Տրայանոսի սյուն
Տրայանոսի սյուն | |
---|---|
Տրայանոսի սյունը | |
Տեսակ | հաղթանակի սյուն և հնագիտական հուշարձան |
Քանդակագործ | անհայտ[1] |
Ճարտարապետ | Ապոլլոդորոս Դամասկոսցի |
Ստեղծում | 113[1] |
Երկիր | Իտալիա |
Քաղաք | Տրայանոսի հրապարակ |
Բնակավայր | Հռոմ |
Նյութ | մարմար |
Պատվիրատու | Տրայանոս |
կայք | |
Trajan's Column Վիքիպահեստում |
Տրայանոսի սյուն (իտալ.՝ Colonna Traiana, լատին․՝ COLVMNA·TRAIANI), պատմական սյուն Հռոմում։ Կառուցվել է Ք․ հ․ 113 թվականին ճարտարապետ Ապոլլոդորոս Դամասկոսցու նախագծով՝ ի նշանավորումն դակերի նկատմամբ Տրայանոսի տարած հաղթանակի։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառուցված է Կարարայի մարմարից։ Ունի 38 մ բարձրություն, 3,6 մ տրամագիծ ներքևի հատվածում։ Սյան ներսում կա պարույրաձև սանդուղք՝ 185 աստիճաններով, որոնք տանում են խոյակի հրապարակ։ Սյունը բաղկացած է մարմարե 20 հսկա թմբուկներից, որոնցից յուրաքանչյուրը մոտ 32 տ է կշռում[2]։ Սյան առանցքի շուրջ 23 անգամ պտտվում է 190 մ երկարությամբ ժապավենաձև մասը, որի վրա պատկերված են հռոմեացիների և դակերի կռվի տեսարաններ։ Հին մետաղադրամներից ենթադրվել է, որ սկզբում սյան գլխին եղել է արծվի, ապա Տրայանոսի քանդակը[3]։ 1588 թվականին Հռոմի Սիքստ V պապը քանդակը փոխարինել է տվել Պետրոս առաքյալի քանդակով (քանդակագործներ՝ Լեոնարդո Սորմանի և Տոմազո Պորտա), որը մինչ օրս գտնվում է սյան վրա[4]։
Սյան հիմքի մոտ կա դուռ, որը տանում է սրահ, ուր ոսկե սափորների մեջ պահվել են Տրայանոսի և իր կնոջ աճյունների մոխիրը։
1162 թվականին օրենք է հռչակվել, համաձայն որի՝ ցանկացած մարդ, ով կվնասի Տրայանոսի սյունը, կարժանանա մահապատժի։
Պատկերներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սյունը հիշատակումն է դակերի դեմ մղված երկու պատերազմների (101—102 թթ․ և 105—106 թթ․)։ Պատերազմներին նվիրված հատվածները բաժանված են վահանի վրա գրող Նիկեի թևավոր պատկերով՝ շրջապատված հաղթողի գավաթներով ու խորհրդանիշերով։ Պատկերված են հիմնականում հռոմեական զորքի գործողությունները՝ առաջխաղացումը, ամրությունների կառուցումը, անցումները գետով, ճակատամարտերը։ Սյան վրա ընդհանուր առմամբ մարդկային 2500 կերպարանք կա։ Տրայանոսը ներկայացված է 59 անգամ։ Բացի հաղթանակի պատկերից՝ սյան վրա առկա են այլաբանական այլ պատկերներ ևս․ Դանուբը պատկերված է ազդեցիկ ծերունու, իսկ գիշերը՝ քողազարդ կնոջ տեսքով։
Առանձին կերպարներ շատ բնական են պատկերված։ Սյան պատկերները պատմական անփոխարինելի արժեք են ներկայացնում ժամանակի զենքերը, սովորույթները, հագուստը ուսումնասիրելու տեսանկյունից։ Առջևի և հետին պլաններում պատկերված մարդկային կերպարանքները չեն տարբերվում հստակությամբ և չափերով։
-
Հռոմեական լեգեոներները մարտական «կրիա» դասավորությամբ
-
Ճակատամարտ դակերի դեմ
-
Դակերի թեփուկաձև զրահը
-
Հռոմեացի լեռնականներ
Պատվանդանի տեքստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հռոմեական գիր հասկացությունը սերտորեն առնչվում է Տրայանոսի սյան պատվանդանին փորագրված տեքստին․
"senatvs popvlvsqve romanvs imp. caesari divi nervae f. nervae traiano avg. germ. dacico pontif. maximo trib. pot. XVII imp. VI cos VI p.p. ad declarandvm qvantae altivdinis mons et locvs tant ibvs sit egestvs" (հռոմեական գրի վաղ շրջանում «J и U» տառերը փոխարինվել են «I и V» գրերով)։
«Սենատը և Հռոմի ժողովուրդը [կանգնեցրել են այս սյունը] աստվածային կայսր Տրայանոսի պատվին, որպեսզի պարզ լինի, թե ինչ բարձրության բլուր է հիմնահատակ արվել, որ տեղ ազատվի կարևոր նշանակության այս կառույցի խոյացման համար»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սյանը նվիրված կայքէջ Արխիվացված 2009-08-03 Wayback Machine
- Տրայանոսի սյան հանելուկը Արխիվացված 2011-09-10 Wayback Machine
- Տրայանոսի սյան նկարագրությունը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրայանոսի սյուն» հոդվածին։ |
|
|