Լենինսկիե Գորկի
Լենինսկիե Գորկի, ավան Մոսկվայի մարզի Լենինյան շրջանում, Մոսկվայից 35 կմ հարավ-արևելք, Պախրա գետի ափին։
Լենինսկիե Գորկիի հետ է կապված Վլադիմիր Լենինի գործունեության վերջին շրջանը։ Առաջին անգամ նա այդտեղ առողջությունը վերականգնելու է եկել 1918 թվականի օգոստոսի 30-ին՝ նրա դեմ մահափորձից հետո։ Այնուհետն նա հաճախ հանգստացել է Գորկիում, իսկ 1923 թվականի մայիսի 15-ից՝ մշտապես բնակվել։ Վլադիմիր Լենինը Լենինսկիե Գորկիում գրել է կյանքի վերջին շրջանի աշխատությունների մեծ մասը, նախապատրաստվել կուսակցության 10, Սովետների 8 և 9 համագումարներին, Կոմինտերնի 3 կոնգրեսին։ Լենինսկիե Գորկիում 1924 թվականի հունվարի 21-ին, ժամը 18 անց 50 րոպեին վախճանվել է Վլադիմիր Լենինը։ ԽՄԿԿ ԿԿ-ի որոշմամբ, Լենինսկիե Գորկիում 1949 թ.-ին բացվել է Վլադիմիր Լենինի տուն-թանգարանը, որի առջև 1958 թվականին դրվել է «Առաջնորդի մահը»։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 179)։ |