շրջաններում[4]։

Վաշտի կազմավորումն ու ռազմաճակատ ուղարկելը հետևյալ կերպ է նկարագրել այդ իրադարձությունների ականատես, խորհրդային հայտնի բանաստեղծուհի Մարինա Ցվետաևան[5]

Հուլիսի 11-ին ռազմաճակատ գնաց Մոսկվայի աշխարհազորը, գնաց նաև գրողների վաշտը։ Ես տեսա այդ կամավորների վաշտը, նա անցավ Ապստամբության հրապարակով դեպի կենդանաբանական այգի, դեպի Կրասնայա Պրեսնա փողոց, դա մի տխուր ու ճմշող տեսարան էր․ այնպիսի ոչ կռվասիրություն։ Մեջքները կորացած, գրեթե բոլորը ակնոցավոր, սպիտակ տոմսավորներ, որոնք առողջական կամ տարիքի պատճառով ազատվել են զինվորական ծառայությունից, գնում էին ոչ թե զինվորական կարգով, այլ ինչ-որ քաղաքացիական շարասյունով…

Մարինա Ցվետաևա

Դիվիզիան հիմնական մարտերը վարել է 1941 թվականի հոկտեմբերի 6-ին և 7-ին Ելնյայում։ Շրջապատման մեջ ընկնելու վտանգից հետո նահանջելու հրաման չի ստացել և կտրվել է հիմնական ուժերից։ Կորուստները կազմել են կազմի կեսից ավելին, շատերը հայտնվել են անհայտ կորածների ցուցակում։ Մնացածները կարողացել են անցնել ճակատային գիծը և միանալ իրենց զորքերին կամ միացել են պարտիզանական ջոկատներին։ 1941 թվականի նոյեմբերի վերջին դիվիզիան պաշտոնապես կազմալուծվել է[6]։

Գրական վաշտերի կազմում ընդգրկված գրական գործիչների ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրողների վաշտի կազմը ներկայացվում է ըստ Բորիս Ռունինի[1].

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Рунин Б. Писательская рота // Новый мир : журнал. — 1985. — № 3.
  2. Рунин, 1995, էջ 17
  3. Սակայն Ռունինը «Իմ շրջապատը» (ռուս.՝ «Моё окружение») հուշերում հիշում է, որ դա միշտ չէ, որ այդպես է եղել. որոշ գաղթական գրողների (Վիներ, Ֆոնյո) համոզել են ընդգրկվել աշխարհազորայինների կազմում՝ սպառնալով հեռացնել Գրողների միությունից։
  4. 4,0 4,1 4,2 4,3 «По зову сердца». Батальон им. Чайковского и писательская рота 8-й Краснопресненской ДНО. | О великой Победе и великой войне — из первых рук
  5. Вячеслав Демидов. Безмерность Марины Արխիվացված 2021-04-20 Wayback Machine.
  6. «Бойцы 8-й Краснопресненской дивизии народного ополчения - фото | Военный альбом 1939, 1940, 1941-1945». waralbum.ru. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
  7. Писательская рота и её политрук

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Рунин Б. М. Мое окружение. Записки случайно уцелевшего. — М.: Возвращение, 1995. — 224 с.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]